EN | AM

30 կամավոր օգնել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի՝ առաջնային օգնության բաշխման և վերահսկման աշխատանքներին


28.04.2020
Կամավորների արագ մոբիլիզացիան և սահմանված ու հավելյալ աշխատանքներ կատարելու պատրաստակամությունը անգնահատելի է:

 ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կորոնավիրուսի դեմ պայքարի նախաձեռնություններին, հատկապես` խոցելի խմբերին առաջնային օգնության տրամադրման աշխատանքներին, միացել էին նաև ՄԱԶԾ-ի տարբեր ծրագրերում ընդգրկված 30 երիտասարդներ ու կանայք, ովքեր իրենց՝ ավելի քան 25 բնակավայրերում, կամավոր հիմունքներով աջակցել են բաշխման և վերահսկման աշխատանքներին։ Կամավորները նաև պատրաստել են հակիրճ նյութեր դաշտային աշխատանքի և իրենց փորձի վերաբերյալ։

Մինչև գործընթացի մեկնարկը, կամավորները ստացել են անհատական պաշտպանության միջոցներ և մասնակցել առցանց դասընթացի, որը նպատակ ուներ նրանց ծանոթացնել բաշխման ամբողջ ընթացքին և անվտանգության կանոններին, որոնք ուղղված էին վարակից պաշտպանվելուն ու վարակի տարածման ռիսկերը նվազեցնելուն:

        

Հարկ է նշել, որ կամավորների արագ մոբիլիզացիան և սահմանված ու հավելյալ աշխատանքներ կատարելու պատրաստակամությունը անգնահատելի էր։ Այս համագործակցությունը ևս մեկ անգամ փաստեց, որ մենք ունենք հուսալի գործընկերներ համայնքներում, ովքեր որդեգրել են թափանցիկ ու հաշվետվողական աշխատելոճ և առաջնորդվում են «ոչ մեկին հետևում չթողնելու» սկզբունքով:

    

Կամավորները հանդիսանում են «Կանայք և երիտասարդները նորարար զարգացման գործընթացներում», «Ինտեգրված աջակցություն գյուղական զարգացմանը․ համայնքների դիմակայունության ամրապնդում» և «Մարդկային անվտանգության բարելավումը Հայաստանի համայնքներում» ծրագրերի շահառուները։ Ծրագրերը համապատասխանաբար ֆինանսավորվում են Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության, Ռուսաստանի Դաշնության կառավարության, և ՄԱԿ-ի մարդկային անվտանգության հիմնադրամի կողմից, որի ֆինանսավորմամբ ծրագիրն իրականացվում է ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության, Միգրացիայի միջազգային կազմակերպության, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և Պարենի համաշխարհային ծրագրի կողմից։