EN | AM

ՀՀ Մարդու իրավունքների գործողությունների ազգային ծրագիր

Սույն թվականի փետրվարի 26-27-ը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել է երկրորդ աշխատաժողովը Հայաստանում Մարդու իրավունքների ոլորտում գործողությունների ազգային ծրագրի իրականացման վերաբերյալ: Երկօրյա աշխատաժողովը համախմբեց ՀՀ պետական մարմինների, Ազգային ժողովի, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, միջազգային եւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներին` քննարկելու Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության համակարգված իրականացման արձանագրած առաջընթացը, մարտահրավերները և հետագա քայլերը:

ՄԱԿ-ի մշտական համակարգող և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն և ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը դիմեցին աշխատաժողովի մասնակիցներին` ընդգծելով նման նախաձեռնությունների կարևորությունը, որոնք նոր հորիզոններ են բացում ինչպես մարդու իրավունքների հիմնահարցերի լայն շրջանակի, այնպես էլ գործողությունների համատեղ իրականացման նպատակով անհրաժեշտ հանձնառությունների շուրջ արդյունավետ երկխոսության համար:

«Ես հորդորում եմ բոլորին որքան հնարավոր է հետևողական լինել Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործողությունների ծրագրի իրականացման գործում և կոչ եմ անում ծրագիրը պաշտպանելուց ու ծրագրելուց զատ միասին անցնել կոնկրետ և չափելի գործողությունների», - ասաց պրն. Բուզետտոն: Նա իր բացման խոսքում նաև նշեց մի քանի կարևորագույն ոլորտներ և կոչ արեց արագացված գործողություններ ձեռնարկել` ստեղծելու անհրաժեշտ մեխանիզմներ խոշտանգումները վերացնելու, խտրականության և ընտանեկան բռնության դեմ առանձին օրենքներ ընդունելու և այլ հրատապ գործողությունների համար:

«Մարդու իրավունքների պաշտպանությունը այն կենսական երաշխիքն է, որ մշտապես բարելավման ու ինստիտուցիոնալացման կարիք ունի: ՀՀ կառավարությունը կապահովի Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլերի արդյունավետությունը», - նշեց արդարադատության նախարարը: Նա նաև կարևորեց մարդու իրավունքների խթանման ոլորտում միջազգային և տեղական գործընկերների հետ համագործակցությունը:

Արձանագրված առաջընթացի, մարտահրավերների ու Մարդու իրավունքների պաշտպանության գործողությունների ծրագրի 119 միջոցառումների իրականացման արդյունքում քաղած դասերի վերաբերյալ հագեցած քննարկմանը զուգահեռ, տեղի ունեցան խմբային քննարկումներ և առաջ քաշվեց առաջարկությունների փաթեթ`առանձնահատուկ ուշադրություն դարձնելով ինչպես մշտադիտարկման և գնահատման շրջանակների, այնպես էլ փաստաթղթի հրապարակայնության վրա:

Կառավարության և քաղաքացիական հասարակության միջև երկօրյա երկխոսությունը` միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ, և աշխատանքային խմբերի քննարկման արդյունքները հիմք կհանդիսանան Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործողությունների հաջորդ ծրագրի նախագծման համար:

Ամփոփելով երկօրյա աշխատաժողովը`զրուցակիցները ևս մեկ անգամ ընդգծեցին նախաձեռնության կարևորությունը և նշեցին, որ չնայած Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործողությունների ծրագրի իրականացման առկա առաջընթացին` այն շարունակում է մնալ որպես կենդանի փաստաթուղթ` միջավայր ապահովելով հասնել ավելի չափելի արդյունքների: