EN | AM

ՈՒԵՖԱ-ն և ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը համագործակցում են հանուն փախստականների

Այս շաբաթ Համագործակցության արձանագրություն ստորագրվեց ՈՒԵՖԱ-ի՝ եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության և ՄԱԿ ՓԳՀ-ի՝ ՄԱԿ-ի Փախստականների գործակալության միջև՝ փախստականների համար սպորտի հասանելիությանն աջակցման և սոցիալական ներառման ընդլայնման նպատակով։

Արձանագրությամբ երկու կազմակերպությունները պարտավորվում են փախստականների և բռնի տեղահանված անձանց սատարելու նպատակով երկարաժամկետ նախաձեռնություններ ստեղծել՝ օգտագործելով ֆուտբոլի վերափոխիչ ուժը նրանց իրավունքների պաշտպանության և հյուրընկալող համայնքներում նրանց ինտեգրումն ամրապնդելու համար։

Համագործակցությունը, միևնույն ժամանակ, կաշխուժացնի ՈՒԵՖԱ-ին անդամակցող ասոցիացիաների և ՄԱԿ ՓԳՀ-ի Եվրոպայում տեղակայված գրասենյակների միջև մնայուն գործընկերային հարաբերությունները։

«Անկախ նրանից, թե որտեղ եմ ճամփորդում, լինի ՄԱԿ ՓԳՀ, թե փախստականների ճամբարներ, բնակավայրեր, քաղաքներ ու գյուղեր, ամենուրեք ականատես եմ դառնում ֆուտբոլի՝ մարդկանց մեկ, համընդհանուր կրքի շուրջ համախմբելու բացառիկ կարողությանը։ ՈՒԵՖԱ-ի հետ մեր համագործակցությամբ հուսով ենք, որ կկարողանանք ֆուտբոլի ուժի շնորհիվ կապեր ստեղծել տեղահանված անձանց և նրանց հյուրընկալող համայնքների հետ», - նշեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար՝ Ֆիլիպպո Գրանդին։ «Սպորտը փախստական երեխաներին և երիտասարդներին ներառվելու հնարավորություն է տալիս, այն նաև կյանքերը վերակերտելու և դրական արժեքներ հաղորդելու վերափոխիչ ուժ ունի», - ավելացրեց նա։

ՈՒԵՖԱ-ի նախագահ՝ Ալեքսանդր Չեֆերինի խոսքով, Համագործակցության արձանագրությունը «ազդեցիկ միջոց է, որը կօգնի ֆուտբոլի՝ որպես փախստականների կայուն, սոցիալական ներառումը խթանելու և սոցիալական համախմբվածությունը խթանելու հզոր գործիք, հետագա զարգացմանը։ ՄԱԿ ՓԳՀ-ի հետ գործընկերությունը լրացնում է ՈՒԵՖԱ-ի կողմից արդեն իսկ իրականացվող ծավալուն աշխատանքը, այդ թվում՝ ՈՒԵՖԱ-ի մանկական հիմնադրամի նախաձեռնությունների և ծրագրերի միջոցով։ Եվ ամենակարևորն այն է, որ մեր համատեղ գործունեությունն իրական ազդեցություն կունենա փախստականների և բռնի տեղահանված այլ անձանց առօրյա կյանքի վրա»։

ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլի և սոցիալական պատասխանատվության հարցերով տնօրեն՝ Միշել Ուվան հավելեց, որ «ՄԱԿ ՓԳՀ-ի հետ ինստիտուցիոնալ գործընկերությունը շեշտադրում է ՈՒԵՖԱ-ի ռազմավարության մեջ վերջերս ներդրված «պատասխանատվություն» բաղադրիչի ներքո ստանձնած պարտավորությունը, որն արտացոլում է եվրոպական ֆուտբոլի կողմից քաղաքացիական հասարակության այսչափ կարևոր թեմաներին աջակցության հարցում մեր պատասխանատվությունը»։

Համաձայնագիրը ստորագրվեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար՝ Ֆիլիպպո Գրանդիի և ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլի և սոցիալական պատասխանատվության հարցերով տնօրեն՝ Միշել Ուվայի միջև չորեքշաբթի օրը, ՄԱԿ ՓԳՀ Ժնևում տեղակայված գլխամասային գրասենյակում։