EN | AM

ՄԱԿ ՓԳՀ-ն աջակցում է «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնին»՝ տեղացի և ԼՂ-ից տեղահանված երեխաների կրթությունը խթանելու նպատակով

2021թ.-ի ապրիլի 26-27-ին, ՄԱԿ-ի Փախստականների գործակալության (ՄԱԿ ՓԳՀ)՝ Հայաստանում Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների հյուրընկալ համայնքներին աջակցության և կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում, ՄԱԿ ՓԳՀ-ի աշխատակիցները հերթական այց կատարեցին Սյունիքի մարզ։ Այցի նպատակն էր Կապանում ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի» համակարգչային սենյակի համար տրամադրել տեխնիկական սարքավորումներ. համակարկիգչներ և տպիչ սարք։ ՄԱԿ ՓԳՀ-ի և կենտրոնի աշխատակիցների եռանդուն ուժերով և նրանց ժրաջան աշխատանքի շնորհիվ  կահույքով և սարքավորումներով համալրված համակարգչային սենյակը արագ և գեղեցիկ դասավորվեց: Թիմը ժրաջան աշխատում էր՝ ոգեշնչված այն հիասքանչ հնարավորությամբ, որ պարգևում են Կապանի և շրջակա գյուղերի երեխաներին՝ IT բնագավառում գիտելիք ստանալու, այլ երեխաների հետ շփվելու և ընկերներ ձեռք բերելու հեռանկարով:

         

«Գիտակցելով համակարգչային գիտելիքների և թվային կրթության կարևորությունը տեղահանված երեխաների համար, մասնավորապես COVID-19-ի պայմաններում, ՄԱԿ ՓԳՀ-ն համալրեց կենտրոնի համակարգչային սենյակը անհրաժեշտ սարքավորումներով։ Սա տեղահանված և տեղացի երեխաներին հնարավորություն է ընձեռում ներգրավվել համակարգչային դասընթացներում, առցանց ուսուցման և զարգացման ծրագրերում», ասաց ՄԱԿ ՓԳՀ աշխատակից Կարեն Խաչատրյանը սարքավորումները համայնքին հանձնելիս:

Ինչպես հայտնեցին Կապանում «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի» տնօրինության ներկայացուցիչները, համակարգչային սենյակի բարելավման շնորհիվ, Կապանում Լեռնային Ղարանաղից տեղահանված ընտանիքներից շուրջ 30 երեխա այսուհետ կարող է հաճախել կենտրոնի IT մասնագետների և ուսուցիչների կողմից մատուցվող համակարգչային դասընթացներին:

«Ահա՛ և մեր երազանքն ի կատար ածվեց: Շնորհակալ ենք ՄԱԿ-ի Փախստականների գործակալությանը, և հպարտանում ենք. վերջապես այս համակարչային կենտրոնը կարող է հյուրընկալել այն բոլոր երեխաներին, որոնք ձգտում և անհամբեր սպասում են ներգրավվելու համակարգչային դասընթացներում՝ մասնավորապես Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաները, որոնց համար համակարգչային սենյակի դռները մշտապես բաց կլինեն. նրանց մենք սպասում ենք ամենայն ջերմությամբ և հյուրընկալությամբ», ասաց Կապանում «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի» տնօրեն տկն. Ռուզաննա Հովհաննիսյանը:  

Կապանում «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի» համակարգչային սենյակի բարելավմանը մեկտեղ ՄԱԿ ՓԳՀ-ն Կապանի համայնքապետարանի աշխատակիցների կարողությունների հզորացման նպատակեվ նրանց տրամադրեց համակարգիչներ և տպիչ սարքեր:

                                 

***

ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը՝ իր մարդասիրական աջակցությանն ու կացարանների բարելավմանն ուղղված գործունեությանը զուգահեռ շարունակում է աջակցել Հայաստանում Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչությանը, հատկապես կանանց, տարեցներին և երեխաներին հյուրընկալող համայնքներին նրանց բեռը կիսելու և համերաշխություն հորդորելու նպատակով:

ՄԱԿ ՓԳՀ-ն՝ ՀՀ կառավարության հետ իր աշխատանքները համակարգելով և տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքապետարանների հետ համագործակցելով՝ 2020թ-ից առ այսօր Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների հյուրընկալ համայնքների և իր գործընկեր ՀԿ-ների միջոցով ավելի քան 50,000 տեղահանված անձանց տրամադրել է մարդասիրական օգնություն. հիգիենայի պարագաներ, COVID-19 կանխարգելիչ միջոցներ, անկողնային պարագաներ, ծալովի մահճակալներ, տաք վերմակներ, ձմեռային հագուստ, էլեկտրական տաքացուցիչներ, խոհանոցային պարագաներ, թեյնիկներ, արևային լամպեր և այլ անհրաժեշտ օգտագործման պարագաներ: