EN | AM

ՊԳԿ-ն և Հայաստանը հողերի դեգրադացման դեմ պայքարի եղանակներ են քննարկում

Ապրիլի 29, 2021 թ., Երևան, Հայաստան. Այսօր տեղի ունեցած առցանց խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Աննա Մազմանյանը, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը և ՊԳԿ հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն՝ ոլորտի առանցքային փորձագետների հետ միասին Հայաստանում հողերի կայուն կառավարման և դեգրադացված տարածքների վերականգնման թեման քննարկելու նպատակով։

ՊԳԿ-ն և ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հողերի դեգրադացման խնդրին համապարփակ լուծում գտնելու միտմամբ համատեղ ծրագրային առաջարկ են մշակել, որը ներկայացվեց և գնահատվեց միջոցառման ընթացքում, և ամենայն հավանականությամբ, կֆինանսավորվի Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) կողմից։ Նախարարությունների և ՊԳԿ-ի առանցքային փորձագետները նոր տեղեկություններ հաղորդեցին ծրագրի նախապատրաստական աշխատանքների, իրականացման համար նախատեսված վայրերի, համաֆինանսավորման հնարավոր տարբերակների վերաբերյալ՝ տարբեր գործընկերների կարծիքների ուսումնասիրման և նախաձեռնությանը նրանց լիարժեք մասնակցության ապահովման համար։

«Ծրագիրը կդառնա հողերի դեգրադացումը չեզոքացնելու նպատակի ձեռքբերման կարևորագույն հանգուցակետ՝ իր անգնահատելի ավանդը բերելով հողերի կայուն կառավարման գործընթացի ընդլայնմանն ու Կայուն զարգացման նպատակների կենսագործմանը», նշեց ՊԳԿ հայաստանյան ներկայացուցիչ՝ Ռայմունդ Յելեն։

Հայաստանում հողերի դեգրադացումը և անապատացումը պայմանավորված են ինչպես բնական, այնպես էլ անթրոպոգեն (մարդածին) գործոններով։ Բնությունն, իր հերթին, նպաստում է հողերի դեգրադացմանը՝ երաշտների ու ավազամրրիկների, սեզոնային և տարածաշրջանային տեղումների անհավասար բաշխման հետևանքով տեղումների կրճատման, բնական պատճառներով պայմանավորված աղակալման, ինչպես նաև ջրհեղեղների և անձրևային շրջանների ընթացքում հողերի սողանքների միջոցով։ Դեգրադացման մարդածին գործոնները ներառում են գյուղատնտեսական գործելակերպերը (մշակաբույսերի ցանքաշրջանառության բացակայություն, վարելահողերի մշակության՝ վար ու ցանքի տեխնոլոգիական միջոցառումերի թերացումներով կատարում, ոռոգման միջոցառումների  անարդյունավետ կիրառում, արոտավայրերի անկանոն  կառավարում և գերարածեցումներ), ապօրինի ծառահատումները, ստորերկրյա ջրերի (արտեզյան ջրհորներ) գերօգտագործումը, հողերի աղտոտումը, ինչպես նաև հանքարդյունաբերությունը, քաղաքաշինությունն ու ճանապարհաշինությունը։ 

Հողերի շարունակական դեգրադացմանը զուգընթաց ահագնանում են նաև կլիմայի փոփոխությամբ պայմանավորված գյուղատնտեսության ոլորտին սպառնացող վտանգները։

Առաջարկվող ծրագիրը լանդշաֆտային մոտեցում կորդեգրի, որը համահունչ է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ)՝ բնական կերային հանդակների՝ արոտների և մարգագետինների կայուն ինտեգրացված կառավարումը խրախուսելու տեսլականին։  Լանդշաֆտի մակարդակում կատարվող աշխատանքները թույլ կտան բազմակողմանի մոտեցում ցուցաբերել խնդիրների լուծմանը՝ ներառելով այլ ոլորտներ, ներգրավելով շահագրգիռ կողմեր և աշխատելով տարբեր մակարդակներում, ընդսմին անդրադառնալով հողերի դեգրադացման խորքային պատճառներին և պարենային անվտանգության հետ կապված մարտահրավերներին, և ոչ թե միայն դրանց դրսևորումներին։ 

Աշխատաժողովից հետո մասնակիցների բարձրացրած հարցերը և առաջարկությունները կարտացոլվեն ծրագրի մեջ, որն, այնուհետ, կներկայացվի Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի վերջնական հաստատմանը։ Ծրագրի իրականացման աշխատանքները կհամակարգի ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։