EN | AM

ՄԱԿ ՓԳՀ-ն ողջունում է ապաստանի ընթացակարգերը COVID-19-ով պայմանավորված իրավիճակին հարմարացնելուն ուղղված Հայաստանի Միգրացիոն ծառայության ջանքերը

 

Ապաստանի ընթացակարգերը COVID-19-ով պայմանավորված իրավիճակին հարմարացնելուն ուղղված Հայաստանի Միգրացին ծառայության (ՄԾ) ջանքերը որպես լավ օրինակ ներկայացվել են Global Compact on Refugees-ի նախաձեռնությունը հանդիսացող Asylum Capacity Support Group-ի առցանց հարթակում:

Ըստ իր մանդատի, «Փաստականների և ապաստանի մասին» օրենքին համահունչ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ՄԾ-ն իրականացնում է փախստականի կարգավիճակի որոշման գործընթացը։

2020թ․-ի մարտից ի վեր՝ COVID-19 վարակի տարածումը կանխարգելելու նպատակով ՀՀ կառավարության կողմից հայտարարված արտակարգ իրավիճակից ելնելով՝ մի քանի ամիս շարունակ ՄԾ-ն բնականոն աշխատանքից անցավ լրիվ և մասնակի առցանց աշխատանքային եղանակի, որն անխուսափելիորեն ազդեցություն ունեցավ ապաստանի ընթացակարգերի մատչելիության, դիմումների ընդունման և ուսումնասիրության, ապաստան հայցողներին և փախստականներին ծառայությունների մատուցման և այլ գործառույթների վրա։

    

Գիտակցելով ապաստանի տրամադրման գործընթացներին վերաբերող անխափան աշխատանքի կարևորությունը COVID-19-ի պայմաններում՝ ՄԾ-ն, երկու հիմնական սկզբունքների վրա հիմնվելով, նոր ընթացակարգեր մշակեց և իրականացրեց․ ապահովեց միջազգային պաշտպանություն հայցող անձանց համար համակարգի շարունակական հասանելիությունը, միաժամանակ վարակի տարածումը կանխարգելող հատուկ միջոցներ ձեռնակեց։ Ներքին և ՄԱԿ-ՓԳՀ-ի հետ խորհրդակցությունների արդյունքում ՄԾ-ն հատուկ միջոցներ մշակեց և իրականացրեց հետևյալ ուղղություններում․ ա) ապաստանի տրամադրման գործընթացներ, բ) տեղեկատվության մատչելիություն, գ) փաստաթղթերի տրամադրում, հիմնարար իրավունքների և ծառայությունների հասանելիություն, դ) փախստականի կարգավիճակի որոշման վերաբերյալ գործերի կուտակման կանխում։

   

Վերը նշված արդյունավետ միջոցառումների կիրառումը զգալի արդյունքներ ապահովեց․ 2020 թ․-ի առաջին կեսին ՄԾ-ն՝ 2019 թ․-ի համեմատ 2020 թ․-ի նույն ժամանակամիջոցում մոտ 30 %-ով ավելի ապաստանի հայցեր հաշվառեց։ 2020 թ․-ին այն ապաստան հայցողների թիվը, որոնց գործերի վերաբերյալ որոշում կայացվեց, գրեթե նույնն էր (նույնիսկ մի փոքր ավելի), ինչ 2019 թ․-ին։ Ընթացիկ ապաստանի հայցերի թիվը 2020 թ․-ի վերջին միայն մի փոքր էր ավելի, քան 2019-ի վերջին։