EN | AM

Մահվան, ավերածությունների և տեղահանության տասնամյակը չպետք է խաթարի սիրիացիների հետ մեր համերաշխությունը

Սիրիական ճգնաժամի տասը տարիները աներևակայելի մարդկային տառապանք ու ցավ են հարուցել: Աշխարհը դավաճանել է սիրիացիներին: Որպես ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար, ով ղեկավարում է մեր ժամանակներում փախստականների ամենախոշոր ճգնաժամերից մեկին արձագանքումը, ես այս տարեդարձը դիմավորում եմ ծանր սրտով: Ողջ աշխարհի երկրների առաջնորդների համար դա խիստ և դատապարտող հիշեցում է, որ մահվան, ավերածությունների ու տեղահանության այս տասնամյակն ընթացել է իրենց պաշտոնավարման պայմաններում:

Տասը տարի անց՝ Սիրիայի բնակչության կեսը ստիպված լքել է սեփական տները: Ավելի քան 5.5 միլիոն մարդ փախստական է դարձել տարածաշրջանում, իսկ հարյուր հազարավոր մարդիկ ցրված են 130 երկրներում: Ավելին, 6.7 միլիոն սիրիացի եղել է ներքին տեղահանված: Տասը տարվա ընթացքում Սիրիայի որևէ քաղաք կամ գյուղ հազիվ թե խուսափած լինի բռնությունից, և Սիրիայի սահմաններում գտնվողների տառապանքն ու զրկանքներն անտանելի են:

Նվազող օգնության ու COVID-19-ի առաջացրած տնտեսական ճգնաժամի համադրությունը սիրիացի փախստականներին հասցրել է հուսահատության մի չտեսնված աստիճանի: Լիբանանում տասը սիրիացիներից ինն այժմ ապրում են ծայրահեղ աղքատության մեջ: Ի լրումն, կենսապահովման միջոցների կորուստը, գործազրկության մակարդակի աճն ու կորոնավիրուսը հորդանանցի, լիբանանցի, թուրք և իրաքցի միլիոնավոր հյուրընկալող ընտանիքների մղել են աղքատության շեմից ցած:

Միևնույն ժամանակ՝ մենք ականատես ենք եղել արտակարգ առատաձեռնության, որը փրկել է միլիոնավոր սիրիացիների կյանքեր: Սիրիայի հարևան երկրները ապաստան են տվել միլիոնավոր փախստականների՝ կիսելով հսկայական պատասխանատվություն: Այդ երկրների տնտեսությունները, սակավ ռեսուրսները, ենթակառուցվածքներն ու հասարակությունները գտնվում են ահռելի ճնշման ներքո:

Տարածաշրջանից բացի, սիրիացի փախստականների հետ լայն հանրային համերաշխությունը բազմաթիվ կառավարությունների դրդել է փոփոխության ենթարկել իրենց քաղաքականությունները և իրական օգնության քայլեր կատարել փախստականների և փախստականներին ապաստան տված երկրների նկատմամբ՝ վերաբնակեցման, ընտանիքների վերամիավորման, մարդասիրական վիզաների տրամադրման, կրթաթոշակների և սիրիացի փախստականների համար նախատեսված այլ ապահով ու իրավական ուղիների միջոցով:

Այս ճգնաժամի լրջությունը չպետք է խաթարի սիրիացիների հետ մեր համերաշխությունը: Ընդհակառակը. մենք պետք է վերստին կրկնապատկենք մեր հավաքական ջանքերը՝ աջակցելու ինչպես փախստականներին, այնպես էլ նրանց հյուրընկալող համայնքներին:

Մենք առնվազն այդչափ պարտավորություն ենք կրում ​սիրիացի փախստականների և տարածաշրջանի առջև:

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հայտարարությունը