EN | AM

Հայաստանում իրաքցի փախստականները տոկունությամբ և լավատեսությամբ դիմակայում են ՔՈՎԻԴ-19-ի հետևանքով ստեղծված արտակարգ վիճակին


07.08.2020
«Կյանքը վարդերի պարտեզ չէ։ Երբեմն շատ դժվար է, բայց երբեք չպետք է հուսահատվել». Օսանա Տեր-Թավեթյան

Չնայած կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ իրավիճակի հետևանքներին, որոնք ավելացել են տեղահանված լինելու խնդիրներին, իրաքցի փախստական ընտանիքը լավատեսորեն է տրամադրված՝ փորձելով Հայաստանում ավելի լավ ապագա կերտել

Հայաստանում ՔՈՎԻԴ-19-ով պայմանավորված արտակարգ դրության ժամանակ, մի ամառային անձրևոտ օր, այցելեցինք Իրաքից փախստական մի ընտանիքի՝ Օսանա Տեր-Թավեթյանին (38 տ.), նրա ամուսնուն՝ Գարո Դադուրյանին (50 տ.), և նրանց երեխաներին՝ Մաթևոսին (15 տ.) և Լիանային (10 տ.)։ Ինչպես մնացած բոլոր տեղահանված և տեղացի ընտանիքները, Օսանան և Գարոն նույնպես փորձում են դիմանալ օրեցօր աճող դժվարություններին՝ հուսալով, որ մի օր այս սահմանափակումները վերջ կունենան։

Տան աստիճաններով բարձրանալիս մտածում էինք՝ ինչպե՞ս գոտեպնդել և ուրախացնել նրանց. գուցե տեղեկացնել այն մասին, որ շուտով նրանց ընտանիքին կտրամադրվի ՄԱԿ ՓԳՀ-ի մարդասիրական աջակցությունը՝ փոքր-ինչ թեթևացնելու համավարակի հետևանքները, կամ էլ Լիանայի համար մեր տարած խաղալիք արջուկո՞վ։ Արդեն պատրաստ էինք տխուր դեմքեր տեսնել, ականջ դնել նրանց անթիվ-անհամար խնդիրներին, սակայն դուռը բացվեց, և մեզ դիմավորեցին դիմակ դրած ուրախ դեմքեր։ Տուն ոտք դնելու առաջին իսկ պահից մեզ պարուրեց անկեղծ ու ջերմ հյուրընկալության մթնոլորտը։ Բնակարանը փոքր էր, բայց հարմարավետ, պատված բույսերի և ծաղիկների բազմաթիվ թաղարներով, որոնց շնորհիվ բնակարանը փոքրիկ տնային պարտեզի էր վերածվել։ 

Իրաքցի փախստական ընտանիքի՝ Երևանում վարձակալած բնակարանի պատուհանագոգին հանգրվանած բույսերն ու ծաղիկները խորհրդանշում են ներդաշնակություն և հույս։ Լուսանկարը՝ ՄԱԿ ՓԳՀ-ի

«Մենք ձեզ սպասում էինք, ինչ լա՛վ է, որ եկաք։ Երեխաները շատ ոգևորվեցին, երբ իմացան, որ վերջապես հյուրեր ենք ունենալու», - ասաց Օսանան՝ առաջնորդելով մեզ հյուրասենյակ։

Ընտանիքն Իրաքից Հայաստան է տեղափոխվել 2018 թվականին, իսկ նրանց հարազատները շատ ավելի վաղ էին տեղափոխվել՝ 2004 թվականին, երբ ավելի քան 1,500 իրաքաբնակ հայեր, Իրաքից փախչելով, ապաստանել էին Հայաստանում։

«Մենք ամուսնացել և երեխաներ ենք ունեցել պատերազմի ժամանակ։ Երկար տարիներ տատանվելով Հայաստան գալու և Իրաքում մնալու որոշումների միջև՝ վերջապես մեկ օրում գալու որոշում կայացրեցինք, քանի որ արդեն չափազանց վտանգավոր էր մնալ Բաղդադում», - ասաց Գարոն։ «Երեխաները չէին կարողանում դպրոց գնալ, ռումբերն արդեն մեր տան շրջակայքում էին պայթում, մի քանի անգամ ինքներս հազիվ փրկվեցինք կրակոցներից», - շարունակում է Օսանան՝ ձայնի մեջ սարսափ։

Ընտանեկան ալբոմում Օսանայի և Գարոյի հարսանեկան լուսանկարն է, որն իրենց հետ Իրաքից Հայաստան են բերել։  Լուսանկարը՝ ՄԱԿ ՓԳՀ-ի

Հայկական արմատներով ընտանիքը ցամաքային ճանապարհով Հայաստան հասավ՝ ի վերջո խաղաղություն և անվտանգություն գտնելով իրենց ու երեխաների համար։ «Սկզբնական շրջանում դժվար էր։ Ֆիզիկապես այստեղ էինք, բայց մտովի՝ Բաղդադում։ Ամեն ինչ թողեցինք հետևում՝ մեր հայրական տունը, արհեստանոցը, մեր ունեցվածքը», - ասում է Գարոն, իսկ Լիանան արձագանքում՝ «...նաև մամայի բաղադրատոմսերի տետրը, նրա օրագրերը և ընտանեկան լուսանկարների ալբոմները»։

Մենք նրանց այցելեցինք Երևանի արվարձաններից մեկում վարձակալած բնակարանում։ Փախստականի կարգավիճակ ստանալուց հետո ապաստանի և փախստականների հարցերով զբաղվող պետական մարմինը՝ Միգրացիոն ծառայությունը, նրանց ներառել է բնակարանային վարձի սուբսիդավորման ծրագրում, իսկ ՄԱԿ ՓԳՀ-ն իր գործընկերոջ՝ «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի միջոցով դրամական և մարդասիրական աջակցություն է տրամադրել՝ օգնելով ընդգրկվել առողջապահության պետական համակարգում, իսկ երեխաներին՝ դպրոցում։

Ընտանիքը պատրաստվում էր փոքր ընտանեկան ձեռնարկություն բացել, երբ ՔՈՎԻԴ-19 համավարակը վրա հասավ։ «Իրաքում տասը տարի խոհարար եմ աշխատել։ Շատ եմ սիրում եփել ու թխել, և Բաղդադում բազմաթիվ հաճախորդներ ունեի», - ասում է Օսանան։ «Սիրով պատրաստ եմ սովորել՝ խոհարարական հմտություններս կատարելագործելու համար», - շարունակում է Օսանան՝ նկարագրելով այն ուտեստները, որոնք անցած տարվա խոհարարական դասընթացներին է սովորել պատրաստել։ «Նա մեծ սիրով հայաստանցի տնային տնտեսուհիների հետ կիսվում է իր տատիկի գաղտնի բաղադրատոմսերով, բացատրում համեմունքների նշանակությունը, այն բոլոր համերի գաղտնիքները, որոնք օգտագործում է իր թխվածքները պատրաստելիս», - հպարտությամբ հավելում է Գարոն՝ մեզ հյուրասիրելով իր կնոջ պատրաստած թխվածքները։ «Երանի նոր ցուցահանդես-վաճառք լիներ. հենց այնտեղ ես գտա իմ առաջին հաճախորդներին», - հոգոց հանելով Օսանան վերհիշում է Երևանում տեղի ունեցած առաջին բացօթյա փառատոնը, որին մասնակցեց անցած տարի։

Ավանդական իրաքահայկական բարիքներ և ձեռքի աշխատանք՝ պատրաստված իրաքցի փախստական կնոջ՝ Օսանայի ձեռամբ։ Լուսանկարը՝ ՄԱԿ ՓԳՀ-ի

Սեղանին կարի մեքենա նկատելով՝ հարցրինք, թե արդյոք դերձակի հմտությունների ևս տիրապետում է։ «Այո, այս մեքենան Բաղդադից եմ բերել։ Ամուսնուցս թաքուն մի կերպ տեղավորեցի ավտոմեքենայում», - խորամանկ ժպիտով ասում է Օսանան։ «Կարի մեքենան կյանք փրկող գործիք է. շատ հայ կանայք իրենց հյուրընկալող երկրներում կարուձևով են եկամուտ վաստակում», - ասում է Օսանան և պատմում իր տատիկի պատմությունը, որն ընտանիքով Արևմտյան Հայաստանից Իրաք է փախել։

Կարի մեքենան Օսանային օգնում է ընտանիքի գոյատևման համար որոշ գումար վաստակել։ Լուսանկարը՝ ՄԱԿ ՓԳՀ-ի

Նրանց տասնամյա դուստրը՝ Լիանան, որն սկզբում ամաչում էր խոսել, աստիճանաբար զվարթանալով՝ պատմում է իր առօրյա կյանքի, դպրոցի և նոր ընկերների մասին։ «Հաճելի է մայրիկի հետ ամբողջ ժամանակ տանն անցկացնել, բայց դպրոցն էլ եմ շատ կարոտում։ Նոր-նոր էի սկսել ընկերանալ դասարանցիներիս և հարևան աղջիկների հետ, երբ կորոնավիրուսը սկսվեց», - ասում է նա։  

«Հիմա, այս տաք ու սիրուն եղանակին շատ եմ ուզում բակ իջնել, խաղալ, բայց մայրիկս թույլ չի տալիս։ Ամբողջ ժամանակ պատուհանից դուրս եմ նայում, բայց անձրևից հետո բողբոջող ծառերից ու կանաչ խոտից բացի ոչինչ չեմ տեսնում», - ասում է Լիանան և ծիծաղկոտ ժպիտով ավելացնում. «բայց տեսե՛ք, մեր տունն ավելի կանաչ է»։ Եվ իսկապես՝ տունն ասես ծաղկաստան ու պարտեզ լինի։ «Այս ծաղիկները հանգստացնող ազդեցություն ունեն, հատկապես արգելափակման այս դժվարին օրերին։ Մեզ ավելի խաղաղ ու հանգիստ ենք զգում», - ասում է Օսանան։ «Նրանք մշտական խնամքի և ուշադրության կարիք ունեն, ինչն էլ մեզ անընդհատ զբաղված է պահում», - ասում է Կարոն՝ ջրելով կծու պղպեղի սածիլը։

ՔՈՎԻԴ 19-ի արտակարգ դրության պայմաններում Լիանան վայելում է ընտանեկան ներդաշնակությունը, բայց ընկերներին շատ է կարոտում։ Լուսանկարը՝ ՄԱԿ ՓԳՀ-ի

Սենյակի անկյունում մի մեծ գործիք նկատեցինք և չկարողանալով զսպել մեր հետաքրքրասիրությունը՝ հարցրեցինք այդ մասին։ «Իմ էլեկտրոնային դաշնամուրն է, որը մեզ հետ Բաղդադից մինչև Հայաստան ճանապարհ է կտրել», - ասաց Գարոն։ «Ես ձևացրի, իբր չեմ տեսնում, թե ինչպես է Օսանան իր կարի մեքենան մեքենայի թափքում տեղավորում, իսկ նա գաղափար անգամ չուներ այն մասին, որ իմ դաշնամուրն արդեն հարմար տեղավորվել էր այնտեղ», - ուրախ ժպիտով ավելացնում է Գարոն։ Շատ չանցած՝ գործիքն արդեն հանվել էր պատյանից, և Գարոն մեզ համար մի գեղեցիկ հայկական մեղեդի էր նվագում։

«Հին ու բարի ժամանակներում, Բաղդադի մեր համայնքային ակումբում գեղեցիկ համերգներ էինք կազմակերպում։ Գարոն նվագում էր, ես՝ երգում։ Հիմա այդ ամենից հիշողություն է մնացել և լուսանկարների մի ալբոմ, որը կարողացանք մեզ հետ բերել», - հոգոց հանելով՝ Օսանան մեզ ցույց է տալիս իրենց համար այնքան թանկ ընտանեկան լուսանկարները։

Գարոն իր էլեկտրոնային դաշնամուրով ավանդական հայկական մեղեդի է նվագում։ Լուսանկարը՝ ՄԱԿ ՓԳՀ-ի

Տասնհինգամյա Մաթևոսը՝ Գարոյի և Օսանայի որդին, իր ծնողների պես հյուրասեր է։ Նա մեզ թեյ է հյուրասիրում, զրուցում իր հետաքրքրությունների, հատկապես՝ տեխնոլոգիաների նկատմամբ ունեցած իր ազարտի մասին։ Նա հաճախում է Երևանի ԹՈՒՄՈ տեխնոլոգիական կենտրոն, որն արտակարգ դրության ժամանակ անցավ առցանց ուսուցման։ «Ափսոս՝ կարգին համակարգիչ չունեմ դասերին մասնակցելու համար, իսկ հեռախոսս էլ շատ հին է», - տխրությամբ նշում է Մաթևոսը, ապա ավելացնում ժպիտով, - «իսկը զավեշտ է՝ այսքան հետաքրքված լինելով համակարգչով՝ նույնիսկ մի կարգին համակարգիչ չունեմ»։

Մաթևոսը երազում է հզոր համակարգիչ ունենալ, որով կկարողանա ԹՈՒՄՈ տեխնոլոգիական կենտրոնի առցանց դասերին մասնակցել։ Լուսանկարը՝ ՄԱԿ ՓԳՀ-ի 

Սա մեր հանդիպած ամենահետաքրքրական ընտանիքներից մեկն էր. այնքան շատ հմտություններ և հետաքրքրություններ ունեին, անչափ շփվող ու մարդամոտ էին։

«Կյանքը վարդերի պարտեզ չէ։ Երբեմն շատ դժվար է, բայց երբեք չպետք է հուսահատվել։ Աշխարհում ամենակարևոր բաները խաղաղությունն ու համերաշխությունն են։ Մենք լավ հարևաններ ունենք և երբեք միայնակ չենք զգում։ Մեր երեխաները դպրոց են գնում և տեղացի երեխաների հետ ընկերություն անում», - ոգևորված ասում է Օսանան։ «Պետությունից, ՄԱԿ ՓԳՀ-ից և իր գործընկեր ՀԿ-ներից՝ «Առաքելություն Հայաստան»-ից, Հայկական կարմիր խաչի ընկերությունից, «Վորլդ Վիժնից» և այլ կազմակերպություններից ստացված աջակցությունն օգնում է մեզ հաղթահարել դժվարությունները և բավարարել օրվա կարիքները», - ավելացնում է Օսանան և ջերմությամբ գրկում երեխաներին։ «Եվ հիգիենա՛ն։ Դա չափազանց կարևոր է այս օրերին», - արձագանքում է Լիանան՝ ցույց տալով միջանցքի դարակին դրված ձեռնոցները և թաց անձեռոցիկների տուփը։ «Տեսե՞լ եք մայրիկի գյուտը, թե ինչ յուրահատուկ դիմակներ է պատրաստում», - հանկարծ բացականչեց Լիանան։

Երեխաներն Օսանային համոզում են ցույց տալ իր գյուտը՝ թաց անձեռոցիկների երեք շերտից բաղկացած և եզրային հատվածներում կտրվածքներով դիմակը։ «Դիմակս դնում եմ և խանութ գնում։ Վաճառողները զարմացած նայում են ու հարցնում, թե որտեղից եմ գնել։ Մինչև փոքրիկ գաղտնիքս չեմ բացում, ոչ ոք գլխի չի ընկնում», - ծիծաղելով պատմում է Օսանան։ «Իր դիմակների շնորհիվ գնալով ավելի հայտնի է դառնում», - հպարտությամբ ասում է Գարոն:

Օսանան՝ իր պատրաստած նորարարական դիմակով։ Լուսանկարը՝ ՄԱԿ ՓԳՀ-ի

Շատ դժվար էր հրաժեշտ տալ այս ընտանիքին, նրանց հարմարավետ տանը և այն մթնոլորտին, որը վայելեցինք այնտեղ գտնվելու ողջ ընթացքում։ Հրաժեշտ տալուց առաջ լուսանկարեցինք նրանց՝ որպես Հայաստանում նոր տուն ստեղծած իրաքցի փախստական ընտանիքի նոր կյանքի խորհրդանիշ։

***

Հոդվածն առաջին անգամ հրապարակվել է EVN Report-ի կայքում: