EN | AM

ՊԳԿ-ն արձագանքում է սերմնաբուծության ոլորտում առկա մարտահրավերներին տարածաշրջանում, այդ թվում՝ Հայաստանում

Մայիսի 11, Երևան, Հայաստան - ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) և ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջև ծրագրային փաստաթղթի ստորագրմամբ մեկնարկել է Հայաստանում կլիմայի փոփոխությանը գյուղատնտեսությունն առավել դիմակայուն դարձնելուն նպատակաուղղված տեխնիկական համագործակցության նոր ծրագիրը։ Այս երկամյա ծրագրում ներառված են Հայաստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Հյուսիսային Մակեդոնիան։ 

Բոլոր չորս երկրներն էլ առերեսվում են անկախ, դիվերսիֆիկացված գյուղատնտեսական կառույցների վերափոխման և զարգացման հիմնախնդիրներին։ Սահմանափակող գործոններից մեկն այն է, որ սերմերի, ինչպես նաև այլ ներդրանքների մեծ մասը ներկրվում է դրսից, ուստի, գյուղացական տնտեսությունները կախում ունեն ներկրվող սերմերից։ Նրանք առայժմ չեն կարողանում լիարժեք օգտվել որակյալ սերմերի առավելություններից՝ պայմանավորված մի շարք գործոնների համակցությամբ, ներառյալ՝ սերմերի արտադրության, բաշխման և որակի ապահովման ոչ զարգացած համակարգը, ինչպես նաև սերմնաբուծության  ձևավորված քաղաքականության բացակայության արդյունքում առկա խոչընդոտները։ 

«Ղրղըզստանի, Հյուսիսային Մակեդոնիայի և Տաջիկստանի նման Հայաստանը նույնպես առերեսվում է նույն ռիսկերին՝ պայմանավորված կլիմայի փոփոխությամբ, իսկ երկրի գյուղատնտեսական արտադրությունը մեծապես կախված է եղանակային պայմաններից, հողի և ջրի կառավարումից, ոռոգումից և համապատասխան գենետիկական ռեսուրսներից»․ - ասաց ՊԳԿ գյուղատնտեսության մասնագետ Տանիա Սանտիվանեզը։ 

Վերը նկարագրված հիմնական պրոբլեմներին լուծում տալու նպատակով՝ այս ծրագիրը Հայաստանում նախատեսում է բարելավել սերմերի  և տնկանյութի հավաստագրման համակարգը, սերմերի որակի լաբորատոր հետազոտության, նոր սորտերի սորտափորձարկման մեթոդաբանության մշակման և ներդրման ոլորտները։  
 
Հայաստանի գյուղատնտեսությունը, և հատկապես՝ սերմնաբուծության ոլորտն, առերեսվում են մի շարք մարտահրավերների։ Ծրագրի ուշադրության կենտրոնում են դրանցից ամենահրատապները, ներառյալ՝ տեղական սորտերի պակասը, որի պատճառով սերմերի ներկրումից կախվածություն է առաջանում,  սերմերի և տնկանյութի հավաստագրման կայացած և հուսալի համակարգի առկայությունը, գյուղացիական տնտեսությունների համար բարձրորակ և կլիմայի նկատմամբ դիմացկուն սերմերի ու տնկանյութի հասանելիության և դրանց վերաբերյալ գիտելիքների բացակայության խնդիրները, և բույսերի գենետիկական ռեսուրսների կառավարման կարևորության վերաբերյալ ցածր իրազեկվածությունը։  Գյուղացիական տնտեսությունները հաճախ օգտագործում են սեփական արտադրության սերմերը, ինչը պարունակում է ցածր բերքատվության և հիվանդությունների նկատմամբ դրանց ընկալունակության ռիսկեր։ Այս խնդիրները նպաստում են կլիմայի փոփոխության նկատմամբ երկրի գյուղատնտեսության խոցելիության մեծացմանը։  

«Ավելին, COVID-19 ժամանակաշրջանի համատեքստում այս ծրագրի իրականացումը շատ տեղին է, քանզի այն կաջակցի սերմնաբուծության ազգային համակարգի հզորացմանը՝ որպես մշակաբույսերի արտադրության և պարենային անվտանգության հիմնական հենասյուներից մեկը», - ավելացրեց Հայաստանում ՊԳԿ ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն։ 

Այս ծրագիրը համահունչ է կառավարության կողմից վերջերս հաստատված՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների ռազմավարությանը․ սերմերի և տնկանյութի հավաստագրման համակարգի բարելավումը դրա առաջնահերթ գործողություններից մեկն է։

Ծրագրի միջոցառումները կինտեգրվեն երկրի ընթացիկ զարգացման ծրագրերում՝ ապահովելով գործընթացի կայունությունը՝ ծրագրի իրականացման ժամկետից հետո։ Դրանք համահունչ են նաև կառավարության ընթացիկ քաղաքականություններին և ռազմավարություններին։