EN | AM

Կոկա-Կոլա հիմնադրամը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջոցով միանում է ՔՈՎԻԴ -19 համաճարակի դեմ պայքարին


22.04.2020
Մասնավոր ոլորտի հետ երկարաժամկետ համագործակցությունը և նորարարական լուծումներով մեր ներդրումները կարևոր նշանակություն կունենան նման ճգնաժամերն առավել լավ կառավարելու և կանխելու հարցում». Դմիտրի Մարյասին

ՔՈՎԻԴ -19 համաճարակը ոչ միայն զանգվածային առողջապահական ճգնաժամ է, այլ նաև հումանիտար և սոցիալ-տնտեսական ճգնաժամ, որի լուծումն ամբողջ աշխարհում ռեսուրսների և հնարավորությունների համախմբում է պահանջում: Այժմ, առավել, քան երբևէ կարևորվում է կազմակերպությունների և անհատների աջակցությունը մարտահրավերին ճիշտ արձագանք տալու հարցում:

Կոկա-Կոլա հիմնադրամը և ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) համաշխարհային և տեղական լուծումներ են մատուցում իրավիճակի բարելավման համար: Հիմք ընդունելով ՀՀ կառավարություն կողմից տրամադրված անհրաժեշտ բժշկական սարքավորումների ցանկը՝ Կոկա-Կոլա ընկերությունը ՄԱԶԾ-ի հետ համատեղ մատակարարելու են հրատապ անհրաժեշտության բժշկական սարքավորումներ, որոնք, լինելով շարժական, կհեշտացնեն ցանկացած վայրում բժշկական օգնություն ցուցաբերելը:

Կոկա-Կոլա հիմնադրամը 120 մլն դոլար է տրամադրել է համաճարակի դեմ պայքարին աշխարհի տարբեր անկյուններում, որի մի փոքր մասն էլ հատկացվել է Հայաստանին: Կոկա-Կոլա ընկերությունը դադարեցնում է գովազդային գործունեությունը, և, համագործակցելով ՀՀ առողջապահության նախարարության հետ, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին անվճար ջուր է մատակարարելու մինչև համաճարակի ավարտը:
Ընկերությունների, կազմակերպությունների և անհատների միասնականությունն է, որ դառնալու է համաճարակի դեմ արդյունավետ պայքարի հաղթանակը: Ուստի ցանկացած աջակցություն այս պահին կենսական է, իսկ ուժերի համախմբումն առավել, քան անհրաժեշտ:

«ՔՈՎԻԴ-19-ը ոչ միայն առողջապահական և զարգացման հիմնախնդիր է, այլ նաև մարդկային անվտանգության ճգնաժամ: Աղքատության վերացման, անհավասարությունների նվազեցման և ճգնաժամի ու ցնցումների նկատմամբ կայունության բարձրացման առաքելությունը կատարելու համար ՄԱԶԾ-ը տարբեր ծրագրերի միջոցով օգնում է Հայաստանին արդյունավետ արձագանքել համաճարակին: Մասնավոր ոլորտի հետ երկարաժամկետ համագործակցությունը և նորարարական լուծումներով մեր ներդրումները կարևոր նշանակություն կունենան նման ճգնաժամերն առավել լավ կառավարելու և կանխելու հարցում», ասաց Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարյասինը։

«Մենք հարկ ենք համարում լինել մեր համայնքների կողքին և աջակցնել նրանց այս իրավիճակում։ «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության հաջող համագործակցությունը ՄԱԶԾ-ի հետ երկար տարիների պատմություն ունի։ Ուրախ ենք գործակցել նրանց հետ այս նախաձեռնության շրջանակում ևս։ Լիահույս ենք, որ այս կենսական սարքավորումները կարող են կյանքեր փրկել։ Մեր երախտագիտությունն ենք նաև հայտնում առաջին գծում աշխատող առողջապահության ոլորտի մասնագետներին: Հավատում ենք, որ շուտով իրավիճակը կբարելավվի, և համերաշխության, արագ կողմնորոշման և հոգատարության արժեքները, որոնք մենք դրսևորում ենք մեր ժողովրդի և համայնքների համար, կշարունակեն ամրապնդվել», նշեց «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության Գլխավոր տնօրեն Արթուր Սահակյանը: