EN | AM

Հայկական սփյուռքը հայ բժիշկների կողքին է` COVID-19-ի դեմ պայքարում

Ի աջակցություն ՀՀ առողջապահության նախարարության` ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) Հայաստանի գրասենյակը կազմակերպեց հեռավար քննարկում՝ հայ առաջատար բժիշկ-ճառագայթաբանների և ԱՄՆ առաջնակարգ բժշկական հաստատություններից մեկի` Նյու Յորքի համալսարանի բժշկագիտության դպրոցի բժիշկների միջև:

Այս նախաձեռնությունը և քննարկումը սփյուռքահայ մասնագետներին Հայաստանի ոլորտային նախաձեռնություններին ներգրավման ուղղությամբ ձեռնարկվող հաջողված օրինակներից մեկը կարելի է համարել, երբ, ՄՄԿ-ի վերջերս իրականացված մեծածավալ տվյալների շտեմարանների օնոմաստիկ վերլուծության արդյունքների հիման վրա, հաջողվեց գտնել և կապ հաստատել Նյու Յորքի բժշկագիտության դպրոցի ասիստենտ-պրոֆոսոր, անոթային և ինտերվենցիոն ռադիոլոգիայի հետազոտական ​​ծրագրի ղեկավար, բժիշկ Բեդրոս Թասլակյանի հետ: Վերջինս իր հերթին հեռավար քննարկմանը մասնակցելու հրավիրեց նույն բժշկական հաստատության այլ առաջատար մասնագետ, ճառագայթաբան, պրոֆ. Ուիլյամ Մուրին, ով հայ մասնագետներին ներկայացրեց իր մոտեցումները և պրակտիկ փորձը` COVID-19-ի դեմ պայքարում:

Հայ բժիշկները ԱՄՆ գործընկերների հետ քննարկեցին ընթացիկ գլոբալ միտումները, բուժման ամենաարդյունավետ մեթոդներն ու եղանակները, գիտական ​​վերջին նորարարությունները և դրանց կիրառությունը պրակտիկայում, ինչպես նաև՝ COVID-19 համաճարակի դեմ պայքարի նպատակով արհեստական ​​ինտելեկտի օգտագործմանն ուղղված ԱՄՆ ջանքերը: Նրանք բարձր գնահատեցին ԱՄՆ գործընկերների թե՛պատրաստակամությունը և թե՛ հատկացված ժամանակը` կիսվելու իրենց փորձով և գիտելիքով, ինչն իրապես շատ օգտակար էր և ժամանակին:

ԱՄՆ բժիշկները նույնպես բարձր գնահատեցին ՀՀ կառավարության խելամիտ որոշումն` ուղղված COVID-19-ով վարակվածներին բուժելու նպատակով առանձին հիվանդանոցներ հատկացնելուն, ինչը, ցավոք, հնարավոր չէր կազմակերպել Նյու Յորքում:

ՄՄԿ հայաստանյան գրասենյակը շարունակում է իրականացնել սփյուռքի առաջատար բժիշկ-մասնագետների հետ քննարկումների շարքը՝ փորձելով նպաստել ստեղծված իրավիճակի արագ և արդյունավետ հանգուցալուծմանը: