EN | AM

Փաստեր և առասպելներ նոր կորոնավիրուսի մասին

Համացանցը լի է նոր կորոնավիրուսային վարակի մասին տարատեսակ տեղեկատվությամբ, ուստի չափազանց կարևոր է իմանալ, թե ինչն է ճիշտ, իսկ ինչը՝ ոչ:  Այս տեղեկատվությունը կօգնի Ձեզ և Ձեր ընտանիքին մնալ առողջ և ապահով:

Փաստեր

Նոր կորոնավիրուսը կարող է փոխանցվել շոգ և խոնավ կլիմայական պայմաններում

Առկա ապացույցների համաձայն՝ նոր կորոնավիրուսը կարող է փոխանցվել բոլոր վայրերում, այդ թվում՝ տաք և խոնավ եղանակային պայմաններում: Անկախ կլիմայից՝ կիրառեք պաշտպանիչ միջոցառումներ, եթե բնակվում եք կամ պլանավորում եք մեկնել մի երկիր, որտեղ առկա է ՔՈՎԻԴ-19:

Նոր կորոնավիրուսից պաշտպանվելու լավագույն միջոցը ձեռքերը հաճախակի լվանալն է: Ոչնչացնելով վիրուսները, որոնք կարող են առկա լինել Ձեր ձեռքերի վրա՝ դուք կխուսափեք Ձեր աչքերին, քթին և բերանին դիպչելու պարագայում վարակի ներթափանցումից:

Ցուրտ եղանակը ՉԻ կարող ոչնչացնել նոր կորոնավիրուսը

Չկա ոչ մի հիմք՝ մտածելու, որ ցուրտ եղանակը կարող է ոչնչացնել կորոնավիրուսը կամ այլ հիվանդություններ։ Մարդու մարմնի ջերմաստիճանը, անկախ եղանակային պայմաններից, մնում է 36.5°C - 37°C ջերմաստիճանի սահմանում։

Նոր կորոնավիրուսից պաշտպանվելու լավագույն միջոցը ձեռքերը հաճախակի լվանալն է ջրով և օճառով կամ մաքրելը՝ սպիրտային հիմքով քսուքով։

Տաք լոգանք ընդունելը չի կանխարգելում նոր կորոնավիրուսը

Տաք լոգանք ընդունելը չի պաշտպանի Ձեզ ՔՈՎԻԴ-19-ից: Ձեր մարմնի ջերմաստիճանը, անկախ լոգանքի ժամանակ ջրի ջերմաստիճանից, մնում է 36.5°C - 37°C ջերմաստիճանի սահմանում: Ավելին, չափազանց տաք ջուրը լոգանքի ժամանակ կարող է այրվածքների պատճառ դառնալ: 

Նոր կորոնավիրուսից պաշտպանվելու լավագույն միջոցը ձեռքերը հաճախակի լվանալն է: Ոչնչացնելով վիրուսները, որոնք կարող են առկա լինել Ձեր ձեռքերի վրա՝ դուք կխուսափեք Ձեր աչքերին, քթին և բերանին դիպչելու պարագայում վարակի ներթափանցումից:

 
Նոր կորոնավիրուսը ՉԻ ԿԱՐՈՂ փոխանցվել մոծակի խայթոցով

Մինչ այժմ չկա որևէ տեղեկատվություն կամ ապացույց, որ նոր կորոնավիրուսը կարող է փոխանցվել մոծակների կոմից: Նոր կորոնավիրուսը շնչառական վարակ է, որը հիմնականում տարածվում է վարակված մարդու հազից կամ փռշտոցից առաջացած կաթիլներով կամ թքի և քթից արտադրության կաթիլներով:

Պաշտպանվելու համար հաճախակի մաքրեք Ձեր ձեռքերը սպիրտային հիմքով քսուքով կամ լվացեք օճառով և ջրով: Բացի այդ, խուսափեք հիվանդ մարդկանց հետ սերտ շփումից, հատկապես, երբ նրանք հազում են և փռշտում:

 
Առասպելներ
 
Արդյո՞ք ձեռքերը չորացնող սարքերը ոչնչացնում են նոր կորոնաիրուսային վարակը
 
Ոչ: Ձեռքերը չորացնող սարքերը չեն ոչնչացնում 2019-nCOV-ը: Նոր կորոնավիրուսային վարակից պաշտպանվելու համար հաճախակի մաքրեք Ձեր ձեռքերը սպիրտային հիմքով քսուքով կամ լվացեք օճառով և ջրով: Ձեռքերը լվանալուց հետո, չորացրեք դրանք թղթե սրբիչով կամ ձեռքերը չորացնող սարքի ջերմ օդով:
 

Արդյո՞ք ուլտրամանուշակագույն ճառագայթիչը կարող է ոչնչացնել նոր կորոնավիրուսային վարակը

Ուլտրամանուշակագույն ճառագայթիչները չպետք է օգտագործվեն ձեռքերը կամ մաշկի այլ հատվածները ախտահանելու նպատակով, քանի որ ճառագայթումը կարող է վնասել մաշկը:

 
Որքա՞ն արդյունավետ են ջերմային սքաններները հայտնաբերում նոր կորոնավիրուսային վարակը
 
Ջերմային սքաններները արդյունավետ են այն մարդկանց պարագայում, ում մոտ վարակի հետևանքով արդեն իսկ զարգացել է ջերմություն: Արդուհանդերձ, դրանք չեն կարող հայտնաբերել այն  վարակվածներին, ում մոտ դեռ չկա ջերմություն: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ ախտանշանները կարող են ի հայտ գալ վարակվելուց 2-10 օրվա ընթացքում:
 

Արդյո՞ք սպիրտով կամ քլորով ողջ մարմնի ախտահանումը կարող է ոչնչացնել նոր կորոնավիրուսը

Ոչ: Սպիրտով կամ քլորով ախտահանումը չի ոչնչացնի արդեն իսկ մարմին ներթափանցած վիրուսը: Ավելին, նմանատիպ հեղուկները կարող են վնասել Ձեր հագուստը և լորձաթաղանթները (օր՝ աչքերի կամ բերանի): Սակայն հիշեք, որ թե սպիրտը, թե քլորը կարող են օգնել ախտահանել Ձեզ շրջապատող մակերևույթները: Մակերևույթների ախտահանման միջոցառումները հարկավոր է իրականացնել խիստ հետևելով հեղուկների օգտագործման պայմաններին:

Արդյո՞ք թոքաբորբի դեմ պատվաստումը պաշտպանում է նոր կորոնավիրուսային վարակից

Ոչ: Թոքաբորբի դեմ պատվաստանյութերը, ինչպիսիք են պնևմակոկային պատվաստանյութը և Հեմոֆիլուս ինֆլուենզա բ տիպի պատվաստանյութը (Hib), չեն պաշտպանում նոր կորոնավիրուսային վարակից: Վարակը նոր է, տարբերվող և սեփական պատվաստանյութի կարիքն ունի:

Գիտնականները փորձում են ստեղծել նոր պատվաստանյութ 2019-nCOV-ի դեմ, և ԱՀԿ-ն աջակցում է նրանց այդ հարցում: Չնայած, որ այս պատվաստանյութերը արդյունավետ չեն նոր կորոնավիրուսային վարակի դեմ, սակայն շնչառական վարակների դեմ պատվաստվելը կնպաստի Ձեր առողջությանը:

Արդյո՞ք քթի կանոնավոր լվացումը աղի լուծույթով կարող է կանխարգելել նոր կորոնավիրուսային վարակը

Ոչ: Չկա հստակ ապացույց, որ քթի կանոնավոր լվացումը աղի լուծույթով պաշտպանում է նոր կորոնավիրուսային վարակից: Չնայած, որ առկա են որոշ տվյալներ, որ աղի լուծույթով քթի կանոնավոր լվացումը կարող է նպաստել սովորական մրսածությունից ավելի աագ ապաքինմանը, այդուհանդերձ՝ այն չի կանխարգելում շնչառական վարակները:

 
Արդյո՞ք սխտորի օգտագործումը կարող է կանխարգելել նոր կորոնավիրուսային վարակը
 
Սխտորը առողջարար սննդամթերք է, որը կարող է ունենալ հակամանրէային հատկություններ: Այդուհանդերձ, չկա հստակ ապացույց, որ սխտորի օգտագործումը պաշտպանում է նոր կորոնավիրուսային վարակից (2019-nCov): 
 

Արդյո՞ք նոր կորոնավիրուսը վտանգավոր է միայն տարեցների համար, թե՝ երիտասարդներն էլ են խոցելի

Նոր կորոնավիրուսով (nCOV-2019) կարող է վարակվել ցանկացած տարիքի անձ: Մեծահասակների և քրոնիկ առողջական խնդիրներ (ասթմա, շաքարախտ, սրտանոթային հիվանդություններ) ունեցող անձանց վրա նոր կորոնավիրուսը ավելի ծանր ազդեցություն ունի:

ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս բոլորին՝ անկախ տարիքից, պաշտպանվել վարակից՝ հաճախակի լվանալով ձեռքերը և պահպանելով շնչառության հիգիենայի կանոնները: 

Արդյո՞ք հակաբիոտիկները արդյունավետ են նոր կորոնավիրուսի կանխարգելման և բուժման համար

Ոչ, հակաբիոտիկները վիրուսների վրա չեն ազդում, միայն՝ բակտերիաների: Նոր կորոնավիրուսը (2019-nCOV) վիրուս է, հետևաբար, ոչ կանխարգելման, ոչ բուժման նպատակով հակաբիոտիկ չի կիրառվում: Այդուհանդերձ, եթե Դուք հոսպիտալացվել եք 2019-nCOV-ից ուժվելու նպատակով, Ձեզ կարող են նշանակել հակաբիոտիկներ , քանի որ հնարավոր է բակտերիալ համակցություն:

Արդյո՞ք կա հատուկ դեղամիջոց, որը կանխարգելում է կամ բուժում նոր կորոնավիրուսը

Մինչ օրս, չկա որևէ հատուկ դեղամիջոց, որը կօգնի կանխարգելել կամ բուժել նոր կորոնավիրուսը (2019-nCOV):

Այդուհանդերձ, կորոնավիրուսով վարակվածները պետք է պատշաճ խնամք ստանան՝ թեթևացնելու և բուժելու համար ախտանշանները: Ծանր վիճակում գտնվողները պետք է ստանան նաև օժանդակ խնամք: Այս պահի դրությամբ ուսումնասիրվում են բուժման որոշակի մեթոդներ, որոնք հետագայում կանցնեն կլինիկական փորձարկումներ:

ԱՀԿ-ն, մի շարք գործընկերների հետ միասին, օգնում է արագացնել հետազոտությունները և զարգացումները: