EN | AM

ՄԱԿ-ի ԴԵԿՏԵՄԲԵՐ ամսվա հիշարժան օրերի ցանկը

Միավորված ազգերի կազմակերպությունը նշում է հատուկ օրերշաբաթներտարիներ և տասնամյակներ՝ յուրաքանչյուրը մի թեմայով կամ վերնագրով: Ստեղծելով հատուկ հիշարժան օրեր՝ Միավորված ազգերի կազմակերպությունը նպաստում է այդ խնդիրների վերաբերյալ միջազգային իրազեկմանը և գործողությունների ձեռնարկմանը: Հիշարժան օրերի մեծամասնությունը ստեղծվել է ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի բանաձևերի հիման վրա,  չնայած որ ոմանք նշանակվել են ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների կողմից։

Դեկտեմբեր ամսվա հիշարժան օրերի ցանկը.

  • 1 դեկտեմբեր, ՁԻԱՀ–ի դեմ պայքարի համաշխարհային օր

Ավելի քան 30 մլն մարդ ապրում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով, ընդ որում՝ ամեն տարի վարակվում է ավելի քան 2 մլն մարդ։ Այն շարունակում է մնալ աշխարհում մահվան գլխավոր պատճառը: ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը կարևորագույն հնարավորություններից է` բարձրացնելու ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի մասին իրազեկվածությունը, ոգեկոչելու զոհ գնացած մարդկանց և արժևորելու այնպիսի հաղթանակները, ինչպիսիք են բուժման և կանխարգելման մատչելիության բարձրացումը: Միջոցառումներ են կազմակերպվում՝ ուղղված ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ին առնչվող խարանը վերացնելուն, ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կապի մասին իրազեկվածության մակարդակը բարձրացնելուն և մորից երեխային փոխանցումը կանխարգելելու համար միջոցներ ներգրավելուն:

  • 2 դեկտեմբեր, Ստրկության վերացման միջազգային օր

Այսօր 21 մլն կանայք, տղամարդիկ և երեխաներ ամբողջ աշխարհում ստրկության մեջ են՝ ներառյալ մարդկանց թրաֆիքինգը, սեռական շահագործումը, երեխաների աշխատանքը, հարկադիր ամուսնությունը և մանուկ զինվորների երևույթը: Ստրկության վերացման միջազգային օրը կենտրոնանում է ստրկության ժամանակակից բոլոր ձևերն արմատախիլ անելու վրա և համընկնում է Մարդկանց թրաֆիքինգի և այլոց մարմնավաճառության շահագործման դեմ կոնվենցիայի ընդունման օրվա հետ։ Ստրկության ժամանակակից ձևերի հարցերով ՄԱԿ–ի կամավոր նպատակային հիմնադրամն աջակցել է աշխահի 90-ից ավելի երկրներում ստրկությունից տուժած տասնյակ հազարավոր զոհերի։ Խրախուսելի է, որ կառավարությունները և գործարար հատվածը ներդրում ունենան այս հիմնադրամում՝ ի պաշտպանություն զոհերի ողջ աշխարհում:

  • 3 դեկտեմբեր, Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր

Ավելի քան մեկ միլիարդ մարդ կամ աշխարհի բնակչության մոտ 15 տոկոսը ապրում են հաշմանդամության որևէ ձևով։ Ընդ որում, նրանց 80 տոկոսն ապրում է զարգացող երկրներում: Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն ընդգծում է, որ հաշմանդամություն ունեցող անձինք հիմնականում մարգինալացված են, անհամաչափորեն ավելի աղքատ, ավելի հաճախ գործազուրկ և ունեն մահացության ավելի բարձր ցուցանիշներ: Միջոցառումներ են տեղի ունենում ամբողջ աշխարհում` իրազեկվածության բարձրացման և ՄԱԿ-ի՝ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի նպատակներին հասնելու համար, ներառյալ խտրականության և մեկուսացման վերացումը։ ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը հռչակեց այս օրն իր 1992 թ. A/RES/47/3 բանաձևով:

  • 5 դեկտեմբեր, Տնտեսական և սոցիալական զարգացման կամավորների միջազգային օր

Ամեն օր հազարավոր մարդիկ կամավոր են գրանցվում, առցանց կամ տեղում՝ ծառայելու այլոց և նպաստում են խաղաղությանը և զարգացմանը: Տնտեսական և սոցիալական զարգացման կամավորների միջազգային օրը հնարավորություն է ընձեռում կամավորական կազմակերպություններին և անհատ կամավորներին իրենց բերած նպաստը տեսանելի դարձնելու տեղական, պետական և միջազգային մակարդակներով։ Միջոցառումները ներառում են թեմատիկ քննարկումներով ուղեկցվող տեսանյութերի դիտումները և սոցիալական մեդիայի ներգրավումը։ ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը հռչակեց այս օրն իր 1985 թ. A/RES/40/212 բանաձևով:

  • 5 դեկտեմբեր, Հողի համաշխարհային օր

Հողագիտության  միջազգային միությունը 2002թ. Ընդունեց բանա­ձև՝առաջարկելով դեկտեմբերի 5-ը ճանաչել որպես Հողի համաշխարհային օր նշելու  հողի կարևորությանը որպես բնական համակարգի  նշանակալի բաղադրիչ և մարդկային բարեկեցության  հիմնական  գործոն։ Թայլանդի Թագավորության առաջնորդությամբ  և «Հողային տարածքների համաշ­խար­­հա­յին գործընկերության» շրջանակներում Պարենի և գյուղա­տնտե­սության կազմակերպությունը (ՊԳԿ)-ը  աջակցեց Հողի համաշ­խար­հային օրվա պաշտոնապես ընդունմանը՝ որպես գլոբալ իրազեկման հարթակ։ 2013թ. հունիսին ՊԳԿ կոնֆերանսի ժամանակ միաձայն հաստատվեց Հողի համաշխարհային օրը և ներկայացվեց ՄԱԿ-ի Ընդհանուր վեհա­ժողովի 68-րդ նստաշրջանի ընդունմանը։ 2013թ. դեկտեմբերին Ընդհա­նուր վեհաժողովը հռչակեց դեկտեմբերի 5-ը որպես Հողի համաշ­խա­րհային օր։ 2012թ. ի վեր ՊԳԿ-ը և «Հողային տարածքների համաշ­խարհային գործընկերության» հետ համատեղ կազմակերպում են այս կարևոր օրվան նվիրված միջոցառումներ։

  • 7 դեկտեմբեր, Քաղաքացիական ավիացիայի միջազգային օր

Օդային ճամփորդությունը խիստ կարևոր է մեր համաշխարհային հասարակության բարեկեցության համար։ Դրա շնորհիվ մեկտեղ են հավաքվում ընտանիքի անդամներն ու ընկերները, զարգանում է միջազգային զբոսաշրջությունն ու առևտուրը, ապահովվում են միլիոնավոր աշխատատեղեր, և հնարավորություն է ստեղծվում կղզի պետությունների, ցամաքով շրջափակված երկրների և հեռավոր վայրերի համար՝ միանալու շուկաներին և ստանալու կարևորագույն ծառայությունները: Քաղաքացիական ավիացիայի միջազգային օրը կոչ է անում կառավարություններին, ինչպես նաև համապատասխան կազմակերպություններին՝ քայլեր ձեռնարկելու` նպաստելու համար քաղաքացիական ավիացիայի ոլորտում հետագա կայուն զարգացմանը և ապահովելու քաղաքացիական ավիացիայի անվտանգության շարունակական պահպանումը և խթանումը: ՄԱԿ-ի ԸՆդհանուր վեհաժողովն այս օրը հռչակեց իր 1997թ. A/RES/51/33 բանաձևով:

  • 9 դեկտեմբեր, Ցեղասպանության հանցագործության կանխարգելման, զոհերի հիշատակի և արժանապատվության միջազգային օր

2015թ.-ի սեպտեմբերին ՄԱԿ-ի Ընդհանուր Վեհաժողովը հռչակեց դեկտեմբերի 9-ը որպես Ցեղասպանության հանցագործության կանխարգելման, զոհերի հիշատակի և արժանապատվության միջազգային օր։ 1948թ. դեկտեմերի 9-ը Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի ընդունման տարելիցն է («Ցեղասպանության մասին կոնվենցիա»)։ Օրվա նպատակն է իրազեկել Ցեղասպանության Կոնվենցիայի և դրա նշանակության մասին՝ ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դրա դեմ պայքարի գործում, ինչպես սահմանված է կոնվենցիայում, և հիշատակել ու հարգանքի տուրք մատուցել դրա զոհերին։Բանաձևի ընդունման ժամանակ, առանց քվեարկության, 193 անդամ ունեցող Ընդհանուր Վեհաժողովը վերահաս­տատեց յուրաքանչյուր պետության պատասխանատվությունը պաշտպանելու իր բնակչությանը ցեղասպանությունից, որը հանգեցնում է այսպիսի հանցագործության կանխարգելմանը՝ ներառյալ դրա դրդապատ­ճառ­ները։

  • 9 դեկտեմբեր, Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր

Կոռուպցիան վնաս է հասցնում բոլոր երկրներին՝ խոչընդոտելով սոցիալական առաջընթացին և առաջացնելով անհավասարություն ու անարդարություն: Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը կոչ է անում պետություններին՝ իրենց բաժին աշխատանքը կատարելու` ի նպաստ կոռուպցիայի բացահայտ­մանն և խափանմանը, ինչպես նաև բարոյական վարքն արժևորող մշակույթի առաջացմանը: Միջաոցառումներ են անցկացվում յուրաքանչյուր տարի խրա­խուսելով հանրությանը՝ զեկուցելու իրենց համայնքներում կոռուպցիայի դեպքերի վերաբերյալ և հրաժարվելու կոռուպցիային մասնակցությունից։ ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը հռչակեց այս օրն իր 2003 թ. A/RES/58/4 բանաձևով:

  • 10 դեկտեմբեր, Մարդու իրավունքների օր

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրն ընդունվել է 1948 թ. դեկտեմբերի 10-ին: Այդ ժամակավանից ի վեր այս օրն ամբողջ աշխարհում նշվում է որպես Մարդու իրավունքների օր։ Մարդու իրավունքները հավասարապես պատկանում են յուրաքանչյուրիս՝ առանց որևէ տարբերակման: Յուրաքանչյուր տարի անցկացվող միջոցառումները հարգանքի տուրք են մատուցում մարդու իրավունքների բոլոր պաշտպաններին և խրախուսում են հանրության ներգրավումը մարդու իրավունքների համաշխարհային շարժման մեջ: ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը հռչակեց այս օրն իր 1950 թ. A/RES/423 (V) բանաձևով:

  • 11 դեկտեմբեր, Լեռների միջազգային օր

Լեռները կենսական նշանակություն ունեն կյանքի համար։ Նրանք ապահովում են աշխարհի քաղցրահամ ջրերի մեծ մասը, ապահովում են բույսերի և կենդանիների հարուստ բազմազանություն և բնակավայր են աշխարհի տասը մարդուց մեկի համար։ Սակայն ամեն օր շրջակա միջավայրի խաթարումը, կլիմայի փոփոխության հետևանքները, չարաշահող հանքարդյունաբերությունը, զինված հակամարտությունները, աղքատությունը և սովը վտանգում են այն կենսական շղթան, որը կապված էլեռների հետ: Լեռների միջազգային օրը բարձրացնում է իրազեկությունը՝ կյանքի համար լեռների ունեցած կարևորության մասին և գործընկերային կապեր հաստատելու մասին, որոնք դրական փոփոխություններ առաջ կբերեն աշխարհի լեռներում և բարձրադիր վայրերում: ՄԱԿ–ի Ընդհանուր վեհաժողովն այս օրը հռչակեց իր 2003 թ. A/RES/57/245 բանաձևով:

  • 12 դեկտեմբեր, Չեզոքության միջազգային օր

Չեզոքությունը սահմանվում է որպես այլ պետությունների միջև պատերազմի ընթացքում մի պետության ձեռնպահ մնալուց բխող իրավական կարգավիճակ, հակամարտող կողմերի նկատմամբ անաչառության պահպանում։Հակամարտող կողմերի կողմից անկողմնակալության և  ձեռնպահության ճանաչումը հույժ կարևոր է ՄԱԿ-ի համար՝ վաստակելու և պահպանելու բոլորի վստահությունն ու համագործակցությունը, որպեսզի հնարավոր լինի գործել անկախ և արդյունավետ, հատկապես քաղաքական լարված իրավիճակներում։ Ընդհա­նուր Վեհաժողովը վերահաստատեց ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածով սահմանված անդամ պետությունների պարտականությունները իր 71/275 բանաձևում, այն է՝ կարգավորել պետությունների միջև միջազգային վեճերը խաղաղ միջոցներով և խուսափել իրենց հարաբերություններում ուժի գործա­դրումից։ Բանաձևը նաև ընդգծում է, որ որոշ պետությունների չեզո­քության ազգային քաղաքականությունները կարող են օգնել միջազգային խաղա­ղության և անվտանգության ամրապնդմանը, կարևոր դեր ունենալ աշխար­­հի երկրների միջև փոխշահավետ հարաբերությունների զարգացման գործում:

  • 12 դեկտեմբեր, Առողջապահության համընդհանուր ծածկույթի միջազգային օր

2017թ. դեկտեմբերի 12-ին ՄԱԿ-ը հռչակեց դեկտեմբերի 12-ը որպես Առողջապահության համընդհանուր ծածկույթի միջազգային օր իր թիվ A/RES/72/138 բանաձևով։ Բանաձևը պարտավորեցնում է երկրներին արագացնել առողջապահության համընդհանուր ծածկույթի զարգացումը, համաձայն որի բոլորին և ամենուրեք պետք է լինի որակյալ և մատչելի առողջապահական ծառայությունների հասանելիություն՝ որպես միջազգային զարգացման կարևոր առաջնահերթություն։

  • 18 դեկտեմբեր, Միգրանտների միջազգային օր

Միջազգային միգրանտների ընդհանուր թիվը 2000 թ. մոտ 175 մլնից այժմ հասել է 232 մլնի: Միգրանտների միջազգային օրն ընդգծում է, որ մարդու իրավունքների միջազգային իրավունքի համաձայն` բոլոր անձինք, առանց խտրականության և անկախ ազգությունից կամ իրավական կարգավիճակից, իրավունք ունեն օգտվելու մարդու հիմնարար իրավունքներից։ Այս օրը բարձրացնում է իրազեկվածությունը ներկայումս միգրանտների առջև ծառացած խնդիրների մասին և խրախուսում է միգրանտների մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին տեղեկատվության տարածումը: ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը հռչակել է այս օրն իր 2000 թ. A/RES/55/93 բանաձևով։

  • 18 դեկտեմբեր, Արաբերեն լեզվի օր

Արաբերենը աշխարհում ամենաշատ խոսվող լեզուներից է։ Այն օգտագործվում է ավելի քան 422 միլիոն մարդու կողմից և խոսվում է արաբական աշխարհ կոչվող տարածաշրջանում, ինչպես նաև հարևան այլ տարածաշրջաններում։ Ի աջակցություն ՄԱԿ-ի բազմալեզվության և բազմամշակութայնության ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչությունը ընդունեց բանաձև Մայրենի լեզվի միջազգային օրվա նախօրյակին (նշվում է ամեն տարի փետրվարի 21-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ) տոնելու ՄԱԿ-ի 6 պաշտոնական լեզուները։ Որոշվեց դեկտեմբերի18-ը նշել որպես Արաբերեն լեզվի օր, քանի որ 1973թ.-ի հենց նույն օրը ՄԱԿ-ի Ընդհանուր Վեհաժողովը ընդունեց 3190 բանաձևը, որով որոշվեց արաբերենը դարձնել ՄԱԿ-ի պաշտոնական և աշխատանքային լեզու։ Այս օրվա նպատակն է իրազեկել ՄԱԿ-ի 6 լեզուների պատմության, մշակույթի և զարգացման մասին։

  • 20 դեկտեմբեր, Մարդկային համերաշխության միջազգային օր

Համերաշխությունը ՄԱԿ-ի Հազարամյակի հռչակագրում ամրագրված է որպես 21-րդ դարում միջազգային հարաբերությունների հիմնարար արժեքներից մեկը: Համընդհանուր մարտահրավերների ավելի ու ավելի բարդացող աշխարհում, որևէ ազգ չի կարող միայնակ հաջողության հասնել. միայն միասին աշխատելով՝ կարող ենք կառուցել ավելի ապահով և բարեկեցիկ ապագա բոլորիս համար։ Մարդկային համերաշխության միջազգային օրը նշվում է` կարևորելով բազմազանության կարևորությունը և միասնականության ոգին աղքատության դեմ պայքարում: Ամեն տարի անցկացվում են միջոցառումներ՝ հանրային իրազեկության բարձրացման, աղքատության հաղթահարման նոր նախաձեռնությունների խրախուսման և կառավարություններին՝ միջազգային համաձայնագրերով իրենց ստանձնած պարտավորությունները հարգելու մասին հիշեցնելու համար: Ընդհանուր վեհաժողովը հռչակել է այս օրն իր 2005թ. A/RES/60/209 բանաձևով: