EN | AM

Միավորված ազգերի ՀՈՒՆԻՍ ամսվա հիշարժան օրերի ցանկը

Միավորված ազգերի կազմակերպությունը նշում է հատուկ օրերշաբաթներտարիներ և տասնամյակներ՝ յուրաքանչյուրը մի թեմայով կամ վերնագրով: Ստեղծելով հատուկ հիշարժան օրեր՝ Միավորված ազգերի կազմակերպությունը նպաստում է այդ խնդիրների վերաբերյալ միջազգային իրազեկմանը և գործողությունների ձեռնարկմանը: Հիշարժան օրերի մեծամասնությունը ստեղծվել է ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի բանաձևերի հիման վրա,  չնայած որ ոմանք նշանակվել են  ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների կողմից։

Հունիս ամսվա հիշարժան օրերի ցանկը.

  • 1 հունիս, Ծնողների համաշխարհային օր

Ընտանիքը առաջնային պատասխանատվություն է կրում երեխաներին պաշտպանելու, դաստիարակելու և մեծացնելու հարցում: Ծնողների համաշխարհային օրը հնարավորություն է տալիս արժևորելու աշխարհի բոլոր ծայրերում գտնվող բոլոր ծնողներին՝ երեխաների հանդեպ նրանց անձնվիրության և հանուն այդ հարաբերությունը զարգացնելու՝ մի ամբողջ կյանք ձգվող նրանց զոհաբերության: ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը հռչակեց այս օրն իր 2012 թ. A/RES/66/292 բանաձևով:

  • 3 հունիս, Հեծանիվի համաշխարհային օր

Ընդունելով  երկու դար օգտագործվող հեծանիվի յուրահատուկ, դիմացկուն և ունիվերսալ բնույթը, և, որ այն հանդիսանում է պարզ, մատչելի, հուսալի, մաքուր, էկոլոգիապես անվնաս և կայուն, առողջության և շրջակա միջավայրի պահպանությունը խթանող  տրանսպորտային միջոց՝ ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը հռչակել  է հունիսի 3-ը Հեծանիվի համաշխարհային օր: 

  • 4 հունիս, Ագրեսիայի զոհ դարձած անմեղ երեխաների միջազգային օր 

Ավելի բարդ և ավերիչ զենքերի մշակման հետ մեկտեղ՝ պատերազմներն այլևս չեն սահմանափակվում զինվորականների դեմ պատերազմելով. դրանք ծանր վնաս են հասցնում խաղաղ բնակչությանը, որոնց թվում առավել խոցելի են երեխաները: Ագրեսիայի զոհ դարձած անմեղ երեխաների միջազգային օրը շեշտում է մեր պարտականությունը, որը հաստատված է Երեխայի իրավունքների հռչակագրում՝ բոլոր երեխաների համար հատուկ պաշտպանություն ապահովելու: ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը հռչակեց այս օրն իր 1983 թ. A/RES/ES-7/8 բանաձևով:

  • 5 հունիս, Շրջակա միջավայրի համաշխարհային օր

1972 թ. ՄԱԿ-ի Մարդկային շրջակա միջավայրի խորհրդաժողովը հայտարարեց, որ մարդիկ լուրջ պատասխանատվություն են կրում շրջակա միջավայրի պաշտպանության և բարելավման համար՝ հանուն ներկա և ապագա սերունդների: Շրջակա միջավայրի համաշխարհային օրը նշվում է բոլոր պետություններին հիշեցնելու համար իրենց պարտավորության մասին՝ պահպանելու մեր շրջակա միջավայրը և բարձրացնելու իրազեկվածությունը կլիմայի փոփոխության վտանգների վերաբերյալ: ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը հռչակեց այս օրն իր 1972 թ. A/RES/2994 (XXVII) բանաձևով:

  • 5 հունիս, Ապօրինի, չգրանցված և չկանոնակարգված ձկնորսության դեմ պայքարի միջազգային օր

ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի կողմից 2015 թ. ընդունված Կայուն զարգացման նպատակների 14.4-ը թիրախը  կոչ է անում միջազգային հանրությանը մինչև 2020թ. «արդյունավետ կերպով կանոնակարգել և վերջ դնել չափը գերազանցող, ապօրինի, չգրանցված, չկանոնակարգված ձկնորսությանը և ձկնորսական կործանարար մեթոդներին»: 

  • 6 հունիս, Ռուսերեն լեզվի օր

Միավորված ազգերի կազմակերպության կողմից հռչակված լեզվի օրերը նպատակ ունեն նշելու բազմալեզվությունն ու մշակութային տարբերությունը, ինչպես նաև խթանելու բոլոր վեց պաշտոնական լեզուների հավասար կիրառությունը Կազմակերպության ներսում: Ռուսերենը կարևոր դեր է խաղում ՄԱԿ-ի գործունեության մասին աշխարհում տեղեկատվության տարածման համար։ Օրվա տոնումը ավանդաբար համընկնում է ռուս մեծանուն բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի ծննդյան օրվա հետ։  

  • 7 հունիս, Սննդամթերքի անվտանգության միջազգային օր

Սննդածին հիվանդությունների տարեկան 600 միլիոն դեպք է գրանցվում, և վտանգավոր սնունդը սպառնում է մարդկանց առողջությանը և տնտեսությանը, անհամաչափորեն ազդելով խոցելի և մարգինալացված մարդկանց՝ հատկապես կանանց և երեխաների, հակամարտութ¬յունից տուժած ժողովուրդների և միգրանտների վրա: 2018 թ. դեկտեմբերին Ընդհանուր վեհաժողովը հռչակեց հունիսի 7-ը Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օր: 

  • 8 հունիս, Օվկիանոսների համաշխարհային օր

Օվկիանոսների համաշխարհային օրն արժևորում է մեր աշխարհի օվկիանոսները և բարձրացնում է իրազեկվածությունը մեր կյանքում նրանց ունեցած էական դերակատարության մասին և այն կարևոր եղանակների մասին, որոնցով մարդիկ կարող են օգտակար լինել դրանց պահպանության գործում: Այս հիշարժան օրը նաև կոչ է անում Պետություններին համագործակցելու նավագնացային անվտանգության, ինչպես նաև նավերից աղտոտման կանխարգելման, նվազեցման և վերահսկման հարցերում։ ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը հռչակեց այս օրն իր 2008 թ. A/RES/63/111 բանաձևով։

  • 12 հունիս, Երեխաների ծանր աշխատանքի դեմ պայքարի համաշխարհային օր

Ողջ աշխարհում մոտ 215 մլն երեխա ծանր աշխատանք է կատարում, ինչպիսիք են վտանգավոր միջավայրերում աշխատելը, ստրկությունը կամ հարկադիր աշխատանքի այլ ձևերը, անօրինական գործունեությունը՝ ներառյալ թմրադեղերի անօրինական փոխադրումներն ու մարմնավաճառությունը, և զինված ընդհարումների մեջ ներգրավվածությունը: Աշխատանքի միջազգային կազմակերպությունն Երեխաների ծանր աշխատանքի դեմ պայքարի համաշխար-հային օրն օրը հաստատեց 2002 թ.:

  • 13 հունիս, Ալբինիզմի իրազեկման միջազգային օր

Ալբինիզմով տառապող մարդկանց ֆիզիկական տեսքը հաճախ սնահավատությունից բխող սխալ համոզմունքների  և առասպելների առարկա է դառնում, ինչն էլ նպաստում է նրանց մեկուսացմանը և հասարակությունից օտարմանը: Սա հանգեցնում է խարազանման և խտրականության տարբեր ձևերի:
2014 թ. դեկտեմբերի 18-ին ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովն  իր A/RES/69/170 բանաձևով հռչակեց հունիսի 13-ը Ալբինիզմի իրազեկման միջազգային օր, որն ուժի մեջ է մտել 2015 թվականից:

  • 14 հունիս, Արյան դոնորների համաշխարհային օր

Արյան փոխներարկումը կյանքեր է փրկում և բարելավում է առողջությունը, սակայն փոխներարկման կարիք ունեցող հիվանդներից շատերը ժամանակին անվտանգ արյուն ստանալու հնարավորություն չունեն: Աշխարհում կատարվում է շուրջ 107 մլն արյան նվիրատվության դեպք, սակայն նրանց գրեթե կեսը հավաքվում է բարձր եկամուտ ունեցող երկրներում, որտեղ բնակվում է աշխարհի բնակչության 15 տոկոսը: Առողջապահության համաշխարհային կազմակեր¬պությունը հայտարարեց Արյան դոնորների համաշխարհային օրն 2004 թ.։

  • 15 հունիս, Տարեց մարդկանց հանդեպ չարաշահումների մասին իրազեկման համաշխարհային օր

Տարեց մարդկանց հանդեպ չարաշահումները մարդու իրավունքների համաշխարհային խնդիր է, որն ազդում է աշխարհի միլիոնավոր տարեցների առողջության վրա: Կանխատեսվում է, որ տարեցների հանդեպ չարաշահումների դեպքերը կավելանան, քանի որ շատ երկրներ արագորեն ծերացող բնակչություն ունեն, իսկ 60 տարեկան և ավելի բարձր տարիքի մարդկանց թիվը 2025 թ. կհասնի 1,2 միլիարդի: ՄԱԿ–ի Ընդհանուր վեհաժողովն Տարեց մարդկանց հանդեպ չարաշահումների մասին իրազեկման համաշխարհային օրը հռչակեց իր 2012 թ. A/RES/66/127 բանաձևով:

  • 16 հունիս, Ընտանեկան դրամական փոխանցումների միջազգային օր 

Յուրաքանչյուր տարվա հունիսի 16-ին նշվող Ընտանեկան դրամական փոխանցումների միջազգային օրվա նպատակն է ճանաչել միգրանտ աշխատողների նշանակալից ֆինանսական ներդրումը `իրենց ընտանիքների բարեկեցությունը վերադարձնելու և իրենց հայրենիքի կայուն զարգացման գործում: ՄԱԿ–ի Ընդհանուր վեհաժողովն այս օրը հռչակել է իր 2015 թ. A/RES/71/237 բանաձևով: 

  • 17 հունիս, Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օր

Ամեն տարի 12 մլն հեկտար հողատարածք կորսվում է անապատացման պատճառով, ինչն անմիջականորեն ազդում է աշխարհի 1,5 միլիարդ մարդու կյանքի վրա: Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրը հիշեցնում է Պետություններին իրենց պարտավորվածության մասին համագործակցելու հանուն հողատարածքների և հողի արտադրողականության պահպանման և վերականգնման, ինչպես նաև հանուն չոր վայրերում երաշտի հետևանքների մեղմացման։ ՄԱԿ–ի Ընդհանուր վեհաժողովն այս օրը հռչակել է իր 1995 թ. A/RES/49/115 բանաձևով: 

  • 18 հունիս, Կայուն գաստրոնոմիայի օր

ՄԱԿ-ի  Ընդհանուր վեհաժողովը 2016թ-ի դեկտեմբերի 21-ին իր  A/RES/71/246 բանաձևով հռչակել է հունիսի 18-ը Կայուն գաստրոնոմիայի միջազգային հիշարժան օր։ Այս բանաձևով գաստրոնոմիան ընկալվում է որպես մշակութային արտահայտման ձև՝ կապված բնական և մշակութային բազմազանության հետ,խթանելով՝ գյուղատնտեսության զարգացումը, պարենային անվտանգությունը,սնուցումը, կայուն սննդի արտադրությունը, կենսաբազմազանության պահպանումը:

  • 19 հունիս, Հակամարտություններում սեռական բռնության վերացման միջազգային օր

2015 թ. հունիսի 19-ին ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովն իր A / RES / 69/293 բանաձևով հռչակեց յուրաքանչյուր տարվա հունիսի 19-ը Հակամարտություններում  սեռական բռնության վերացման միջազգային օր՝  նպատակ ունենալով բարձրացնել իրազեկվածության մակարդակը հակամարտություններին առնչվող սեռական բռնության վերացման անհրաժեշտության մասին։

  • 20 հունիս, Փախստականի համաշխարհային օր 

Ամեն րոպե, աշխարհում ութ մարդ ամեն ինչ թողնում է՝ փախչելով պատերազմից, հալածանքներից կամ ահաբեկությունից: Աշխարհում այժմ շուրջ 45 մլն փախստական և տեղահանված մարդիկ կան, ինչը մոտ 20 տարվա կտրվածքով ամենաբարձր մակարդակն է: Փախստականների համաշխարհային օրը կոչ է անում միջազգային հանրությանը ակտիվացնելու ջանքերը հակամարտություն¬ների կանխարգելման և լուծման համար, ինչպես նաև նպաստելու խաղաղության և անվտանգության ապահովմանը։ ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը հռչակեց այս հիշարժան օրն իր 2001 թ. A/RES/55/76 բանաձևով։

  • 21 հունիս, Յոգայի միջազգային օր 

2014 թ. դեկտեմբերի 11-ին  ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովն  իր A/RES/69/131 բանաձևով հռչակեց հունիսի 21-ը որպես Յոգայի միջազգային օր։
Յոգան հին ֆիզիկական, մտավոր և հոգևոր պրակտիկա է, որը սկզբնավորվել է  Հնդկաստանում: «Յոգա» բառը գալիս է սանսկրիտից և նշանակում է «միանալ» կամ «միավորել»՝ խորհրդանշելով մարմնի և գիտակցության միությունը: Այսօր այն կիրառվում է աշխարհում տարբեր ձևերով և շարունակում է մեծ ճանաչում վայելել:

  • 23 հունիս, Այրի կանանց միջազգային օր

Աշխարհի միլիոնավոր այրիներ ապրում են ծայրահեղ աղքատության, մեկուսացման, բռնության, անօթևանության, վատ առողջության և խտրականության հանգամանքներում՝ պայմանավորված օրենքով և սովորույթներով։ Մոտ 115 մլն այրի ապրում է աղքատության մեջ, իսկ 81 մլնը ֆիզիկական բռնության զոհ է դարձել: Այս օրը քարոզում է վերջ դնել աշխարհի այրիների դեմ բոլոր խտրականություններին։ ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովն այս օրը հռչակեց իր 2010 թ. A/RES/65/189 բանաձևով:

  • 23 հունիս, Հանրային ծառայության ՄԱԿ–ի օր

Միավորված ազգերի կազմակերպությունը վաղուց արդեն ճանաչել է լավ և արդյունավետ կառավարման կարևորությունը։ Հանրային ծառայության ՄԱԿ–ի օրն արժևորում է համայնքում հանրային ծառայության արժեքը և առաքինությունը, կարևորում է հանրային ծառայության ներդրումը զարգացման գործում, կարևորում է հանրային ծառայողների աշխատանքը և խրախուսում է երիտասարդներին՝ իրենց կարիերան սկսել պետական հատվածում։ ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը հռչակել է այս օրն իր 2003 թ. A/RES/57/277 բանաձևով:

  • 25 հունիս, Ծովագնացի օր

Ծովագնացները զգալի վտանգների են ենթարկվում իրենց ամենօրյա պարտականությունները կատարելիս։ Նրանք երկար ժամանակահատվածներով աշխատում են իրենց ընտանիքներից ու ընկերներից հեռու, հաճախ դժվարին հանգամանքներում: Ծովագնացի օրը հնարավորություն է տալիս հարգանքի տուրք մատուցելու աշխարհի 1,5 մլն ծովագնացներին։ Միջազգային ծովային կազմակերպությունն այս օրը հռչակեց 2010 թ.:

  • 26 հունիս, Թմրանյութերի չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օր

Տարեկան մոտ 210 մլն մարդ ապօրինի թմրամիջոցներ է օգտագործում, իսկ դրանց օգտագործման հետևանքով գրանցվում է մոտ 200,000 մահվան դեպք: Թմրանյութերի չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն իրազեկում է անօրինական թմրանյութերից ստացված միլիարդավոր դոլարների մասին, որոնք գործածվում են ահաբեկչության, մարդկանց թրաֆիքինգի և մաքսանենգ ճանապարհով զենք տեղափոխելու նպատակներով։ ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը հռչակեց այս օրն իր 1987 թ. A/RES/42/112 բանաձևով։

  • 26 հունիս, Խոշտանգումների զոհերի աջակցության ՄԱԿ–ի միջազգային օր

Ամեն օր կանայք, տղամարդիկ և երեխաները ենթարկվում են խոշտանգման կամ խախտում են նրանց իրավունքները՝ նրանց արժանապատվությունը և որպես մարդ՝ արժեքավոր լինելու զգացումը խաթարելու դիտավորությամբ: Խոշտանգումների զոհերի աջակցության ՄԱԿ–ի միջազգային օրը ստեղծվել է՝ առաջ մղելու համար ՄԱԿ-ի նպատակը` իսպառ արմատախիլ անելու խոշտանգումները և հասնելու այն բանին, որ արդյունավետ իրագործվի 1987 թ. ուժի մեջ մտած Խոշտանգումների և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի այլ ձևերի դեմ կոնվենցիան: ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովն այս օրը հռչակել է իր 1997 թ. A/RES/52/149 բանաձևով:

  • 27 հունիս, Միկրո-, փոքր և միջին ձեռնարկությունների օր 

ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը, հաշվի առնելով միկրոֆինանսավորմանը և վարկառությանը փոքր բիզնեսի հասանելիության բարելավման անհրաժեշտությունը, իր  A/RES /71/279 բանաձևով հռչակել է հունիսի 27-ը որպես Միկրո-, փոքր և միջին ձեռնարկությունների օր: Նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը և տարածել փոքր բիզնեսին աջակցելու  գործողություններ:

  • 29 հունիս, Արևադարձային գոտիների միջազգային օր

ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը 2016թ. հունիսի 14-ի  իր  A/RES/70/267 բանաձևով հռչակեց հունիսի 29-ը Արևադարձային գոտիների միջազգային օր։ Արևադարձային գոտիներում բնակվող ազգերը զգալի առաջընթաց են արձանագրել, սակայն տարբեր մարտահրավերների առջև են կանգնած, որոնք պահանջում են ուշադրություն դարձնել զարգացման մի շարք ցուցանիշների և տվյալների` կայուն զարգացման հասնելու համար:

  • 30 հունիս, Աստերոիդների միջազգային օր 

2016 թ. դեկտեմբերին ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը իր A/RES/71/90 բանաձևով հռչակեց հունիսի 30-ը Աստերոիդների միջազգային օր, որպեսզի «ամեն տարի հունիսի 30-ին հիշատակվի 1908 թ. Սիբիրում (ՌԴ)՝ Տունգուսկա գետի տարածքում ընկած աստերոիդի դեպքը և բարձրացվի հանրության իրազեկվածությունը աստերոիդների ունեցած վտանգավոր ազդեցության մասին»:

  • 30 հունիս, Պառլամենտարիզմի միջազգային օր

2018թ. հունիսի 30-ին նշվում է որպես Պառլամենտարիզմի միջազգային օր: Նույն օրը 1889 թ.ստեղծվել է Միջխորհրդարանական միությունը` խորհրդարան¬ների համաշխարհային կազմակերպությունը։ Այս օրը նվիրված է խորհրդարան¬ներին բացահայտելու մարտահրավերները և փնտրելու արդյունավետ լուծման ուղիներ դրանց համար։ Հակամարտություններից դուրս եկած երկրներում խորհրդա-րանները կարող են օգնել իրականացնելու խաղաղ անցմանը դեպի ժողովրդավա-րություն` վերացնելով հասարակության պառակտումը երկխոսության և համագործակցության միջոցով: