EN | AM

ՀՀ-ում ՈՎՀ կանխարգելման/հսկողության ոլորտում ներդրումները հիմնավորող փաստարկների զեկույցի ներկայացում

Այսօր, 2019թ․ մայիսի 3-ին, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ, կազմակերպել է Հայաստանում Ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) կանխարգելման և հսկողության ոլորտում ներդրումները հիմնավորող փաստարկների (ՆՀՓ) զեկույցի ներկայացում։

Ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ), ինչպիսիք են քաղցկեղը, սրտանոթային հիվանդությունները, շաքարային դիաբետը և քրոնիկ շնչառական հիվանդությունները, և դրանց հիմնական ռիսկի գործոնների կանխարգելմանն ուղղված քաղաքականության միջոցառումներում կատարվող ներդրումները կարող են նպաստել Հայաստանի տնտեսության կայունացմանն ու զարգացմանը։  Համաձայն ՄԱԿ-ի ՈՎՀ-ի կանխարգելման և հսկողության հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի (UNIATF) կողմից անցկացրած հետազոտության արդյունքների, 15 տարվա ընթացքում չորս ամենածախսարդյունավետ քաղաքականության փաթեթների իրականացման արդյունքում հնարավոր կլինի կանխել ավելի քան 30,000 մահ՝ տնտեսությանը բերելով ավելի քան 164 մլրդ․ դրամի (334 մլն․ ԱՄՆ դոլար) չափով օգուտ, որը համարժեք է Հայաստանի ներկայիս ՀՆԱ-ի 2.9%-ին։ Հաշվարկվել է, որ Հայաստանում ՈՎՀ-ի ներկայիս տնտեսական վնասը տարեկան կազմում է 36.7 մլրդ․ դրամ  (740.5 մլն․ ԱՄՆ դոլար) կամ Հայաստանի  ներկա ՀՆԱ-ի 6.5%-ը։

Որպես Համատեղ գլոբալ ծրագրի մի մաս՝ ԱՀԿ-ը և ՄԱԶԾ-ը՝ ՀՀ կառավարության հետ սերտ համագործակցելով, իրականացրին մի հետազոտություն, որը հնարավորություն տվեց ներդրումները հիմնավորող փաստարկներ մշակել կոնկրետ Հայաստանի համար, որոնց միջոցով  կարելի է գնահատել Հայաստանում ՈՎՀ-ի ներկայիս բեռը, հնարավոր միջամտությունների համար պահանջվող ծախսերը (թե կանխարգելիչ, թե կլինիկական) և   ժամանակին արձագանքման միջոցառումներից ակնկալվող առավելությունները։   

Իր բացման խոսքում Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Եգոր Զայցևը ասաց․ «ՈՎՀ-ը հանդիսանում են մահվան և հաշմանդամության հիմնական պատճառները Հայաստանում։ Դրանք խոչընդոտում են նաև տնտեսության զարգացմանը։ Հայաստանի տնտեսության ընդհանուր վնասը կազմում է 6.5%։ Առաջընթաց ունենալու համար մենք պետք է համագործակցենք։ Միջոլորտային ամուր համագործակցությունը  առաջնային նշանակություն ունի ՈՎՀ-ի հսկողության ոլորտում շոշափելի արդյունքներ արձանագրելու համար»։   

Հատկանշական է, որ Հայաստանը, ինչպես և շատ այլ երկրներ, խիստ տուժել է ՈՎՀ-ի բարձր տարածվածության ցուցանիշի արդյունքում։ Ըստ հաշվարկների, երկրում մահերի 90%-ը վերագրվում են ՈՎՀ-ին, մինչդեռ Հայաստանի բնակչության շրջանում առավել տարածված չորս ՈՎՀ-ից մեկով պայմանավորված վաղաժամ մահվան հավանականությունը (մինչև 70 տարեկանը) 2016թ․ կազմել է  22%։ Բացի նրանից, որ դրանք մարդկային տառապանքի պատճառ են հանդիսանում,   ՈՎՀ-ի  համաճարակը քայքայիչ ազդեցություն է ունենում երկրի տնտեսության վրա՝ կրճատելով աշխատուժը և նվազեցնելով աշխատանքի արտադրողականությունը։

ՈՎՀ-ի բարձր տարածվածության հիմնական խթանիչները մետաբոլիկ ռիսկի գործոններն են (զարկերակային գերճնշումը, ավելցուկային քաշը/ճարպակալումը, արյան մեջ գլուկոզի և քոլեստերինի բարձր մակարդակը), ինչպես նաև վարքագծային ռիսկի գործոնները, ինչպիսիք են   ծխախոտի օգտագործումը, ալկոհոլի չարաշահումը, անառողջ սննդակարգը և ֆիզիկական թերակտիվությունը։ Ըստ վիճակագրական հետազոտությունների տվյալների՝ Հայաստանում  տղամարդկանց 51%-ը ծխում է, 46%-ը օգտագործում է ալկոհոլային խմիչք, իսկ չափահաս  բնակչության կեսը (47.7%) ունի ավելցուկային քաշ կամ ճարպակալում։ Կերակրի աղի օրական օգտագործումը նույնպես բարձր է, և երկու անգամ գերազանցում է ԱՀԿ-ի կողմից սահմանված նորմը։ Ավելին, չափահասների 37.8% ունի զարկերակային գերճնշում, 5.7%՝ արյան մեջ գլուկոզի բարձր պարունակություն, որը բարձրացնում է սրտանոթային հիվանդությունների (ՍԱՀ) և դիաբետի ռիսկը։   

Վերլուծության են ենթարկվել ՈՎՀ-ի կանխարգելմանն ուղղված քաղաքականության չորս փաթեթները (ծխախոտի օգտագործման, ալկոհոլի և կերակրի աղի չարաշահման և ֆիզիկական թերակտիվության դեմ պայքարի) և կլինիկական միջամտությունների մեկ փաթեթ (ՍԱՀ-ի և դիաբետի բուժման)։

Քաղաքականության նշված փաթեթների իրականացման հետ կապված ընդհանուր ծախսերը 15 տարվա կտրվածքով կազմել են 19.1 մլրդ․ դրամ (39.1 մլն․ ԱՄՆ դոլար), սակայն պարզվել է, որ շահութաբերության հնարավորությունը զգալիորեն ավելի բարձր է եղել։ Հետազոտության արդյունքների համաձայն,   15 տարվա կտրվածքով ներդրված յուրաքանչյուր դրամի դիմաց ակնկալվում է ստանալ 4.14-ից 14.51 դրամի շահույթ։ Հատկապես ծախսարդյունավետ է  հակածխախոտային փաթեթը, որի արդյունքում ակնկալվում է արդեն առաջին հինգ տարիների ընթացքում  ներդրված յուրաքանչյուր 1 դրամի դիմաց ստանալ 4.79 դրամի շահույթ։  

Ակնկլավում է, որ ՍԱՀ-ի և դիաբետի փաթեթների կլինիկական միջամտությունները նույնպես կունենան դրական արդյունք։ Նախատեսվում է 15 տարվա ընթացքում կանխել ավելի քան 10 000  մահ և ունենալ 53.6 մլրդ․ դրամի (109.6 մլն․ ԱՄՆ դոլար) շահույթ։ Սակայն այն ավելի մեծ՝ բուժման անհրաժեշտության հետ կապված ծախսեր է պահանջում։ Այդ պատճառով, ներդրումների հնարավոր շահութաբերությունը համեմատաբար ցածր է, մոտավորապես 0.29՝  15 տարվա իրականացման արդյունքում։

Ներդրումները հիմնավորող փաստարկներում ներկայացված տվյալները մատնանշում են, որ ՈՎՀ-ի կանխարգելման և հսկողության ոլորտում արված ներդրումները կարող են նպաստել Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը։ Վերլուծությունները անդրադառնում են առանձնահատուկ ոլորտների, որոնք հզորացման և ընդլայնման կարիք ունեն՝ ԱՀԿ-ի կողմից առաջարկված միջամտությունները իրականացելու համար։ Հատուկ առաջարկներ են արվում նաև կառավարությանը՝ կարևորելով պետական տարբեր հաստատությունների միջև արդյունավետ համագործակցության և գործունեության համակարգման անհրաժեշտությունը։

ՈՀՎ-ի դեմ պայքարին ուղղված Հայաստանի ջանքերը կնպաստեն Կայուն զարգացման 2030թ․ ծրագրի նպատակների իրագործմանը, ավելի կոնկրետ՝ No. 3 նպատակի։ Մի շարք այլ երկրներ արդեն հասցրել են օգուտներ քաղել UNIATF կողմից մշակված ներդրումները հիմնավորող փաստարկների կիրառումից։ Այս ուղղությամբ դեռևս նախատեսվում է իրականացվել որոշակի գործունեություն ՝  Ռուսաստանի Դաշնության ֆինանսական աջակցության շնորհիվ։

 

Ոչ վարակիչ հիվանդությունների մասին այլ տեղեկություններ կարող եք գտնել այստեղ՝
http://www.euro.who.int/en/health-topics/noncommunicable-diseases

ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի մասին ընդհանուր տեղեկություններ կարող եք գտնել այստեղ՝
http://www.euro.who.int/en/home