EN | AM

ՄԱԿ-ի Գլոբալ ճանապարհային անվտանգության շաբաթ. Բարձրաձայնե՛ք և փրկե՛ք կյանքեր

Այսօր Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակը՝  ՄԱԿ-ի քույր գործակալությունների, ՀՀ առողջապահության նախարարության և այլ կարևոր շահառուների համագործակցությամբ կազմակերպել է մամուլի ասուլիս նվիրված ՄԱԿ-ի հինգերորդ Գլոբալ ճանապարհային անվտանգության շաբաթվան:

Մայիսի 6-12-ը նշվող ՄԱԿ-ի հինգերորդ Գլոբալ ճանապարհային անվտանգության շաբաթվա կարգախոսն է «Բարձրաձայնե՛ք և փրկե՛ք կյանքեր», իսկ թեման՝ ճանապարհային անվտանգության առաջնորդությունը: Ազգային և տեղական մակարդակներում ճանապարհային անվտանգության թիրախների ապահովման համար  անհրաժեշտ են առավել նշանակալի ջանքեր որոշում կայացնողների կողմից: Ամենաարդյունավետը հենց այն առաջնորդներն են, որոնք թեպետ հասարակության տարբեր ոլորտներից են գալիս, սակայն բարձրաձայնում են ճանապարհային անվտանգության հարցը և գործողություններ ձեռնարկում այդ ուղղությամբ: Կարևոր է  նաև գիտակցել, որ ճանապարհային անվտանգության հարցում առաջնորդող դեր կարող է ստանձնել մեզնից յուրաքանչյուրը` որպես անհատ և քաղաքացի: 

Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Եգոր Զայցևն իր խոսքում ասաց. «Ճանապարհային վթարների հետևանքով գրանցվող մահվան դեպքերը այսբերգի միայն տեսանելի մասն են. միլիոններով ավելի մեծ է վնասվածքներ ստացող մարդկանց թիվը, ովքեր ողջ կյանքում զգում են այդ վնասվածքների հետևանքները: Այդ վթարները պարզապես «պատահարներ» չեն. դրանք պայմանավորված են ռիսկի գործոններով, ուստի և կանխարգելելի են»:

Ամեն տարի ճանապարհային վթարներից աշխարհում մահանում է 1.3 միլիոն մարդ, իսկ վնասվածքներ ստանում են 20-50 միլիոն մարդ: Բոլոր տարիքային խմբերում վթարները համարվում են մահվան հիմնական պատճառներից մեկը, իսկ 5-29 տարեկան երեխաների ու երիտասարդների համար այն համարվում է մահվան առաջնային պատճառ: Բարձր եկամուտներ ունեցող երկրների համեմատ ցածր եկամուտներ ունեցող երկրներում երեք անգամ ավելի մեծ է ճանապարհային վթարի զոհ դառնալու վտանգը: ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում յուրաքանչյուր 6 րոպեում գրանցվում է ճանապարհային մահվան դեպք, օրական այդ թիվը կազմում է 230 հոգի, իսկ տարեկան կտրվածքով այն հասնում է 83.000-ի:

Հայաստանը մեկն է այն երկրներից, որտեղ մեքենաների թիվը կտրուկ տեմպերով աճել է և ավելացել են ճանապարհային վթարները: Ճանապարհային վթարների պատճառած վնասվածքները Հայաստանում երեխաների և երիտասարդների վաղաժամ մահացության առաջնային պատճառ են հանդիսանում:

Արագության գերազանցման, ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելու, ամրագոտիների ու մանկական նստատեղերի կիրառման և մոտոցիկլ վարելիս սաղավարտի օգտագործման վերաբերյալ ճանապարհային կանոնների և նորմերի հետևողական կիրառման արդյունքում կփրկվեն միլիոնավոր կյանքեր ու կկանխվեն միլիոնավոր վնասվածքներ: Ճանապարհների նախագծման, փոխադրամիջոցների ստանդարտների բարելավման և անհետաձգելի օգնության բարելավման միջոցով ևս կարելի է բազում կյանքեր փրկել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մշակել է Փրկեք ԿՅԱՆՔԵՐ տեխնիկական փաթեթը, որն օգնում է որոշում կայացնողներին և ոլորտի գործնական դերակատարներին իրենց երկրներում   ճանապարհային երթևեկության զոհերի թիվը կրճատելու հարցում:  Փրկեք ԿՅԱՆՔԵՐ փաթեթը ապացույցների վրա հիմնված գործիք է, որն հստակեցնում է միջամտությունների առաջնահերթ ուղղությունները:

Ճանապարհային անվտանգության կարգավիճակի մասին 2018թ. գլոբալ զեկույցը ներկայացնում է, թե ինչքանով են արդյունավետ ճանապարհային անվտանգության ուղղությամբ առանձին երկրներում ձեռնարկվող աշխատանքները: Եվրոպական տարածաշրջանում ավելի շատ երկրներ են օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի ամրապնդման ուղղությամբ քայլեր ձեռնարկում՝ հետամուտ լինելով լավագույն փորձի ներդրմանը: Այնուհանդերձ, տարածաշրջանում անելիքները դեռ շատ են:

Ճանապարհային անվտանգությունն առաջնահերթ խնդիր է հանրային առողջապահության և միջազգային զարգացման տիրույթներում և Կայուն զարգացման նպատակների առանցքային թիրախներից մեկն է, որով նախանշված է մինչև 2020թ. 50 տոկոսով նվազեցնել մահվան դեպքերն ու վնասվածքները: 

2004 թվականի ապրիլին, ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի A/RES58/289 «Բարելավելով գլոբալ ճանապարհային անվտանգությունը» բանաձևը հրավիրեց Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը սերտորեն համագործակցել ՄԱԿ-ի տարածաշրջանային հանձնաժողովների հետ` ՄԱԿ-ի համակարգում հանդես գալով որպես ճանապարհային անվտանգության հարցերի համակարգող։ Առողջապահության համաշխարհային վեհաժողովն ընդունեց այս հրավերը 2004թ. մայիսին, իսկ ԱՀԿ-ն հետագայում ստեղծեց ՄԱԿ-ի Ճանապարհային անվտանգության հարցերով համագործակցությունը (UNRSC), որն էլ հանդիպում է երկու տարին մեկ՝ քննարկելու Ճանապարհային անվտանգության գլոբալ հարցեր:

 

ՄԱԿ-ի հինգերորդ Գլոբալ ճանապարհային անվտանգության շաբաթվա մասին ավելին կարող եք իմանալ այստեղ՝ https://www.unroadsafetyweek.org/en/home

Ճանապարհային անվտանգության կարգավիճակի մասին 2018թ. գլոբալ զեկույցի համար տես՝ https://www.who.int/violence_injury_prevention/road_safety_status/2018/en