EN | AM

Միավորված ազգերի ԱՊՐԻԼ ամսվա հիշարժան օրերի ցանկը

Միավորված ազգերի կազմակերպությունը նշում է հատուկ օրերշաբաթներտարիներ և տասնամյակներ՝ յուրաքանչյուրը մի թեմայով կամ վերնագրով: Ստեղծելով հատուկ հիշարժան օրեր՝ Միավորված ազգերի կազմակերպությունը նպաստում է այդ խնդիրների վերաբերյալ միջազգային իրազեկմանը և գործողությունների ձեռնարկմանը: Հիշարժան օրերի մեծամասնությունը ստեղծվել է ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի բանաձևերի հիման վրա,  չնայած որ ոմանք նշանակվել են  ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների կողմից։

Ապրիլ ամսվա հիշարժան օրերի ցանկը.

  • 2 ապրիլ, Աուտիզմի մասին իրազեկության համաշխարհային օր

Աուտիզմը մինչև կյանքի վերջը տևող զարգացման խանգարում է, որն արտահայտվում է կյանքի առաջին երեք տարիների ընթացքում: Աուտիզմի մակարդակը աշխարհի բոլոր շրջաններում բարձր է, և այս խանգարումը կարող է նշանակալից դժվարություններ առաջացնել ընտանիքների համար: Աուտիզմի մասին իրազեկության համաշխարհային օրը հիշեցում է աուտիզմով տառապող երեխաների և մեծահասակների կյանքը բարելավելու անհրաժեշտության մասին և խթանում է միջազգային ուշադրությունը՝ ընդդեմ խարանի, իրազեկության պակասի և նրանց ընտանիքների համար աջակցման կառույցների առկայության անբավարարության: ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը հայտարարեց այս օրն իր 2008 թ. A/RES/62/139 բանաձևով:

  • 4 ապրիլ, Ականների մասին իրազեկության և ականազերծման գործընթացի օժանդակման միջազգային օր

Ականները և պատերազմական պայթուցիկ մնացորդները խոչընդոտում են զարգացմանը և վտանգում են կյանքեր: Միավորված ազգերի կազմակերպութ­յունը քարոզում է գոյություն ունեցող իրավական շրջանակները համընդհանուր դարձնելը և նոր միջազգային փաստաթղթեր մշակելը՝ քաղաքացիական բնակչությանն այս զենքերից պաշտպանելու համար: ՄԱԿ-ը ձեռնարկում է այս աշխատանքը՝ անդամ պետությունների, քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների հետ համատեղ։ Ականների մասին իրազեկության և ականազերծման գործընթացի օժանդակման միջազգային օրը վերահաստատում է ՄԱԿ-ի վճռականությունը՝ աշխարհը զերծ պահելու ականների և այլ պատերազմական մնացորդների վտանգից և կոչ է անում պետություններին շարունակական ջանքեր գործադրելու՝ ստեղծելու ականազերծման ազգային կառույցներ այն երկրներում, որտեղ այդ զենքերը լուրջ սպառնալիք են քաղաքացիական բնակչության անվտանգության, առողջության և կյանքի համար: ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովն այդ օրը հռչակել է իր 2005 թ. A/RES/60/97 բանաձևով։

  • 6 ապրիլ, Սպորտի՝ հանուն զարգացման և խաղաղության միջազգային օր

Հասարակության բարեկեցության բարելավման հարցում սպորտի նշանակությունն ի հայտ է գալիս դեռևս օլիմպիական խաղերի ծագումից ի վեր, երբ պատերազմելն արգելվում էր մրցության ընթացքնում, որպեսզի մարզիկները և հանդիսատեսները կարողանային ապահով ճանապարհորդել ու մասնակցել: Այսօր աշխարհի տարբեր մասերում սպորտային ծրագրերն օգտագործվում են տարբեր ազգերի և մշակույթների մեկտեղ բերելու, ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ի կանխարգելման ուղերձներ հաղորդելու, մոր և մանկան առողջության պահպանմանը նպաստելու և գենդերային հավասարությունն ամրապնդելու համար: Սպորտի՝ հանուն զարգացման և խաղաղության միջազգային օրն արժևորում է միջազգային ձեռքբերումները սպորտը զարգացման և խաղաղության խթանման գործում օգտագործելու, ինչպես նաև սպորտի ուժը` նպաստելու սոցիալական բարեկեցությանը, համագործակցությանը և հանդուրժողականությանը: ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը հռչակեց այս օրն իր 2013 թ. A/67/L.77 բանաձևով:

  • 7 ապրիլ, Ռուանդայում Տուտսիների դեմ կատարված ցեղասպանության հիշատակի օր

Ավելի քան 800 հազար անմեղ մարդիկ զոհ դարձան Ռուանդայում 1994 թ. կատարված ցեղասպանությանը։ Ռուանդայում կատարված ցեղասպանության հիշատակի օրը հրագանքի տուրք է մատուցում զոհված մարդկանց, վերապրածների տոկունությանը և նրանց, ովքեր ոտքի էին կանգնել՝ պաշտպանելու այլոց։ Այս ամենամյա հիշարժան օրը ողջ աշխարհում նշանավորվում է արարողություններով և կրթական միջոցառումներով:

  • 7 ապրիլ,  Առողջության համաշխարհային օր

Առողջության համաշխարհային օրը նշում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնումը 1948 թ.: Այս օրը հնարավորություն է ընձեռում յուրաքանչյուր համայնքում անհատներին ներգրավվելու այնպիսի միջոցառումների մեջ, որոնք կարող են հանգեցնել ավելի լավ առողջությանը: Միջոցառումները բարձրացնում են իրազեկվածությունը և խրախուսում են ընտանիքներին և համայնքներին միջոցներ ձեռնարկել հիվանդություններից պաշտպանվելու համար:              

  • 12 ապրիլ,  Դեպի տիեզերք մարդու թռիչքի միջազգային օր

1961 թ. ապրիլի 12-ին դեպի տիեզերք մարդու առաջին թռիչքն իրականացրել է Խորհրդային միության քաղաքացի Յուրի Գագարինը բաց անելով հետազոտության ճանապարհը, որը կարևոր օգուտներ է բերել մարդկության համար: Դեպի տիեզերք մարդու թռիչքի միջազգային օրը նշում է տիեզերքի ուսումնասիրության ժամանակաշրջանի մեկնարկը, վերահաստատում է տիեզերքի մասին գիտության և տեխնոլոգիայի կարևոր ներդրումը կայուն զարգացման նպատակների իրականացման գործում և տիեզերքը խաղաղ նպատակների համար պահպանելու ձգտումը։ ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը հաստատել է այս օրն իր 2011 թ. A/RES/65/271 բանաձևով:     

  • 20 ապրիլ, Չինարեն լեզվի օր

Միավորված ազգերի կազմակերպության կողմից հռչակված լեզվի օրերը նպատակ ունեն նշելու բազմալեզվությունն ու մշակութային տարբերությունը, ինչպես նաև խթանելու բոլոր վեց պաշտոնական լեզուների հավասար կիրառությունը Կազմակերպության ներսում: Չինարենը որպես ՄԱԿ-ի պաշտոնական լեզու հաստատվեց 1946 թ.: Այնուամենայնիվ, սկզբնական տարիներին չինարենը որպես աշխատանքային լեզու համատարած չէր օգտագործվում ՄԱԿ-ում: Այս իրավիճակը բարելավվեց, երբ 1971 թ. վերականգնվեցին Չինաստանի ժողովրդական հանրապետության օրինական իրավունքները ՄԱԿ-ում:1973 թ. Ընդհանուր վեհաժողովը ներառեց չինարենը աշխատանքային լեզուների շարքում, որից հետո նույնն արեց Անվտանգության խորհուրդը՝ 1974 թ.: ՄԱԿ-ի ավելի ու ավելի գրասենյակներ և աշխատակազմի ներկայացուցիչներ են աշխատում չինարենով:  

  • 21 ապրիլ , Ստեղծարարության և նորարարության համաշխարհային օր

2018թ. ապրիլի 21-ին առաջին անգամ պաշտոնապես նշվեց Ստեղծարարության և նորարարության համաշխարհային օրը: Օրվա  ընտրությունը, լինելով Լեոնարդո դա Վինչիի ծննդյան օրվանից վեց օր հետո և Երկիր մոլորակի միջազգային օրվա նախորդ օրը, բարենպաստ է  խրախուսելու ստեղծարար բազմամասնագիտական մտածելակերպը և օգնելու մեզ հասնել մեր իսկ ուզած կայուն ապագային:

  • 22 ապրիլ, Երկիր մոլորակի միջազգային օր

Երկիր մոլորակը և նրա էկոհամակարգերն ապահովում են մեզ կյանքով ու գոյամիջոցներով: Երկիր մոլորակի միջազգային օրը ճանաչում է հավաքական պատասխանատվությունը` հանուն բնության հետ ներդաշնակության` հասնելու համար արդարացի հավասարակշռության՝ ներկա և ապագա սերունդների տնտեսական, սոցիալական և բնապահպանական կարիքների միջև։ ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը հռչակել է այս օրը 2009 թ. A/RES/63/278 բանաձևով:

  • 23 ապրիլ, Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օր

Գրքերն ունակ են միավորելու մարդկանց, տարածելու գիտելիքներ ու տեղեկա¬տվություն և փոխանցելու աշխարհի մշակույթների, արժեքների և գաղա¬փարների բազմազանությունն աշխարհով մեկ: Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը հռչակեց Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օրը՝ հարգանքի տուրք մատուցելու համար բոլոր գրքերին և հեղինակներին։ Այս օրը խրախուսում է բոլորին բացահայտելու ընթերցանության հաճույքը և հարգելու այն մարդկանց ներդրումը, ովքեր գրքերի միջոցով նպաստել են սոցիալական և մշակութային առաջընթացին:

  • 23 ապրիլ , Անգլերեն լեզվի օր

Անգլերեն լեզվի օրը Միավորված ազգերի կազմակերպությունում նշվում է ապրիլի 23-ին, որը համընկնում է Ուիլյամ Շեքսպիրի ծննդյան և մահվան օրերի հիշատակման հետ: Օրը սկսել են տոնել ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության 2010թ. նախաձեռնությամբ, որով հաստատվեցին Կազմակերպության վեց պաշտոնական լեզուների օրերը: ՄԱԿ-ի լեզուների օրերի նպատակն է կարևորել բազմալեզվությունն ու մշակութային բազմազանությունը, ինչպես նաև՝ խթանել բոլոր վեց պաշտոնական լեզուների հավասար կիրառությունը Կազմակերպության ներսում:

  • 23 ապրիլ, Իսպաներեն լեզվի օր

Բազմալեզվության մասին իր բանաձևերում ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը ողջունել է Քարտուղարության կողմից 2010 թ. հաստատված լեզվի օրերը։ Ապրիլի 23-ին Միավորված ազգերի կազմակերպությունում նշվում է Իսպաներեն լեզվի օրը, որի նպատակն է բարձրացնելու Կազմակերպության աշխատակազմի և ընդհանրապես ամբողջ աշխարհի իրազեկվածությունը իսպաներենի՝ որպես պաշտոնական լեզվի պատմության, մշակույթի և օգտագործման մասին:

  • 24 ապրիլԽաղաղությանն ուղղված բազմակողմանիության և դիվանագիտության միջազգային օր

Բազմակողմանիության և դիվանագիտության մոտեցումն ամրապնդում է Միավորված ազգերի կազմակերպության երեք հենասյուները՝ կայուն զարգացումը, խաղաղությունը և անվտանգությունը, մարդու իրավունքները։ Նման մոտեցումն այն հիմնական գործիքն է, որով հնարավոր է դիմակայել բազմաբովանդակ և համաշխարհային դժվարին մարտահրավերներին: Ուստի, ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը 2018 թ. դեկտեմբերի 19-ին հռչակեց ապրիլի 24-ը որպես Խաղաղությանն ուղղված բազմակողմանիության և դիվանագիտության միջազգային օր։

  • 25 ապրիլ, Մալարիայի դեմ պայքարի համաշխարհային օր

Մալարիան, որը վարակված մոծակների միջոցով տարածվող մահացու հիվանդություն է, առաջացնում է տարեկան 660 հազար մահ, հիմնականում հինգ տարեկանից փոքր երեխաների դեպքում: Մալարիայի դեմ պայքարի համաշխարհային օրը, որը հաստատվել է 2007 թ. Առողջապահության համաշխարհային վեհաժողովի կողմից, արժևորում է մալարիայի կանխարգել¬ման և վերահսկման գործում ողջ աշխարհում իրականացվող միջոցառումները։ Այս հիշարժան օրը հնարավորություն է՝ ընդգծելու շարունակական ներդրում­ների և կայուն քաղաքական հանձնառության անհրաժեշտությունը՝ մալարիայի կանխարգելման և վերահսկման գործում, խրախուսում է նոր դոնորներին միանա­լու մալարիայի դեմ համաշխարհային գործընկերությանը և հայտնի է դարձնում գիտական և ուսումնական հաստատությունների գիտական աշխատանքը:

  • 26 ապրիլ, Չեռնոբիլի աղետի հիշատակի միջազգային օր

2016 թ. դեկտեմբերի 8-ին Միավորված ազգերի կազմակերպության Ընդհանուր վեհաժողովն ընդունեց բանաձև՝ հռչակելով ապրիլի 26-ը Չեռնոբիլի աղետի հիշատակի միջազգային օր: Իր բանաձևում Ընդհանուր վեհաժողովն ընդգծեց,  որ աղետից երեք տասնամյակ անց դեռևս առկա են լուրջ և երկարատև հետևանքներ և որ տուժած համայնքներն ու տարածքները մնում են շարունակական կարիքի մեջ են:

  • 26 ապրիլ, Մտավոր սեփականության համախարհային օր

Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը ՄԱԿ-ի այն գործակալությունն է, որը պատասխանատու է մտավոր սեփականության՝ ներառյալ հեղինակային իրավունքի, ապրանքային նշանների և նմուշների պաշտպանության առաջխաղացման համար՝ որպես նորարարության և ստեղծագործության խրախուսման միջոց: Անդամ պետությունների հետ համագործակցությամբ՝ Մտավոր սեփականության համաշխարհային օրը խրախուսում է նորարարություն և ստեղծարարություն՝ հանուն տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացման՝ հավասարակշռված և արդյունավետ միջազգային մտավոր սեփականության համակարգի միջոցով: Սա նաև այն օրն է, երբ 1970 թ. ուժի մեջ մտավ Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության կոնվենցիան:

  • 28 ապրիլ, Աշխատավայրում առողջության և անվտանգության համաշխարհային օր

Յուրաքանչյուր 15 վայրկյանում մեկ աշխատող է մահանում աշխատավայրում տեղի ունեցած վթարների կամ աշխատանքի հետ կապված հիվանդության պատճառով, և 160 աշխատողի հետ աշխատավայրում վթարների են տեղի ունենում: Աշխատավայրում առողջության և անվտանգության համաշխարհային օրն ամենամյա միջազգային քարոզարշավ է, որը խրախուսում է ապահով, առողջ և արժանապատիվ աշխատանքը: Այս օրը հարգում է աշխատավայրում տեղի ունեցած վթարների և հիվանդությունների զոհերի հիշատակը և ներառում է քարոզարշավներ, որոնք միջազգային ուշադրությունն են հրավիրում աշխա­տա­վայրում անվտանգության և առողջության վերաբերյալ նոր միտում­ների վրա: Աշխատանքի միջազգային կազմակերպությունը այս օրը հաստատել է 2003 թ.:

  • 30 ապրիլ, Ջազի միջազգային օր

Ջազային երաժշտությունը սկիզբ է առնում ժողովուրդների և մշակույթների մի մեծ խառնուրդից` Աֆրիկայից, Կարիբյան ավազանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից. այն այժմ կատարում և վայելում են ողջ աշխարհում: Ջազը խրախուսում է գեղարվեստական արտահայտությունը և նորարարությունը, խթանում է միջմշակութային երկխոսությունը և ունակ է համախմբելու մարդկանց՝ երաժշտության հանդեպ սիրո միջոցով: Ջազի միջազգային օրը ողջ աշխարհում բարձրացնում է իրազեկվածությունն այս արվեստի ձևի վերաբերյալ՝ որպես կրթական գործիք և մարդկանց միջև խաղաղություն և միասնություն ստեղծող ուժ: Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունն այս օրը հռչակեց 2011 թ.: