EN | AM

Միավորված ազգերի ՓԵՏՐՎԱՐ ամսվա հիշարժան օրերի ցանկը

Միավորված ազգերի կազմակերպությունը նշում է հատուկ օրերշաբաթներտարիներ և տասնամյակներ՝ յուրաքանչյուրը մի թեմայով կամ վերնագրով: Ստեղծելով հատուկ հիշարժան օրեր՝ Միավորված ազգերի կազմակերպությունը նպաստում է այդ խնդիրների վերաբերյալ միջազգային իրազեկմանը և գործողությունների ձեռնարկմանը: Հիշարժան օրերի մեծամասնությունը ստեղծվել է ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի բանաձևերի հիման վրա,  չնայած որ ոմանք նշանակվել են  ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների կողմից։

Փետրվար ամսվա հիշարժան օրերի ցանկը.

  • 4 փետրվար, Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օր

Վաղ ախտորոշման միջոցով է հնարավոր կրճատել աշխարհում քաղցկեղից տարեկան 7.6 մլն մահվան դեպքերը: Ակնկալվում է, որ այս ցուցանիշը 2030 թ. կհասնի 13.1 մլն մահվան դեպքի: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրը՝ ի նպաստ քաղցկեղի համաշխարհային բեռը թեթևացնելու եղանակների: Այս օրը ողջ աշխարհում կրթական միջոցառումներն ուշադրություն են հրավիրում քաղցկեղի կանխարգելմանը և քաղցկեղով հիվանդների կյանքի որակի բարելավմանը:

  • 6 փետրվար, Կանանց սեռական օրգանների խեղման երևույթի նկատմամբ անհանդուրժողականության միջազգային օր

Կանանց սեռական օրգանների խեղումը միջազգայնորեն ճանաչվում է որպես աղջիկների և կանանց մարդու իրավունքների խախտում: Կանանց սեռական օրգանների խեղումը ոչ–բժշկական պատճառներով կատարվող վնասակար միջամտություն է, և ըստ գնահատականների, ներկայումս աշխարհում 140 մլն աղջիկ և կին կրում է դրա հետևանքները։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն աջակցում է Կանանց սեռական օրգանների խեղման երևույթի նկատմամբ անհանդուրժողականության միջազգային օրվան` քարոզչության, հետազոտման և առողջապահության ոլորտի մասնագետներին ուղղորդող միջոցառումներով:

  • 10 փետրվար, Լոբազգիների համաշխարհային օր

Լոբազգի մշակաբույսերը, ինչպիսիք են ոսպը, լոբին, ոլոռն ու սիսեռը, ողջ աշխարհում առողջ սննդակարգում բուսական հիմքով սպիտակուցների և ամինաթթուների աղբյուրներից մեկն են։ Երկաթով հարուստ լինելու շնորհիվ լոբազգիների համադրումը վիտամին C-ով հարուստ սննդատեսակների հետ վերջիններիս դարձնում է հզոր միջոց երկաթի պաշարի համալրման համար՝  հատկապես վերարտադրողական տարիքի կանանց համար, իսկ որպես  բուսական հիմքով սպիտակուցների աղբյուր՝ կենդանիների համար։ Առողջապահական կազմակերպությունները խորհուրդ են տալիս լոբազգիներ պարունակող առողջ սննդակարգ՝ օպտիմալացնելու սնուցումը և օգնելու կանխարգելել և վերահսկելլ այնպիսի խրոնիկ հիվանդություններ և խախտումներ, ինչպիսիք են գիրությունը, շաքարախտը, սրտանոթային հիվանդություններն ու քաղցկեղը։ Շատ երկրներում լոբազգիների մշակումը կանանց հիմնական պարտականություններից է։ Հաստատելով բազմատեսակ սննդի ընդունման (ներառյալ՝ լոբազգիների) առավելությունների մասին հանրային իրազեկման բարձրացման անհրաժեշտությունը, ինչպես նաև՝ լոբազգիների օժանդակությունը 2030թ. Օրակարգին և կայուն գյուղա­տնտեսության խթանումը՝ 2018 թ. դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը փետրվարի 10-ը հռչակեց Լոբազգիների համաշխարհային օր։

  • 11 փետրվար, Գիտության մեջ  կանանց և աղջիկների միջազգային օր

Գիտությունն ու գենդերային հավասարությունը նույնքան կենսական նշանա­կություն ունեն միջազգայնորեն համաձայնեցված զարգացման նպատակ­ների՝ ներառյալ  Կայուն զարգացման նպատակների 2030թ. Օրակարգի համար։ Նախորդ 15 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում հանրությունը մեծ ջանքեր է գործադրել կանանց և աղջիկներին գիտության մեջ ներգրավելու համար։ Դժբախտաբար, կանայք և աղջիկները շարունակ դուրս են մնում գիտության մեջ լիարժեք մասնակցությունից։ Համաձայն 14 երկրներում անցկացված հետազոտության՝ գիտության հետ առնչվող ոլորտում բակալավրի, մագիստրոսի և թեկնածուական աստիճան ստանալու հավանականությունն իգական սեռի ուսանողների համար կազմում է 18%, 8% և  2% համապատասխանաբար, մինչդեռ արական սեռի ուսանողների համար՝ 37%, 18% և  6%։ Որպեսզի կանայք և աղջիկները գիտության ոլորտին լիարժեք և հավասար հասանելիություն ու մասնակցություն ունե­նան, ինչն էլ կխթանի՝ գենդերային հավասարությանը, կանանց և աղջիկ­ների կարողությունների զարգացմանը հասնելուն համար Միավորված ազգերի կազմակերպության Ընդհանուր Վեհաժողովը հռչակեց փետրվարի 11-ը Գիտության մեջ  կանանց և աղջիկների միջազգային օր իր A/RES/70/212 բանաձևով։

  • 13 փետրվար, Ռադիոյի միջազգային օր

Ռադիոն շարունակում է զարգանալ թվային դարաշրջանում։ Որպես աշխարհում ամենալայն լսարան ունեցող լրատվամիջոց ռադիոն խրախուսում է, որ մարդիկ քննարկումներ անցկացնեն իրենց վրա ազդող թեմաների վերաբերյալ, օգնում է կյանքեր փրկել բնական կամ մարդածին աղետների ժամանակ և հարթակ է ապահովում լրագրողների համար, որպեսզի հաղորդեն փաստեր ու իրենց պատմությունները։ 1946 թ. ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ) ստեղծեց Ռադիոյի միջազգային օրը` արժևորելու ռադիոյի կարևորությունը, խրախուսելու որոշում կայացնողներին` այս լրատվամիջոցով տեղեկատ­վության մատչելիությունն ապահովելու համար, և բարելավելու համա­գործակ­ցությունը հեռարձակողների միջև: Այս օրը նշվում է ողջ աշխարհում հատուկ ռադիոհաղորդումներով և հարակից միջոցառումներով: ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովն այս օրը հաստատել է իր 2013 թ. A/RES/67/124 բանաձևով։

  • 20 փետրվար, Սոցիալական արդարության համաշխարհային օր

Սոցիալական արդարության ձգտումն ընկած է ՄԱԿ-ի՝ զարգացումը և մարդկային արժանապատվությունը խթանելու առաքելության հիմքում: Սոցիալական արդարությանը նպաստում է գենդերային, տարիքային, ռասայական, էթնիկական, կրոնական, մշակութային կամ հաշմանդամության պատճառով մարդկանց առջև ծառացած խոչընդոտների վերացումը։ Սոցիալական արդարության համաշխարհային օրը նպաստում է խաղաղ և բարգավաճ ապրելակերպի զարգացմանը ազգերի ներսում և ազգերի միջև՝ հանուն զարգացման և մարդկային արժանապատվության: Այն նշելը նպաստում է միջազգային հանրության ջանքերին `աղքատության հաղթահարման, լիարժեք և արժանապատիվ աշխատանքի խթանման, գենդերային հավասարության, սոցիալական ապահովության մատչելիության և բոլորի համար արդարությունը հասանելի դարձնելու գործում: ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը հռչակեց այս օրն իր 2007 թ. A/RES/62/10 բանաձևով։

  • 21 փետրվար, Մայրենի լեզվի միջազգային օր

Լեզուները մեր ժառանգությունը պահպանելու և զարգացնելու ամենահզոր գործիքներն են։ Սակայն գլոբալացման գործընթացները ավելի ու ավելի են սպառնում բազմաթիվ լեզուների գոյատևմանը: Ըստ հաշվարկների՝ աշխարհի շուրջ 7000 լեզուներից ավելի քան 50 տոկոսը կվերանա մի քանի սերունդ հետո։ Մայրենի լեզվի միջազգային օրը նպաստում է լեզվական և մշակութային բազմազանությանը։ Այն նշում է 1952 թ. այն ամսաթիվը, երբ ներկայիս Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայի ոստիկանությունը կրակ բացելով սպանեց ուսանողների, որոնք ցույց էին անում իրենց մայրենի լեզուն՝ Բանգլան, որպես Պակիստանի երկու պետական լեզուներից մեկը ճանաչելու համար։ Այս հիշարժան օրը հնարավորություն է՝ փոխըմբռնման, հանդուրժողականության և երկխոսության խթանման համար և նշվում է լեզվական և կրթական միջոցառումներով: Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ) 1999 թ. հայտարարեց Մայրենի լեզվի միջազգային օրը, և ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը ողջունեց այս հիշարժան օրն իր 2002 թ. A/RES/56/262 բանաձևով։