EN | AM

ՄԱԿ-ը 2019 թ. հռչակել է Տեղաբնիկ լեզուների տարի (IYIL2019)


18.12.2018
Տեղաբնիկ լեզուների միջազգային տարին տոնելը կօգնի խթանել և պաշտպանել տեղաբնիկ լեզուներն ու բարելավել դրանցով խոսողների կյանքը։

Լեզուները մարդկանց առօրյայում կենսական դեր են խաղում ոչ միայն որպես հաղորդակցության, կրթության, սոցիալական ինտեգրացիայի և զարգացման միջոց, այլև որպես յուրաքանչյուր անհատի յուրատեսակ ինքնության շտեմարան, մշակութային հիշողության, ավանդույթի ու հիշողության միջոց։

Չնայած իրենց անգնահատելի արժեքի, աշխարհում շարունակում են վերանալ լեզուներ և դրանց քանակն անհանգստացնող է։ Որպեսզի մարդիկ, ովքեր խոսում են այդ լեզուներով օգուտ քաղեն դրանցից, ինչպես նաև՝ ուրիշները գնահատեն այն կարևոր ներդրումը, որ այս լեզուներն ունեն մեր աշխարհի հարուստ մշակութային բազմազանության համար, անհրաժեշտ է բարձրացնել իրազեկությունն այս լեզուների մասին։    

2016 թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց բանաձև, որի համաձայն 2019 թվականը հռչակվում էր Տեղաբնիկ լեզուների միջազգային տարի՝ հիմնված Տեղաբնիկ ժողովուրդների խնդիրների վերաբերյալ մշտական ֆորումի երաշխավորման վրա։ Ըստ ֆորումի՝ աշխարհում 6,700 կենդանի լեզուների 40 տոկոսին անհետացման վտանգ է սպառնում։ Դեռ ավելին, տեղաբնիկ ժողովուրդները հաճախ մեկուսացվում են իրենց բնակության երկրներում թե՛ քաղաքականապես, թե՛ սոցիալապես՝ պայմանավորված իրենց համայնքների աշխարհագրական դիրքով, իրենց առանձին պատմություններով, մշակույթներով, լեզուներով և ավանդույթներով։

2019  թվականը Տեղաբնիկ լեզուների միջազգային տարի հռչակելու կապակցությամբ, ՅՈՒՆԵՍԿՕ-ը իր գործընկերների հետ համատեղ պատրաստել է Գործողության ծրագիր։  

Տեղաբնիկ լեզուների միջազգային տարին տոնելը կօգնի խթանել և պաշտպանել տեղաբնիկ լեզուներն ու բարելավել դրանցով խոսողների կյանքը։ Այն կնպաստի հասնելու «Տեղաբնիկ ժողովուրդների իրավունքների մասին ՄԱԿ-ի հռչակագրում » և 2030 թ. Կայուն զարգացման օրակարգում նշված նպատակներին։ Ակնկալվում է, որ այս կերպ կզորացվեն և կամրապնդվեն միջազգային հանրության կողմից ընդունված լեզուները խթանելու և պաշտպանելու համար հատուկ դրույթներ պարունակող չափորոշիչ գործիքները։ Մանրամասների համար այցելե՛ք IYIL2019 կայքէջ։