EN | AM

Տարբեր երկրներում աշխատելու և նոր մշակույթներին ծանոթանալու ցանկությունը

Ծննդավայրը՝ Ֆրանսիա
Ներկայիս բնակության վայրը՝ Ֆրանսիա

«Այն տարիները, որ ապրել եմ Անգլիայում, Բելգիայում, Թուրքիայում և Հայաստանում, եղել են իմ կյանքի ամենահետաքրքիր ու լավ տարիները: Ես այսօր չէի լինի այն նույն մարդը, որը կամ, եթե չգնայի այս ճանապարհով: Չէի ունենա այն մտածելակերպն ու մոտեցումը մարդկանց, աշխարհի ու կյանքի հանդեպ, որը հիմա ունեմ»,- ասում է 29-ամյա Նանե Մալեք-Սթանյանսը, ով ծնվել և մեծացել է Փարիզում՝ պարսկահայերի ընտանիքում։

Նանեն սովորել է Սորբոնի համալսարանում օտար լեզուների՝ անգլերենի ու իսպաներենի գծով: Հետո փոխել է ոլորտը և ստացել բակալավրի աստիճան եվրոպական գիտությունների գծով։ 2010-2011 թթ. ուսանել է Անգլիայի Բաթի համալսարանում՝ ուսումնասիրելով միջազգային հարաբերություններ և քաղաքագիտություն, իսկ 2011-2012-ին շարունակել է ուսումը Փարիզում՝ ստանալով մագիստրոսի աստիճան։

Տարբեր երկրներում աշխատելը և նոր մշակույթներին ծանոթանալը Նանեին 2012-ին տանում են Հայաստան, ուր նա Եվրամիության պատվիրակությունում իր կրթաթոշակային ծրագիրն ավարտելուց հետո աշխատանքի է անցնում Բրյուսելում՝ ԵՄ արտաքին գործերի եվրոպական ծառայության Արևելյան գործընկերության և տարածաշրջանային համագործակցության բաժնում:

2013-ին Նանեն տեղափոխվում է Թուրքիա և աշխատում Ստամբուլում հայտնի «Հրանտ Դինք» հիմնադրամում՝ համակարգելով հայ և թուրք լրագրողների համար իրականացվող նախագծերը:

Իսկ 2014-ին Նանեն կրկին հայտնվում է Հայաստանում և ապրում 2 տարի՝ նախ աշխատելով ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության ծրագրերում, այնուհետև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը՝ մշակութային կապերի և համագործակցության ծառայությունում:

«Հայաստանում ու Թուրքիայում երբեք ինձ օտար չեմ զգացել, որովհետև մարդիկ այնքան ջերմ էին շփվում ինձ հետ ու այնքան հեշտ ինտեգրում, որ օտարություն չեմ զգացել: Բրյուսելում նույնպես հեշտ եմ ինտեգրվել, բայց այնտեղ էմոցիոնալ մեծ կապ չստեղծվեց իմ մեջ»,- անկեղծանում է Նանեն:

Երկար ճամփորդություններից, ուսանողական ծրագրերից և աշխատանքներից հետո նա 2016-ին վերադառնում է Փարիզ և սկսում աշխատել Ֆրանսիայի փախստականների և քաղաքացիություն չունեցող անձանց պաշտպանության պաշտոնական գրասենյակում՝ որպես փախստականի կարգավիճակի հաստատման պատասխանատու:

«Մենք ամեն օր հարցազրույցներ ենք վարում տարբեր մարդկանց հետ ու որոշում՝ կարո՞ղ են նրանք ստանալ փախստականի կարգավիճակ, թե՞ ոչ: Տարբեր երկրներում ապրելն ու աշխատելը ինձ օգնեցին, որ կարողանամ նաև այս աշխատանքը կատարել: Կարծում եմ, դու չես կարող սահմանել` փախստական լինելը լա՞վ է, թե՞ վատ: Ոչ մեկը չի որոշում փախստական լինել ու ոչ մեկն իր ցանկությամբ չի լքում իր երկիրը, դա հաճույք չէ: Մարդկանց համար դրանք շատ դժվար որոշումներ ու պահեր են»,- ասում է Նանեն:

Նա աշխատում է հիմնականում աֆրիկյան երկրներից եկած փախստականների հետ:

«Այս մարդիկ շատ մեծ դժվարությունների միջով են անցնում հատկապես միգրացիայի ճանապարհին: Կարծում եմ՝ ամբողջ աշխարհը պետք է զգույշ լինի այս նուրբ ու զգայուն խնդրի հանդեպ, քանի որ փախստականության հարցը գնալով անվերջանալի է դառնում, բայց ես հույս ունեմ, որ մի օր այն վերջ կունենա: Աշխարհը կարիք ունի բարության ու հոգատարության և առավել շատ՝ հենց այս մարդկանց նկատմամբ»,- հավելում է Նանեն: