EN | AM

Ծխախոտը սրտեր է կոտրում. ընտրի՛ր առողջությունդ, ո՛չ թե ծխախոտը

Մայիսի 30-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ ԱՀԿ հայաստանյան գրասենյակի մամլո ասուլիսը՝ նվիրված մայիսի 31-ին նշվող «Առանց ծխախոտի համաշխարհային օրվան»:
Քննարկման թեմաներն էին Ծխախոտի օգտագործման վերահսկման ՀՀ նոր օրենքը, ծխելու պատճառով առաջացող սրտանոթային հիվանդությունների և կաթվածների աճը, առանց ծխախոտի քարոզարշավի կարևորությունը տնտեսության և տուրիզմի զարգացման, ժողովրդագրական աճի հարցերում, ինչպես հասարակության իրազեկման դերը ներկա և ապագա սերունդների պաշտպանության համար: Ասուլիսի բանախոսներն էին ԱՀԿ ներկայացուցիչ  Եգոր Զայցևը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգող Շոմբի Շարփը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

*****

«Մի՛ կոտրեք Ձեր սիրտը»
Հասարակությունը շարունակում է անտեղյակ մնալ. ծխելը սրտանոթային հիվանդությունների եւ կաթվածների գլխավոր պատճառներից մեկն է 

Ծխողների մոտ սրտի իշեմիկ հիվանդության եւ ուղեղի կաթվածի հավանականությունը 2-4 անգամ ավելի մեծ է, քան չծխողների մոտ. նույնիսկ ուրիշների ծխախոտի ծխին ենթակա չափահասների համար վտանգը 25–30%-ով ավելի մեծ է։ ԱՀԿ «Առանց ծխախոտի համաշխարհային օր 2018»-ը կենտրոնանում է նրա վրա, թե ինչ կարելի է անել ծխախոտի պատճառած սրտային հիվանդությունների վտանգները նվազեցնելու համար, եւ թե անմիջապես որքան մեծ է լինում տարբերությունը, երբ ծխողները թողնում են ծխելը։ «Ծխախոտը սրտեր է կոտրում. ընտրիր առողջությունդ, ոչ թե ծխախոտը»։
«Մարդիկ, ընդհանուր առմամբ, մտածում են, որ ծխելը վնասակար է, բայց հաճախ տեղյակ չեն սրտանոթային հիվանդությունների ու կաթվածի հետ դրա ուղղակի կապի մասին: Ծխախոտը նպաստում է քրոնիկ հիվանդությունների եւ դրանց պատճառով մահվան դեպքերի թվի ավելացմանը եւ կործանարար ազդեցություն է ունենում հիվանդների ու նրանց ընտանիքների վրա», - ասում է Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Եգոր Զայցեւը:

Ծխելուց հրաժարվելու բարենպաստ ազդեցությունը կարելի է նկատել գրեթե անմիջապես.

  • 20 րոպեի ընթացքում նվազում են սրտի զարկերը, եւ իջնում է արյան ճնշումը։
  • 12 ժամվա ընթացքում արյան մեջ ածխածնի մոնոքսիդի մակարդակը դառնում է նորմալ։
  • 2-12 շաբաթվա մեջ բարելավվում է արյան շրջանառությունը եւ թոքերի ֆունկցիան։
  • Ծխելը թողնելուց մեկ տարի անց սրտի իշեմիկ հիվանդության զարգացման ռիսկը կիսով չափ նվազում է։
  • Ծխելը թողնելուց 5-15 տարի անց կաթվածի զարգացման ռիսկը նվազում է՝ հասնելով չծխողի վիճակի։
  • Ծխելը թողնելուց տասնհինգ տարի անց սրտի իշեմիկ հիվանդության վտանգը դառնում է չծխող մարդուն սպառնացող վտանգի չափ:


Սրտանոթային հիվանդություններ. մահվան գլխավոր պատճառն ամբողջ աշխարհում

Սրտանոթային հիվանդությունները սրտի եւ արյունատար անոթների խանգարումներ են։ Դրանցից են՝ սրտի իշեմիկ հիվանդությունը, ուղեղի անոթային հիվանդությունը եւ սրտի ռեւմատիկ հիվանդությունը։ Ամեն տարի այդ հիվանդություններից աշխարհում մահանում է 17,7 միլիոն մարդ, որը կազմում է բոլոր մահերի մեկ երրորդը։ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում, որտեղ չափահասների 28%-ը ծխում է, 2015 թվականին 4,2 միլիոն ծխողների շրջանում մահերի 46%-ը բաժին է ընկնում սրտանոթային հիվանդություններին։
Սրտանոթային հիվանդություններից մահացությունը (երկու սեռերի մեջ բոլոր տարիքային խմբերում) գրեթե կրկնակի ավել է տարածաշրջանի արեւելյան մասում (Կենտրոնական Եվրոպայում, Արեւելյան Եվրոպայում եւ Միջին Ասիայում), քան արեւմուտքում, եւ դրանց մեծ մասը տղամարդիկ են: Այդ մահերից կարելի էր խուսափել։ Հայաստանում ծխում է չափահաս տղամարդկանց 51,5%-ը, և ըստ հաշվարկային ցուցանիշների բոլոր մահերի 47.3% բաժին է ընկնում սրտանոթային հիվանդություններին։ 


Ծխելը թողնելու միջոցառումները նվազեցնում են սրտանոթային հիվանդությունները

Ծխախոտի գործածության նվազեցումը դրական ազդեցություն ունի ոչ միայն բնակչության առողջության, այլեւ երկրի տնտեսության ու առողջապահական ծառայությունների վրա։ Ծխախոտի դեմ պայքարի ԱՀԿ շրջանակային կոնվենցիային միանալուց ի վեր՝ 2004 թ.-ից սկսած, Հայաստանը տարբեր միջոցներ է ձեռնարկել, սակայն ապագայում եւս ջանքեր են անհրաժեշտ։
Ծխախոտի դեմ պայքարի ԱՀԿ շրջանակային կոնվենցիային համահունչ իրականացվող միջոցառումները նպաստումեն նաև սրտանոթային հիվանդությունների բեռի նվազեցմանը: Այդ միջոցառումներից են ծխախոտային արտադրանքի ակցիզային հարկերի եւ գների բարձրացումը, ծխախոտի փաթեթավորման համար պարզ կամ ստանդարտացված տուփերի վրա առողջապահական մեծ ու աչքի ընկնող նախազգուշացումների կիրառումը, համապարփակ արգելքները ծխախոտի գովազդի, խրախուսման եւ հովանավորչության վրա, ծխախոտի ծխից զերծ միջավայրի ապահովումը բոլոր փակ տարածքներում, աշխատավայրերում ու հանրային փոխադրամիջոցներում, զանգվածային լրատվությամբ հակածխախոտային քարոզարշավների իրականացումը, որոնք հանրությանը տեղեկացնում են ծխախոտի եւ պասիվ ծխելու վնասների մասին։