EN | AM

Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգողը հանդիպել է ՀՀ վարչապետին


29.03.2018
ՄԱԿ-ի մշտական համակարգողն ու վարչապետը կարևորել են Հայաստան-2030 զարգացման օրակարգի շրջանակում համագործակցությունը:

Մարտի 28-ին Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը հանդիպել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։

Վարչապետը շնորհավորել է Շոմբի Շարփին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ պարոն Շարփն իր ներդրումը կունենա ՄԱԿ-Հայաստան երկկողմ համագործակցությունը առավել զարգացնելու գործում: Կառավարության ղեկավարը նշել է, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ փոխադարձ գործակցություն է ձևավորվել, արդյունավետ մի շարք ծրագրեր են իրականացվել, և միևնույն ժամանակ համատեղ աշխատանքի նոր հեռանկարային ուղղություններ կան:

Կարեն Կարապետյանը ներկայացրել է ՀՀ կառավարության տարբեր ոլորտներում նախաձեռնած բարեփոխումների օրակարգը՝ նշելով, որ Հայաստանը կայուն զարգացման մեծ ներուժ ունի, և իրականացվող քայլերն ուղղված են դրա լիարժեք իրացմանը:

Շոմբի Շարփը նշել է, որ պատվով է ստանձնում Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնը և իր առաքելության ընթացքում կներդնի առավելագույն ջանքեր ՀՀ զարգացմանն ուղղված ծրագրերում ՄԱԿ-ի ներգրավվածությունն ապահովելու և դրանք հաջողելու համար: Նա ողջունել է ՀՀ կառավարության կողմից բարեփոխումների նախաձեռնումը, ինչպես նաև տնտեսական աճի ու մակրոտնտեսական բարձր ցուցանիշների արձանագրումը՝ ընդգծելով, որ Միավորված ազգերի կազմակերպությունը այսուհետ ևս պատրաստ է աջակցել Հայաստանում շարունակական ռեֆորմների և ներդրումային ծրագրերի իրականացմանը:

ՄԱԿ-ի մշտական համակարգողը նաև նշել է, որ իր համար ուրախալի է պաշտոնն ստանձնել այնպիսի տարում, երբ Հայաստանում տեղի են ունենալու թե´ ազգային, թե´ միջազգային մակարդակի հետաքրքիր մեծամասշտաբ միջոցառումներ: 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-ՄԱԶԾ համագործակցության զարգացման հեռանկարների վերաբերյալ: Այս համատեքստում անդրադարձ է եղել Հայաստան-2030 զարգացման օրակարգին, կարևորվել է դրա իրականացման գործում սերտ համագործակցությունը: