EN | AM

ՄԱՁԻԱՀ-ի #ԴուՄիայնակՉես քարոզարշավը մեկնարկեց Հայաստանում


05.03.2018
ՄԻԱՎ-ից այլևս չեն մահանում. մահանում են խտրական վերաբերմունքից, չհետազոտվելու, ուշ ախտորոշում ստանալու, բուժմանը հասանելիություն չունենալու կամ ուղղակի դեղերը չխմելու պատճառով:

2018 թ. մարտի 2-ին Խտրականության անհանդուրժողության օրվա կապակցությամբ Հայաստանում մեկնարկեց ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի տարածաշրջանային #ԴուՄիայնակՉես արշավը:

Արշավի նպատակն է  բարձրացնել իրազեկվածությունը ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց, այդ թվում  երեխաների և ընտանիքների հանդեպ հաճախ հանդիպող խարանի  և խտրականության վերաբերյալ:

        

#ԴուՄիայնակՉես տարածաշրջանային արշավի  շրջանակներում ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի հայաստանյան կարմիր ժապավենի անդամ Արուսիկ Մկրտչյանի աջակցությամբ պատրաստվել է տեսահոլովակ, որտեղ հայ հայտնիները լսելի են դարձրել ՄԻԱՎ-ով ապրող երեխաների և դեռահասների ձայները: Տեսահոլովակի մեջ գաղտնիության ապահովման նպատակով երեխաների և դեռահասների անուններն ու տարիքը փոփոխված են։

Տեսահոլովակի նկարահանմանը իրենց աջակցությունն ու մասնակցությունն են ցուցաբերել Մկրտիչ Արզումանյանը, Դիանա Մալենկոն, Սոս Ջանիբեկյանը, հաղորդավարներ՝ Լիլիթ Մուրադյանը, Վահե Խանամիրյանը, Եգոր Գլումովը, Սիմա Բաղդասարյանը, Լուսինե Բաղդասարյանը և Լուսինե Թովմասյանը։

 

2018 թ. մարտի 2-ին #ԴուՄիայնակՉես արշավին մասնակցում էին Հայաստանում
ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, ԱՀԿ հայաստանյան ներկայացուցիչ Եգոր Զայցևը , ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցչի տեղակալ Լիվ Էլին Ինդրայտենը,
ինչպես նաև ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի այլ աշխատակիցներ։

Միջոցառման ընթացքում  ՄԻԱՎ-ով ապրող Արմեն Աղաջանովը, Հայաստանում առաջիններից մեկը, բաց դեմքով ներկայացավ  և նշեց, որ ՄԻԱՎ-ից այլևս չեն մահանում. մահանում են խտրական վերաբերմունքից, չհետազոտվելու, ուշ ախտորոշում ստանալու, բուժմանը հասանելիություն չունենալու կամ ուղղակի դեղերը չխմելու պատճառով:

 #ԴուՄիայնակՉես տարածաշրջանային արշավի մեկնարկի առիթով ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի տարածաշրջանային տնօրեն Վինեյ Սալդանան նշել է. «#ԴուՄիայնակՉես քարոզարշավի նպատակը Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ-ով ապրող երեխաների, դեռահասների և նրանց ընտանիքների հետ համերաշխության  ապահովումն է, որպեսզի նրանք կարողանան ապրել անվտանգ և արժանապատիվ կյանքով»։

«Այս երիտասարդները ուժեղ են և ոգեշնչող», - ասել է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի տարածաշրջանային բարի կամքի դեսպան Վերա Բրեժնևան: «Բայց եթե ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ դեռ պետք է թաքցնեն իրենց կարգավիճակը, ուրեմն հասարակության մեջ ինչ-որ բան ճիշտ չէ, երբ նրանց իրավունքները և արժանապատվությունը չեն հարգում: ՄԻԱՎ-ով ապրող յուրաքանչյուր ոք պետք է զգա մեր աջակցությունը #ԴուՄիայնակՉես։

Մարտի մեկը ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի կողմից 2014 թ. ի վեր նշվող Խտրականության անհանդուրժողության օրն է։ Այն միջազգային տոն է, որը խրախուսում է մարդու իրավունքների պաշտպանությունը և ճանաչում բոլոր մարդկանց հավասարությունը։ Այս տոնի խորհրդանիշը թիթեռնիկն է, որի միջոցով շեշտադրվում է առավել հավասար և արդար հասարակություն ձևավորելու վերափոխման գործընթացում յուրաքանչյուր անձի մասնակցության կարևորությունը: