Միշել Սիդիբե
ՄԱՁԻԱՀ-ի գործադիր տնօրեն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ
Այսօր ՁԻԱՀ-ի համաշխարհային օրվա առթիվ մենք շեշտում ենք առողջության իրավունքի կարևորությունը և բարձրաձայնում ենք այն խնդիրները, որոնց ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ հանդիպում են այս իրավունքի իրականացման գործընթացի ընթացքում:
Առողջության իրավունքը մարդու հիմնարար իրավունքն է, յուրաքանչյուր ոք ունի ֆիզիկական և հոգեկան առողջության առավելագույնս հասանելի մակարդակից օգտվելու իրավունք, որն ամրագրված է Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրով:
Համաշխարհային հանրությունը չի կարողանա հասնել կայուն զարգացման նպատակներին, որոնց թվում է նաև 2030 թ.-ին ՁԻԱՀ-ի վերացումը, եթե մարդիկ ի վիճակի չեն իրացնել իրենց առողջություն իրավունքը: Առողջության իրավունքը սերտորեն կապված է մի շարք այլ իրավունքների հետ, ներառյալ սանիտարական ծառայությունների, սննդի, արժանապատիվ բնակարանային պայմանների, աշխատանքային անվտանգության և մաքուր աշխատանքային պայմանների իրավունքը:
Առողջության իրավունքը ներառում է բազմաթիվ ասպեկտներ. բոլոր մարդիկ ունեն հավասար առողջության իրավունք, անհրաժեշտ է համապատասխան բժշկական ենթակառուցվածք, բժշկական ծառայությունները պետք է լինեն հարգալից և ոչ խտրական, և առողջապահական ծառայությունները պետք է լինեն որակյալ և հիմնավորված՝ բժշկական տեսանկյունից: Այնուամենայնիվ, առողջության իրավունքը, ավելին է, քան բոլոր վերը նշվածները: Առողջության իրավունքի իրացումը թույլ է տալիս մարդկանց հասնել իրենց նպատակներին և իրականացնել երազանքները:
Ամեն տարի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը մենք հիշում ենք մեր ընտանիքի անդամներին և ընկերներին, որոնք մահացել են ՁԻԱՀ-ի հետ կապված հիվանդություններից, և կրկին ընդգծում ենք մեր համերաշխություն բոլոր նրանց հետ, որոնք ներկայումս ապրում են ՄԻԱՎ-ով:
Ի սկզբանե ՁԻԱՀ-ի դեմ պայքարը կառուցվել է առողջության հիմնարար իրավունքի և բարեկեցություն հիման վրա: ՁԻԱՀ-ի դեմ պայքարող կողմերը կոչ էին անում ստեղծել մարդու իրավունքների վրա հիմնված առողջապահական համակարգեր և արագացնել ջանքերը միջազգային համայնքի կողմից ՄԻԱՎ-ի հարցերը, կանխարգելման և բուժման ուղիները հասկանալու համար:
Բազմաթիվ մարդիկ, հատկապես սոցիալապես առավել անտեսված և ՄԻԱՎ-ի տեսնակյունից խոցելի խմբերը շարունակում են բախվել այն առողջապահական ծառայությունների և սոցիալական ապահովության հասանելիության խնդիրներին, որոնց կարիքը ունեն:
Մենք բոլորս պետք է կանգնենք ուսի ուսի այս մարդկանց կողքին և պահանջենք, որ հարգվեն յուրաքանչյուր մարդու իրավունքները:
Այս տարի մի շարք նշանակալի քայլեր են ձեռնարկվել 90-90-90 ցուցանիշին և 2030 թ.-ին ՁԻԱՀ-ի նկատմամբ հաղթանակի թիրախին հասնելու ուղղությամբ: Այսօր գրեթե 21 միլիոն ՄԻԱՎ-ով ապրող մարդ բուժում է ստանում, ՄԻԱՎ վարակման նոր դեպքերը և ՁԻԱՀ-ի հետ կապված մահացությունը նվազում է աշխարհի բազմաթիվ երկրներում: Սակայն չի կարելի բավարարվել արդյունքներով: Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում, ՄԻԱՎ վարակման նոր դեպքերի մակարդակը 2010 թ. համեմատ աճել է 60% -ով, իսկ ՁԻԱՀ-ի հետ կապված մահացությունը` 27% -ով:
Անբավարար ուշադրության է շարունակում արժանանալ Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկան: Երեք մարդուց երկուսի համար բուժումը հասանելի չէ: Մենք չպետք է հապաղենք ՁԻԱՀ-ի դեմ պայքարում:
Չնայած բոլոր հաջողություններին՝ ՁԻԱՀ-ը դեռ չի հաղթահարվել: Սակայն եթե յուրաքանչյուր մարդ մոլորակի ցանկացած անկյունում կարողանա իրացնել առողջության իր իրավունքը` մենք կկարողանանք հաղթել: