EN | AM

Երևանի պետական բժշկական համալսարանում բացվեց թեմատիկ գրականությամբ հագեցած ՄԱԿ-ի անկյուն

Երևան, 21 նոյեմբերի, 2017 թ. - Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում (ԵՄՀ) տեղի ունեցավ թվով 18-րդ ՄԱԿ-ի անկյան բացման արարողությունը:

Ներկա էին ԵՄՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Եգոր Զայցևը, ՄԱՁԻԱՀ Ազգային ծրագրի ղեկավար Լենա Նանուշյանը, ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության (ՀՏՎ) ղեկավար Արմինե Հալաջյանը, ինչպես նաև ԲՈՒՀ-ի գիտական խորհրդի կազմը։

Ողջունելով հյուրերին` ռեկտոր Ա. Մուրադյանն ասաց. «Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ՄԱԿ-ի անկյան բացումը ծառայելու է երիտասարդության կարողությունների և գիտելիքների հզորացմանը` ՄԱԿ-ի գլոբալ օրակարգի իրագործման ուղղությամբ նրանց ներգրավվածության հիմքերի ձևավորման համար ընդհանրապես և առողջապահական խնդիրների վերաբերյալ՝ մասնավորապես:» 

ԱՀԿ ներկայացուցիչ Ե. Զայցևը իր խոսքում ասաց, որ սա շատ կարևոր նախաձեռնություն է: «Բնականաբար, շատ դժվար է որպես մասնագետ զարգանալ առանց ապացուցողական բշժկության և առողջապահության  մասին տեղեկություն ստանալու հնարավորության: Նույնքան կարևոր է ստացած տեղեկությունը կիրառել պրակտիկայում:»

«ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների հետ համագործակցությունը, թույլ կտա ապագա բժիշկներին ստացած գիտելիքների շնորհիվ իրենց ներդրումը ունենալ մինչև 2030 թվականը Հայաստանում  ՁԻԱՀ-ի համաճարակի վերջ դնելու գործընթացում,» իր խոսքում ասաց ՄԱՁԻԱՀ-ի Ազգային ծրագրի ղեկավար Լ.Նանուշյանը։

Անկյունը, որի պահոցում առկա է ավելի քան 300 միավոր գրականություն (գրքեր, պաստառներ, գրքույկներ և այլ հրատարակություններ)` թողարկված ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակների  և ՄԱԿ-ի գործակալությունների, հիմնադրամների և ծրագրերի հայաստանյան գրասենյակների կողմից, (ԱՀԿ, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամ, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամ, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի Միացյալ ծրագիր, ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչություն) կծառայի նաև ՄԱԿ-ի հետ կապված կրթական, իրազեկման բարձրացման ու այլ միջոցառումների կազմակերպման նպատակին, ինչպես նաև համատեղ նշելու առողջության հետ կապված ՄԱԿ-ի հիշարժան օրերը։ ՄԱԿ-ի անկյունը նաև լավ հարթակ է այստեղ կազմակերպել հանդիպումներ ՄԱԿ-ի աշխատակիցների ու փորձագետների հետ,  քննարկումներ ծավալել ընդհանուր թեմաների շուրջ, շնորհանդեսներ ու աշխատաժողովներ ունենալ։

ՄԱԿ-ի անկյունների բացումը ընդհանուր առմամբ նպատակ ունի բարձրացնելու հանրային իրազեկվածության մակարդակը՝ հետաքրքրություն խթանելով ՄԱԿ-ի արժեքների, համաշխարհային օրակարգի և քաղաքականությունների վերաբերյալ: ՄԱԿ-ի անկյունների մասին ամբողջական տեղեկատվություն կարող եք գտնել սույն հղման մեջ.  http://www.un.am/hy/p/un-corners: