EN | AM

Դեռահասների առողջություն և տեղեկատվական տեխնոլոգիաները կրթության ոլորտում

Կլոր սեղան-քննարկում

ԵՐԵՎԱՆ, ուրբաթ, 24 նոյեմբերի, 2017թ. - Արաբկիր Բժշկական համալիր - Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագիրը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Տարածաշրջանային գրասենյակը կազմակերպել են «Դեռահասների առողջություն և տեղեկատվական տեխնոլոգիաները կրթության ոլորտում» կլոր սեղանը և հանրային իրազեկման միջոցառումը, նվիրված  դեռահասների առողջությանը, դպրոցի դերին և ժամանակակից կրթական  տեխնոլոգիաների կիրառման հարցերին: 

Ծրագրի մասին

Դեռահասությունը (10-19 տար.) հասունացման և մեծ զարգացումների ժամանակաշրջան է: Հենց այդ տարիքում է ձևավորվում այն կենսակերպը, որին մարդը հետևում է նաև մեծահասակ կյանքում: Անառողջ կենսակերպը, վնասվածքներն ու բռնությունը, ծխախոտի, ալկոհոլի և թմրանյութերի օգտագործումը, ինչպես նաև վաղ սեռական կյանքը նպաստում են ֆիզիկական և հոգեկան խանգարումների զարգացմանը, վաղաժամ մահացությանը:

Դեռահասությունը նաև մեծ հնարավորությունների շրջան է: Այստեղ հսկայական է դպրոցի դերը` երեխաներին կրթելու և կյանքի հմտություններ ձևավորելու հարցում: Դեռահասները կարիք ունեն գիտականորեն հիմնավորված, հավաստի և հանրամատչելի տեղեկատվության`առողջության, վարքագծի, հարաբերությունների վերաբերյալ: Հենց այդ տարիքում հատկապես կարևոր է ժամանակակից արդյունավետ տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործումը կրթական նպատակով: Այդ տեխնոլոգիաների շնորհիվ տեղեկատվությունն ավելի լավ է ընկալվում դեռահասների կողմից:

Հաշվի առնելով վերջին տասնամյակում դեռահասների դրսևորած անառողջ կենսակերպը և ռիսկային վարքագիծը, առկա հոգեբանական խնդիրները, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի արագ տարածման միտումները, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը, որոշվեց հավաքել այն բոլոր հարցերը, որոնք հուզում են երիտասարդներին, և օգնել գտնելու դրանց պատասխանները հատուկ տեղեկատվական հարթակում: ТeensLIVE-ը դեռահասների և երիտասարդների համար հատուկ ստեղծված կայք է, որտեղ կարելի է գտնել նրանց հուզող ցանկացած, նույնիսկ ամենաանհարմար հարցերի պատասանները` սիրո և հարաբերությունների, շփման գաղտնիքների, առողջության և շատ այլ թեմաներով: Կայքը պարունակում է հոգեբանների և բժիշկների խորհուրդներ, նորություններ, տեսանյութեր և միտված է օգնելու երիտասարդ աղջիկներին և տղաներին: Կայքը երաշխավորվել է ՀՀ ԿԳՆ կողմից դպրոցներում “Առողջ ապրելակերպ” դասաժամերին որպես լրացուցիչ նյութ օգտագործելու համար: Շուտով պատրաստ կլինեն նաև հայերեն լեզվով թեմատիկ ուսուցողական տեսահոլովակները:  

Teenslive.am կայքը պատրաստվել է «Արաբկիր» բժշկական համալիր-Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի (Արաբկիր ԲՀ-ԵԴԱԻ) մասնագետների կողմից, ԿՏՏԻ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությամբ, ՅՈՒԷՆԷՅԴՍ տեխնիկական օգնության տարածաշրջանային ծրագրի շրջանակներում, Ռուսաստանի Դաշնության Կառավարության ֆինանսական աջակցությամբ, հիմք ընդունելով teenslive.info ռուսալեզու կայքը, որն  արդեն մի քանի տարի է, ինչ հաջողությամբ գործում է Ռուսաստանում և ԱՊՀ մի շարք երկրներում:

Միջոցառումն անցկացվում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ:

Միջոցառման բացմանը տիկին Լենա Նանուշյանը, ՄԱՁԻԱՀ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար, կարևորեց 90-90-90 նպատակները, նշեց առողջության իրավունքի պահպանման դերի կարևորության մասին։ ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբույժ, Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար Սերգեյ Սարգսյանը կարևորեց դեռահասների առողջությունը, առողջության խրարուսող միջոցառումների անհրաժեշտությունը։ ՀՀ ԿԳՆ հանրակրթության ավագ մասնագետ տիկին Անահիտ Մուրադյանը պատմեց առողջ ապրելակերպի դասընթացի անցկացման մասին։ ՅՈՒՆԵՍԿՕ-Ի տարածաշրջանային գրասենյակի խորհրդատու Տիգրան Եպոյանը հատուկ շեշտադրեց նորարար տեխնոլոգիաների դերը ուսման գործընթացում։ 

Սրաբկիր ԲՀ-ԵԴԱԻ մասնագետները, Մարինա Մելքումովան և Եվա Մոսեսյանը ներկայացրել են հայալեցու Teenslive.am կայքը, տեսահոլովակները։ Մասնակից դեռահասները ավագ դպրոցներից հայտնեցին իրենց կարծիքները կայքի մասին, ներկայացրեցին ֆլեշ-մոբ։