EN | AM

Կառավարությունը և ՄԱԶԾ-ն անդրադառնում են Հայաստանում անտառային և դաշտային հրդեհների խնդրին

Հայաստանի սակավանտառ պաշարները հաճախ գտնվում են ինտենսիվ մշակվող գյուղատնտեսական հողահանդակների և մարգագետինների մոտ` ենթարկվելով մարդու և կլիմայի փոփոխության ազդեցություններին:  Օդի ջերմաստիճանի կանխատեսվող բարձրացումը և տեղումների փոփոխությունը, ըստ Կլիմայի փոփոխության երրորդ ազգային հաղորդագրության, էլ ավելի կբարձրացնի երկրի չորայնության աստիճանը: Վեջինս էլ, իր հերթին, կավելացնի անտառային և դաշտային հրդեհների հաճախականությունն ու ինտենսիվությունը: 

Կլիմայի փոփոխությամբ պայմանավորված և հաճախակի դարձած անտառային և դաշտային հրդեհների ահագնացող խնդիրը լուծելու համար, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը և ՀՀ բնապահպանության նախարարությունը նախատեսում են զարգացնել ազգային պատասխանատու կառույցների տեխնիկական կարողությունները և ստեղծել մշտադիտարկման, կանխարգելման և անտառային հրդեհների մարման համակարգված մեխանիզմներ՝ դերերի և պատասխանատվությունների հստակ տարանջատումով: 

Այսօր, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն և ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ստորագրեցին փաստաթուղթ, որով նախատեսվում է սկսել Ռուսաստանի Դաշնության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում կլիմայի փոփոխության ազդեցության մեղմումն անտառային և դաշտային հրդեհների կառավարման ներուժի զարգացման միջոցով» ծրագրի իրականացումը: ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը նույնպես ներկա էր պաշտոնական ստորագրման արարողությանը: Եռամյա ծրագրի բյուջեն կազմում է 1 միլիոն ԱՄՆ դոլար

Նախաձեռնությունը նպատակ ունի բարելավել օրենսդրական դաշտը և կիրարկել համապատասխան քաղաքականությունը, հզորացնել վաղ նախազգուշացման և մշտադիտարկման համակարգերը, ինչպես նաև հստակեցնել համապատասխան կառույցների դերերը և պարտականությունները իրենց լիազորությունները իրականացնելու համար: Ծրագիրը նաև ազգային և տարածաշրջանային շահառու մարմիններին կտրամադրի ժամանակակից սարքավորումներ և տեխնոլոգիա, ինչպիսիք են հրդեհվող և անվնաս անտառների ու դաշտերի միջև խորը բուֆերային խրամատներ փորելու տեխնիկական միջոցները, ուսապարկ-պոմպերը և հրդեհամարիչ սարքերը՝ նախատեսված մակերեսային հրդեհները մարելու և ճնշելու համար, ինչպես նաև պաշտպանիչ համազգեստներ հրշեջների առողջությունն ու անվտանգությունը ապահովելու համար: Ծրագրի կողմից կաջակցվեն և կխրախուսվեն անտառային և դաշտային հրդեհների մեղմմանն ու կանխմանը ուղղված այլընտրանքային ձեռներեցությունը և նորարարական մոտեցումները:

Ծրագիրը կապահովվի նաև անտառամերձ համայնքների մասնակցությունը: Այն կնպաստի անտառային պաշարների կայուն կառավարմանը՝ նորարարական տեխնոլոգիաների միջոցով կլիմայի փոփոխության ազդեցության մեղմման շնորհիվ: Այդպիսի տեխնոլոգիաների օրինակներ են վառելահատիկների և բրիկետների արտադրությունը, ինչպես նաև էներգա-արդյունավետ վառարանները: Այս տեխնոլոգիաները կներդրվեն ագրո-անտառային ոլորտում և հավելյալ կնպաստեն տեղի բնակիչների եկամտի աճին ու աշխատատեղերի ստեղծմանը:

***

ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը գործընկերային կապեր է հաստատում հասարակության բոլոր խավերի ներկայացուցիչների հետ` զորակցելով պետություններին դիմակայելու ճգնաժամերին: ՄԱԶԾ-ն խթանում է նաև աճը, որ կոչված է բարելավելու յուրաքանչյուր անձի կյանքի որակը: Մնայուն ներկայություն ունենալով մոտ 170 երկրներում և տարածքներում` մենք համաշխարհային փորձ և տեղական լուծումներ ենք մատուցում` նպաստելով կյանքի բարելավմանը և աջակցելով կայուն պետականության ձևավորմանը: ՄԱԶԾ-ն hաստատվել է Հայաստանում 1993թ. մարտին և աջակցում է կառավարությանն իրականացնելու ազգային զարգացման առաջնահերթությունները, ինչպես նաև հասնելու Կայուն զարգացման նպատակներին: