EN | AM

Մեկնարկեց հասարակական և բնակելի շենքերի էներգաարդյունավետ արդիականացման ծրագիրը


07.07.2017
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է հասնել էներգիայի 50-60 տոկոս խնայողության

Հուլիսի 7-ին ՀՀ Բնապահպանության նախարարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր – Կլիմայի կանաչ հիմնադրամ (ՄԱԶԾ-ԿԿՀ) «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի փաստաթղթի պաշտոնական ստորագրման արարողությունը:

Այս ծրագիրը Կլիմայի կանաչ հիմնադրամի կողմից ֆինանսավորված աշխարհում 10-րդ, իսկ եվրասիական տարածաշրջանում՝ առաջին ծրագիրն է: Այն մշակվել է ՀՀ բնապահպանության նախարարության, Երևանի քաղաքապետարանի և այլ շահագրգիռ նախարարությունների հետ սերտ համագործակցության արդյունքում, և հաստատվել է ԿԿՀ-ի կողմից 20 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհային գումարով:

Ծրագրի փաստաթուղթը ստորագրեցին Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն և ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Արարողությանը ներկա էին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, ինչպես նաև շահագրգիռ նախարարությունների և գործակալությունների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ծրագիրն ուղղվելու է ինչպես հասարակական, այնպես էլ բնակելի շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանը՝ ապահովելով առավել խոցելի տնային տնտեսությունների համար ծախսերի մատչելիություն, ինչպես նաև ստեղծելով բարենպաստ շուկայական միջավայր ներդրումների և մեծամասշտաբ բիզնես մոդելի ստեղծման համար։