ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում տեղի ունեցավ միջոցառում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանի, ՀՀ-ում ՌՌ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի, ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետոյի մասնակցությամբ:
Նախարարի տեղակալը միջոցառման մասնակիցներին ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի ուղերձը: Խոսվեց ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում ձեռքբերումների մասին: Հատկապես կարևորվեց Հայաստանին մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացումը փաստող հավաստագրի հանձնումը, համաճարակի վերադարձը խտացման փուլից նախնականին, ՄԻԱՎ վարակի համաճարակաբանական հսկողության բարելավումը, 2001թ. սկսած հանրապետությունում դոնորական արյան միջոցով ՄԻԱՎ-ի փոխանցման դեպքերի բացակայությունը: Կարևոր ձեռքբերում է նաև հանրապետության գյուղական և քաղաքային 145 բնակավայրերում բնակչության ամենախոցելի խմբում` միգրանտների և նրանց ընտանիքների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելման ծրագրերի իրականացումը։ ՁԻԱՀ-ի կենտրոնի շարժական բուժախտորոշիչ կլինիկաները, բժշկական խմբերը ՄԻԱՎ վարակին առնչվող բժշկական ծառայությունները, այդ թվում` ՄԻԱՎ-ի վերաբերյալ անվճար, անանուն հետազոտությունը տրամադրում են տեղերում` մեծացնելով դրանց հասանելիությունը հանրապետության բնակչության շրջանում։
«Այս ամենը վկայությունն են այն բանի, որ ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնն արդյունավետ իր աշխատանքով գտնվում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի առաջին գծում` համակարգելով առողջապահական հիմնարկների այդ ոլորտում աշխատանքները», - շեշտեց Ս.Մարգարյանը: Նա նաև կարևորեց հաջողություններին հասնելու գործում դոնորների և միջազգային կազմակերպությունների զգալի դերը և շնորհակալություն հայտնեց ՌԴ կառավարությանը, Գլոբալ հիմնադրամին, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրին և մյուս գործընկերներին` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագրին աջակցելու համար:
ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ի.Վոլինկինը, խոսելով ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարին Ռուսաստանի Դաշնության աջակցության ծրագրի մասին, նշեց, որ Հայաստանին նվիրաբերվել է երկրորդ շարժական բուժախտորոշիչ կլինիկան, որի շնորհիվ է՛լ ավելի է բարձրացել մարզերում գյուղական և քաղաքային համայնքներում միգրանտներին և նրանց զուգընկերներին տրամադրվող ծառայությունների ծավալը: Նա նաև նշեց, որ ՌԴ աջակցության ծրագրի շրջանակում, որը շարունակվելու է մինչև 2018թ. ներառյալ, նախատեսվում է նաև ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի հետ գիտահետազոտական աշխատանքների համատեղ իրականացում: Իր ելույթի ավարտին դեսպանը շնորհակալություն հայտնեց ՀՀ առողջապահության նախարարությանը ծրագրին աջացկելու համար, Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչությանը, մասնավորապես՝ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրին և ոչ պետական հատվածի նրանց գործընկեր ՍՊԻԴ ինֆոսվյազ հիմնադրամին, ինչպես նաև ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի ղեկավարությանն ու աշխատակիցներին արդյունավետ ու արհեստավարժ աշխատանքի համար:
ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բ.Բուզետոն շնորհավորեց Հայաստանին մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած եվրոպական տարածաշրջանում առաջին, և աշխարհում երկրորդ երկիրը դառնալու կապակցությամբ: Այնուհետև խոսեց Կայուն զարգացման ծրագրի նպատակներից մեկի՝ մինչև 2030թ. ՁԻԱՀ-ի համաճարակի վերացման մասին՝ նշելով, որ դա արտացոլվել է նաև 2016թ. հունիսին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով հատուկ նիստի ժամանակ ՄԱԿ-ի անդամ պետությունների, այդ թվում նաև՝ Հայաստանի կողմից ընդունված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի քաղաքական հռչակագրում, որով երկրները պարտավորվել են հակազդման միջոցառումների արագացման միջոցով հասնել «90-90-90» թիրախներին: Վերջում նա վստահություն հայտնեց, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման նոր ազգային ծրագիրը բավականին հավակնոտ լինելով՝ հնարավորություն կտա Հայաստանին արագացնելու միջոցառումների իրականացումը և մինչև 2030թ. վերացնելու ՁԻԱՀ-ի համաճարակը:
ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը ներկայացրեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակն աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում, խոսեց աշխարհում, տարածաշրջանում և ՀՀ-ում համաճարակի զարգացման միտումների ու դրան հակազդման հնարավորությունների մասին:
Միջոցառման շրջանակում ՌԴ կողմից Հայաստանին նվիրաբերված շարժական բուժախտորոշիչ կլինիկայում Ս.Մարգարյանը, Ի.Վոլինկինը, Բ.Բուզետտոն, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ անցան ՄԻԱՎ-ի վերաբերյալ խորհրդատվություն և հետազոտություն՝ դրանով շեշտելով ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության կարևորությունը: