EN | AM

Ժամանակակից սահմանային անցման կետ Բագրատաշենում

Պարզեցված ընթացակարգեր և սպասելաժամանակի խնայում, արդի ենթակառուցվածք և սարքավորումներ, անվտանգության բարելավում` ահա այն բազմաթիվ առավելություններից մի քանիսը, որ Բագրատաշենի սահմանի նոր անցման կետն (ՍԱԿ) առաջարկում է Հայաստանից Վրաստան մեկնող ՀՀ քաղաքացիներին։

«Հայաստանի Հանրապետության պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա», «Գոգավան» անցման կետերի արդիականացում» (ԲԲԳԱ) ծրագրի շրջանակներում Բագրատաշենի ՍԱԿ-ի պաշտոնական բացման արարողությանը մասնակցում էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար, Հոա-Բին Աջեմյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, Հարավային Կովկասում Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Սեբաստիեն Հուսոն դե Սամպինին, սահմանի կառավարման ոլորտի պետական մարմինների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների, դիվանագիտական կորպուսի և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Միջոցառման մասնակիցները շրջայց կատարեցին սահմանային անցման կետում։

ՀՀ պետական սահմանի անցակետերի արդիականացման գործընթացը մեկնարկել է դեռևս 2010 թվականին՝ ՀՀ սահմանային անվտանգության և պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարություն հաստատելու մասին ՀՀ Նախագահի կարգադրությամբ, որին հաջորդել է 2011 թվականին այդ ռազմավարության իրականացմանն ուղղված 2011-2015թթ. միջոցառումների ծրագրի հաստատումը: Ծրագրի շրջանակներում նախատեսված էր առաջնահերթորեն իրականացնել վերոնշյալ երեք՝ «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացումը:

«Հսկողության համակարգերի բարելավման և առևտրի ու տարանցիկ փոխադրումների ծավալների մեծացման դրական ազդեցությունից և առավելություններից բացի, այս նոր անցակետը տեսանելի և հստակ կերպով արտահայտում է Հայաստանի կառավարության` սահմանների կառավարման բարելավմանն ուղղված զգալի ջանքերը, որոնք, Եվրոպական միության (ԵՄ) և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ, նպատակաուղղված են զարգացման խթանմանն ու այդ զարգացման ձեռքբերումների պահպանմանը»,- հայտարարել են ԵՄ կողմից ֆինանսավորված և ՄԱԶԾ կողմից իրականացրած Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ԲԲԳԱ ծրագրի շրջանակներում Բագրատաշենի ՍԱԿ-ի պաշտոնական բացման արարողությանը մասնակցած բարձրաստիճան հյուրերը։

«Եվրոպական միությունը ֆինանսավորում է մի շարք փոխկապակցված ծրագրեր Հայստանի Հանրապետության բոլոր սահմանային անցակետերում Վրաստանի և Իրանի հետ՝ աջակցելով  էլեկտրոնային կառավարման մեկ պատուհանի համակարգի ստեղծմանը, ֆինանսավորելով ֆիզիկական ենթակառուղվածքներն և ՏՏ համակարգը,  տրամադրելով դասընթացներ և անհրաժեշտ մասնագիտական վերապատրաստումներ, ինչպես նաև ապահովելով առաջավոր փորձի փոխանակում: Այսօր կարող ենք տեսնել Եվրոպական միության կողմից համագործակցությանն ուղղված ջանքերի արդյունքը «Բագրատաշեն» անցակետում: Այժմ արդեն ՀՀ քաղաքացիները կարող են հատել այս սահմանակետը ավելի արագ, ապահով և շահավետ եղանակով: Պարզեցվել են առևտրի ընթացակարգերը, որը խթան կհանդիսանա երկրի տնտեսական և սոցիալական հետագա զարգացման համար՝ ի նպաստ ՀՀ քաղաքացիների և ամբողջ տարածաշրջանի», նշեց, Հայաստանում ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը:

Հարավային Կովկասում ԵՆԲ-ի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Սեբաստիեն Հուսոն դե Սամպինին նշեց. «Որպես ԵՄ բանկ` Եվրոպական ներդրումային բանկը սատարում է Հայաստանի կառավարության համար առանցքային առաջնահերթություն հանդիսացող Հայաստանի և Վրաստանի միջև անցման կետերի զարգացման խթանմանը: Նման կառույց է հանդիսանում Բագրատաշենի սահմանային անցման կետը, որը համապատասխանում է Հայաստանի և Վրաստանի միջև մարդկանց, փոխադրամիջոցների և ապրանքների տեղաշարժի դյուրացման ավելի մեծ պահանջներին` որակի և ծավալի տեսանկյունից: Այս նոր արդի ենթակառուցվածքը դրական ազդեցություն կունենա քաղաքացիների առօրյա կյանքի վրա` մեծացնելով անվտանգությունն ու բարելավելով առևտրաշրջանառությունն ամբողջ տարածաշրջանում»:

«Վրաստանի սահմանին Բագրատաշենի նոր անցման կետի բացումն այսօր նշանակալի ուղենիշ է։ Այն պարզորոշ կերպով ցույց է տալիս Հայաստանի` աշխարհի հանդեպ բաց լինելը, համաշխարհային առևտրի գործընթացներին մասնակցելու նրա ցանկությունը, ինչպես նաև մեզ բոլորին սպառնացող միջազգային անվտանգության մարտահրավերներին դիմակայելու պատրաստակամությունը։ Նոր անցման կետը սահմանային գործակալությունների կողմից իրենց աշխատանքի իրականացման, առևտրի խթանման և անվտանգության ուժեղացման նախապայմաններից մեկն է։ Սակայն անցման կետերն ընդամենը գործի կեսն են։ ՍԱԿ-ը պետք է նպաստի ամբողջ հայ ժողովրդի առօրյա կյանքի վրա ազդող չափորոշիչների բարձրացմանը. բարելավված անցման կետի և արհեստավարժ սահմանապահ անձնակազմի շնորհիվ Հայաստանը կարող է երաշխավորել, որ մեր սննդամթերքն անվտանգ է, գնված ապրանքները համապատասխանում են որոշակի չափորոշիչների և զերծ են վտանգավոր խոտաններից, իսկ ներմուծված կեղծ ապրանքներն ու դեղորայքը հայտնաբերվում են տեղում»,- ասել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն։

Նոր անցման կետից ակնկալվող օգուտները միայն գործարար ոլորտով չեն սահմանափակվում։ Ազատ ու դյուրին կերպով սահմանն անցնելու և միջսահմանային փոքրածավալ  առևտրով զբաղվելու հնարավորությունը կենսական նշանակություն ունի տեղի սահմանամերձ համայնքների համար, այն կարող է նպաստել կենսակամարդակի բարձրացմանը և ավելի հասանելի դարձնել ծառայությունները։ Բացի այդ, ԵՄ-ը և ՄԱԶԾ-ն համատեղ աշխատում են արդի և պարզեցված ընթացակարգերի ապահովման ուղղությամբ. սահմանապահ ծառայության 700 աշխատակից վերապատրաստվել է որոնման հմտությունների, մարդկանց զննման, փախստականների հետ աշխատանքի և թմրամիջոցների թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտներում։

***

ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը գործընկերային կապեր է հաստատում հասարակության բոլոր խավերի ներկայացուցիչների հետ` զորակցելով պետություններին դիմակայելու ճգնաժամերին: ՄԱԶԾ-ն խթանում է նաև աճը, որ կոչված է բարելավելու յուրաքանչյուր անձի կյանքի որակը: Մնայուն ներկայություն ունենալով ավելի քան 170 երկրներում և տարածքներում` մենք համաշխարհային փորձ և տեղական լուծումներ ենք մատուցում` նպաստելով կյանքի բարելավմանը և աջակցելով կայուն պետականության ձևավորմանը: ՄԱԶԾ-ն hաստատվել է Հայաստանում 1993թ. մարտին և աջակցում է կառավարությանն իրականացնելու ազգային զարգացման առաջնահերթությունները, ինչպես նաև հասնելու Կայուն զարգացման նպատակներին:

 ***

Եվրահանձնաժողովը ԵՄ գործադիր մարմինն է: Եվրամիությունն ունի 28 անդամ երկիր, որոնք որոշել են աստիճանաբար կապակցել իրենց նոու-հաուն, ռեսուրսներն ու ուղիները: 50 տարվա ընդարձակման ժամանակահատվածում նրանք միասին ստեղծել են կայունության, ժողովրդավարության ու կայուն զարգացման տարածք` պահպանելով մշակութային զանազանությունը, հանդուրժողականությունը և յուրաքանչյուրի անկախությունը: Եվրամիությունը հանձնառու է կիսել իր ձեռքբերումներն ու արժեքները իր սահմաններից այն կողմ գտնվող երկրների ու ժողովուրդների հետ:

***

ԵՄ Եվրոպական ներդրումային բանկը նախագծեր է ֆինանսավորում Հայաստանում Արևելյան հարևանության երկրների համար նախատեսված ԵՄ Խորհրդի և Եվրոպական խորհրդարանի մանդատի հիման վրա: Առ այսօր ԵՆԲ-ը 207 մլն եվրո ընդհանուր արժողությամբ 10 սուվերեն վարկ է տրամադրել Հայաստանի Հանրապետությանը:

2014-2020թթ. ներկա մանդատը ԵՆԲ-ին թույլ է տալիս մինչև 4.8 միլիարդ եվրոյի ֆինանսական աջակցություն ցուցաբերել ԵՄ-ի և նրա Արևելան հարևանների համար նշանակալի նախագծերին` տեղի մասնավոր հատվածի զարգացման, սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների և կլիմայական փոփոխությունների բնագավառներում: Այդ աջակցությունը մեծացնելու նպատակով Բանկը նաև սեփական ռիսկով 3 միլիարդ եվրոյի չափով Հարևանության ֆինանսական կառույց է հիմնել: