EN | AM

«Լավագույն կին գործարար» մրցանակաբաշխություն

Ս.թ. հունիսի 29-ին Ռեդիսոն Բլու հյուրանոցում կայացավ ՀՀ վարչապետի <<Լավագույն կին գործարար 2016թ.>> մրցանակաբաշխությունը: ՀՀ վարչապետի անունից միջոցառման մասնակիցներին ողջունեց և մրցանակները հանձնեց ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: Միջոցառումն իրականացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո` ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ: Նախապատրաստումը և անցկացումն իրականացրել է «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը:

Մրցանակաբաշխության հիմնական նպատակներն են Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման բնագավառում կանանց ձեռնարկատիրական գործունեության և նախաձեռնողականության խրախուսումը, տնտեսության տարբեր ճյուղերում կին գործարարների նվաճումներն ըստ արժանվույն գնահատումը և սատարումը: Միջոցառումն անցկացվում է 2012 թվականից: 

Մրցանակաբաշխությունն անցկացվում է 6 անվանակարգերով. 

  1. «Լավագույն կին գործատու»
  2. «Լավագույն կին նորարար»
  3. «Կին գործարարի լավագույն ապրանքանիշ»
  4. «Լավագույն երիտասարդ կին գործարար»
  5. «Լավագույն սկսնակ կին գործարար»
  6. «Լավագույն արտահանող կին գործարար

ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության(ՄԱԱԶԿ) հայաստանյան գրասենյակը 2013թվականից մասնակցում է այս մրցանակաբաշխությանը: 2016 թվականին ՄԱԱԶԿ-ն 5 խրախուսական մրցանակ էր սահմանել արտադրության տարբեր ոլորտներում աչքի ընկած գործարար կանանց համար:Հայաստանում ՄԱԱԶԿ ծրագրերի ղեկավար Անահիտ Սիմոնյանը, հանձնելով մրցանակները, նշեց, որ անգնահատելի է այն նվիրումն ու ջանքերը, որոնք գործադրում են հայ կանայք բիզնեսի կազմակերպման, սեփական ուժերով խոչընդոտների հաղթահարման, գործարար գիտելիքների ձեռք բերման և երիտասարդ սերնդին փոխանցման առումով:

2016 թվականի ՄԱԱԶԿի մրցանակներին արժանացան.

Ռուզան Մելիքբեկյան -  Տավուշ, գ. Աչաջուր:

Գործունեության ոլորտը` խմորեղենի արտադրություն: Գործարարը նախկինում տնային պայմաններում զբաղվել է խմորեղենի արտադրությամբ և ունենալով բազմաթիվ հաճախորդներ`որոշել է հիմնել իր փոքրիկ արտադրամասը: Պատրաստում է ավելի քան 10 տեսակ խմորեղեն:

 

Նեկտար Մանուկովա - «Սիգնում» ՍՊԸ

 Գործունեության ոլորտը` խորհրդատվական ծառայությունների  մատուցում ազատ տնտեսական, արդյունաբերական գոտիների  նախագծման, ստեղծման և զարգացման ուղղությամբ: Այս նախաձեռնությունը թույլ է տալիս համատեղ գործունեություն ծավալել ամբողջ աշխարհում, դրանով իսկ ապահովելով գլոբալ հավելյալ արժեշղթայի ստեղծում ազատ գոտիներում արտադրվող և/կամ ծառայություն մատուցող ընկերությունների մասնակցությամբ:

Կազմակերպության  մասնագետների ուղղորդված աշխատանքների արդյունքում այս տարի գարնանը Հայաստանում կայացավ Արդյունաբերողների և ձեռներեցների միջազգային կոնգրեսի հերթական նիստը, որտեղ ԵԱՏՄ-ի և Կոնգրեսի միջև կնքվեց «Երևանյան համաձայնագիր» ԵԱՏՄ անդամ երկների արտադրողների արտահանման համար բարենպաստ քայլերի ձեռնարկման ուղղությամբ:

 

Անահիտ Մկրտչյան - Ա/Ձ, Երևան:

Գործունեության ոլորտը` կոշիկի արտադրություն: Ընկերությունն արտադրում է կանացի և տղամարդու կաշվե կոշիկներ միջին եկամուտ ունեցող սպառողի համար, մասնագիտացված է կանացի ժամանակակից/նորաձև կոշիկի,տղամարդու չարոխ, դասական կոշիկ և երկարաճիտ կոշիկի արտադրության մեջ:  Նախատեսվում է ընդլայնել մասնագիտացումը:  Արտադրանքը կրում է PapiTa ապրանքանիշը:

 

 Հասմիկ Խաչատրյան Ա/Ձ Հ Շիրակ, գ. Արևիկ:

Գործունեության ոլորտը` կարի արտադրամաս: Կարի արտադրամաս, բնակարանի ինտերիերի տեքստիլի արտադրություն, կտորեղենի մեծ տեսականու վաճառք` տեղի շուկայում առկա գներից առավել մատչելի տարբերակով, կարի անհատական պատվերներ:

 

Ամալյա Հախվերդյան - ԱՁ - Տավուշ, ք. Դիլիջան:

Գործունեության ոլորտը` հյուրատուն: 

Հիմնականում պայմանավորված է այս ոլորտում ունեցած ավելի քան չորս տարվա փորձով, գեղեցիկ առանձնատան դիրքով, որը գտնվում է բնության գրկում, քաղաքի կենտրոնական հատվածում և մի ջպետական ճանապարհին կից, հյուրատան ունեցած պայմաններով, և ամենակարևոր հանգամանքը, որ հիմնականում օտարերկրացիներ են հաճախորդները, որոնց գրավում է անմիջական շփումները հյուրընկալող ընտանիքի հետ, որը նաև հնարավորություն է ընձեռնում իրենց ձեռքով պատրաստել իրենց նախընտրած ուտեստները և մի շարք այլ հանգամանքներ՝ պարերի ուսուցում, խմորեղենների պատրաստման փորձի փոխանակում և այլն: