EN | AM

Հայաստանում վերացել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը

ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի գրասենյակը շնորհավորում է Հայաստանի Հանրապետությանը մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացման կապակցությամբ: Նյու Յորքում կայացած արարողության ընթացքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին հանձնվել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացումը փաստող հավաստագիր:

«Հակառետրովիրուսային բուժման շնորհիվ առանց ՄԻԱՎ վարակի մեծացող յուրաքանչյուր երեխա կենդանի ապացույցն է այն առաջընթացի, որին հասել են աշխարհի մի շարք երկրներ մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացման ոլորտում»,- նշում է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի գործադիր տնօրեն Միշել Սիդիբեն:

Հայաստանը Արևելյան Եվրոպայի և Կենտրոնային Ասիայի տարածաշրջանի այն երկրներից է, որտեղ առկա է ուժեղ քաղաքական աջակցություն և հետևողականություն մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելման գործին:

«Մոր և մանկան առողջության պահպանումը, այդ թվում ՄԻԱՎ վարակ ունեցող մայրերից առողջ երեխաների ծնունդը, Հայաստանի առողջապահական համակարգի գերակա խնդիրներից են: Այսպիսի կարևոր հավաստագիր ստանալը մեզ համար ինքնանպատակ չէ: Այսուհետ մենք կշարունակենք հետևողական ջանքեր գործադրել ձեռք բերած կարգավիճակը պահպանելու համար»,- ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Հայաստանը հաջողությամբ իրականացնում է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելման մի շարք ռազմավարություններ, ներառյալ հղիներին ժամանակին ՄԻԱՎ-ի վերաբերյալ խորհրդատվության ու հետազոտության, ՄԻԱՎ վարակ ունեցող հղիներին և նրանցից ծնված երեխաներին կանխարգելիչ ՀՌՎ բուժման տրամադրումը: Մեծ ուշադրություն է դարձվում այդ ուղղությամբ իրականացվող ծրագրերի ֆինանսական կայունությանը և ապահովված է այդ ծառայություններին հասանելիությունը ՀՀ բոլոր քաղաքացիների համար: ՀՀ քաղաքացիներ չհանդիսացող անձինք նույնպես կարող են օգտվել նախածննդյան օգնության և մորից երեխային փոխանցման կանխարգելման ծառայություններից:

Մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացման գործում Հայաստանի հաջողությունը վերջին 10 տարիների ընթացքում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ոլորտում երկրում արձանագրված առաջընթացի բաղկացուցիչ մասն է:

Երկիրն ունի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի, մոր և մանկան առողջության պահպանման ծառայությունների սերտորեն ինտեգրված համակարգ, որն ապահովում է հիվանդությունների վաղաժամ ախտորոշում, բոլոր կարիք ունեցողներին որակյալ բուժօգնության, առավել արդյունավետ բուժման և բժշկական այլ ծառայությունների տրամադրում:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 3600: 1988թ. մինչև 2016թ. մայիսի 31-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 2349 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 334-ը` 2014թ. ընթացքում, ինչն առավելագույնն է բոլոր անցած տարիների համեմատ: 2015թ. ընթացքում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 294 դեպք: ՄԻԱՎ-ի տարածվածությունը 15-49 տարիքային խմբում 0,2% է: 2007 թվականից սկսած կանխարգելիչ բուժում ստացած ՄԻԱՎ վարակ ունեցող մայրերից ծնված երեխաների շրջանում հիվանդության որևէ դեպք չի արձանագրվել: