Հայաստանում, ինչպես և Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում մեկնարկում է ՄԻԱՎ-ի հետազոտման տեղեկատվական արշավը
2015 թ. դեկտեմբերի 1-ին ՀՀ առողջապահության նախարարությունը ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միացյալ ծրագրի հետ համատեղ մեկնարկել է տարածաշրջանային ՄԻԱՎ-ի հետազոտման տեղեկատվական արշավը: Միջոցառման ընթացքում ՄԻԱՎ-ի վերաբերյալ կամավոր հետազոտություններ են կազմակերպվել շրջիկ կլինիկայում:
ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միացյալ ծրագրի (ՄԱՁԻԱՀ) տարածաշրջանային Բարի կամքի դեսպան Վերա Բրեժնևան հանդիսանում է տարածաշրջանային տեղեկատվական արշավի առաջնորդը, ով կոչ է անում յուրաքանչյուրին անցնել ՄԻԱՎ-ի հետազոտություն: Տեղեկատվական արշավի նպատակն է գրավել այն մարդկանց ուշադրությունը, ովքեր կարող են վարակված լինել ՄԻԱՎ-ով, սակայն չգիտեն իրենց կարգավիճակը և համարում են, որ դա նրանց չի վերաբերվում:
Ամբողջ աշխարհում ՄԻԱՎ-ով ապրող անձանց մոտավորապես կեսը չգիտեն իրենց կարգավիճակի մասին: Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում շարունակվում է նոր դեպքերի աճը. համաձայն գնահատականների՝ տարածաշրջանում ՄԻԱՎ-ով ապրում է ավելի քան 1,5 մլն մարդ: Բացի այդ տարեկան գրանցվում է 150 հազար նոր դեպք:
Այսօր մեծ տոկոս են կազմում արդեն հիվանդության ախտանշանների դրսևորման փուլում ախտորոշում ստացող հիվանդները: Մտահոգիչ է, որ հակառետրովիրուսային բուժման հասանելիության պայմաններում, որը ՀՀ քաղաքացիներին տրամադրվում է անվճար, ՄԻԱՎ վարակից մահացությունը մեծապես պայմանավորված է վարակի ուշ հայտնաբերումով, հետևաբար` անհրաժեշտ բուժումն ուշ սկսելով: Հիվանդության վաղ ախտորոշումը, ժամանակին սկսված հակառետրովիրուսային բուժումը ոչ միայն հնարավորություն են տալիս արդյունավետորեն կառավարելու հիվանդության զարգացումը, էապես երկարացնելու հիվանդի կյանքի տևողությունն ու բարելավելու կյանքի որակը, այլև նպաստում են ՄԻԱՎ վարակի հետագա տարածման կանխմանը: Իսկ հիվանդության վաղ ախտորոշման համար անհրաժեշտ է ՄԻԱՎ-ով վարակմանը նպաստող վարքագծի դրսևորման դեպքում անցնել ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն` անկախ առողջական վիճակից գանգատների առկայության:
ՄԻԱՎ-ի տեղեկատվական արշավի նախաձեռնողը Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ՄԱՁԻԱՀ-ի տարածաշրջանային գրասենյակն է, իսկ համագործակիցը՝ «Համադասարանցիներ» (Одноклассники) սոցիալական ցանցը: Սույն սոցիալական ցանցը օրական մուտք են գործում ավելի քան 48 մլն մարդ Ռուսաստանից, ԱՊՀ երկրներից և ամբողջ աշխարհից, որը հնարավորություն կտա ՄԻԱՎ-ի հետազոտություն անցնելու անհրաժեշտության վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի դարձնել նրանց համար:
Դեկտեմբերի 1-ից սկսած ok.ru/test կայքէջում օգտատերերը կարող են տեղեկանալ ՄԻԱՎ-ի հետազոտությանը և բուժմանը վերաբերվող հարցերին, կարդալ պատմություններ այն մարդկանց մասին, ովքեր առնչվել են սույն հիմնախնդրին, տեղադրել իրենց նկարները, ինչպես նաև կարող են ուղիղ եթերով շփվել Վերա Բրեժնեվայի հետ՝ Մոսկվայի ժամանակով ժամը 14:00-15:00:
ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միացյալ ծրագրի «90-90-90» նոր ռազմավարության նպատակներն են հասնել նրան, որ.
- ՄԻԱՎ-ով ապրող անձանց 90%-ը իմանան իրենց կարգավիճակը,
- ՄԻԱՎ-ով ապրող անձանց 90%-ը, ովքեր գիտեն իրենց կարգավիճակը, ստանան հակառետրովիրուսային բուժում,
- հակառետրովիրուսային բուժում ստացող անձանց 90%-ը, արձանագրի վիրուսային ծանրաբեռնվածության չհայտնաբերվող մակարդակ:
Սույն տեղեկատվական արշավը ուղղված է առաջին «90»-ի նպատակին, այն է՝ իրենց կարգավիճակը իմացող անձանց մասնաբաժնի մեծացում:
2014թ. դրությամբ աշխարհում կար 36,9 մլն ՄԻԱՎ-ով ապրող մարդ: 1988թ. մինչև 2015թ. դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության ՀՀ քաղաքացիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 2214 դեպք: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 3800:
Քարոզարշավի տեսահոլովակը կարող եք դիտել այստեղ ։
Օրվա միջոցառումների մասին լուսանկարներ կարող եք գտնել այստեղ։