EN | AM

Հակառետրովիրուսային բուժումը վաղ սկսելը կարող է փրկել կյանքեր

ՄԱՁԻԱՀ-ը ողջունում է հավելյալ ապացույցների ի հայտ գալը, որ հակառետրովիրուսային (ՀՌՎ) բուժման նշանակումն այն փուլում, երբ CD4 բջիջների մակարդակը (իմունային համակարգի աղողջության ցուցիչներից է) ավելի բարձր է, դրական ազդեցություն է ունենում ՄԻԱՎ-ով ապրող անձանց առողջության վրա:

«ՄԻԱՎ-ով ապրող յուրաքանչյուր մարդու պետք է հասանելի լինի կենսականորեն անհրաժեշտ հակառետրովիրուսային բուժումը,- ասաց ՄԱՁԻԱՀ-ի գործադիր տնօրեն Միշել Սիդիբեն: - ՄԻԱՎ-ի բուժման հետաձգումը, ցանկացած պատրվակով, առողջության իրավունքի ոտնահարում է»:

ՍՏԱՐՏ (հակառետրովիրուսային բուժման ռազմավարական ժամկետ) պատահականության սկզբունքով (ռանդոմիզացված) միջազգային կլինիկական հետազոտությունը՝ ֆինանսավորված Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից, համոզիչ ապացույց է ներկայացրել, որ անհապաղ մեկնարկող ՀՌՎ բուժման առավելությունները գերակշռում են վտանգներին: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ՁԻԱՀ-ի, այլ լուրջ հիվանդությունների կամ մահվան վտանգը 53 տոկոսով նվազել է այն մարդկանց մոտ, ովքեր սկսել են բուժումը, երբ նրանց CD4 բջիջների մակարդակը եղել է 500 կամ ավելի բարձր, համեմատած այն մարդկանց հետ, որոնց բուժումը հետաձգվել է մինչեւ այն ժամանակ, երբ CD4 բջիջների մակարդակը իջել է մինչև 350:

ՍՏԱՐՏ-ի այդ արդյունքները հետևել են վերջին մի քանի տարիներին հետազոտությունների մի շարք այլ բացահայտումներին, որոնք նույնպես փաստում են ՄԻԱՎ-ի ավելի վաղ շրջանում բուժման օգուտները: Այս հետազոտությունների բացահայտումները կարևոր դերակատարում կունենան Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից բուժման նոր ուղեցույցի ձևավորման ընթացքում, որը կթողարկվի 2015 թ. ընթացքում:

«Սա գիտության և հետազոտության կարևորության հերթական ցուցադրումն է, ինչը հնարավորություն է տալիս փաստերով հիմնավորված, մարդակենտրոն հակազդում ՄԻԱՎ-ին, որի արդյունքում ոչ ոք դուրս չի մնա,- ասաց ՄԱՁԻԱՀ գործադիր տնօրեն Միշել Սիդիբեն: - Այդ հետազոտությունների արդյունքները մեծապես աջակցում են մինչև 2030 թ. ՄԱՁԻԱՀ-ի 90-90-90 ՄԻԱՎ բուժման նպատակային թիրախներին հասնելու և ՁԻԱՀ համաճարակին վերջ դնելու հարցում գործողությունների արագացման մոտեցման իրականացմանը»:

ՄԱՁԻԱՀ-ը վերահաստատում է մարդու՝ իր ՄԻԱՎ կարգավիճակի մասին տեղեկանալու և ՀՌՎ բուժումն սկսելու ժամանակն ու եղանակը որոշելու իրավունքը հարգելու կարևորությունը: ՄԻԱՎ բուժման մասին որոշումները պետք է լինեն կամավոր և լավ հիմնավորված:

Հակառետրովիրուսային բուժման ավելի լայնածավալ տարածումը ավելի մեծ ջանքեր կպահանջի՝ հաղթահարելու հասարակական և իրավական այն արգելքները, որոնք կասեցնում են ՄԻԱՎ-ով հիվանդների՝ առողջապահական ծառայություններից օգտվելու հնարավորությունը, հատկապես բնակչության մեկուսացված խմբերի դեպքում:

Վաղ բուժման արդյունավետության վերաբերյալ ապացույցները, համադրվելով ՄԻԱՎ-ի փոխանցման նվազեցման վրա ՀՌՎ դեղամիջոցների դրական ազդեցության վերաբերյալ նախկին ապացույցների հետ, հաստատում են, որ հակառետրովիրուսային բուժումը, ՄԻԱՎ-ի կանխարգելման ներկայում հասանելի այլ միջոցների հետ միասին, անկյունաքարային դեր ունի մարդկային կյանքեր փրկելու և բարելավելու, ինչպես նաև ՄԻԱՎ-ով վարակման նոր դեպքերի կանխարգելման ջանքերում:

 

ՄԱՁԻԱՀ

ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագիրը (ՄԱՁԻԱՀ) առաջնորդում և ոգեշնչում է աշխարհին՝ հասնելու միասնական տեսլականին, այն է՝ զրո խտրականություն, ՄԻԱՎ-ով վարակման զրո նոր դեպք, զրո մահ ՁԻԱՀ-ից: ՄԱՁԻԱՀ-ը միավորում է ՄԱԿ-ի տասնմեկ կազմակերպությունների ջանքերը՝ ՄԱԿ ՓԳՀ, ՄԱՄՀ, ՊՀԾ, ՄԱԶԾ, ՄԱԲՀ, ԱՄԿ, ՅՈՒՆԵՍԿՕ, ԱՀԿ, ՄԱԿ-Կանայք և Համաշխարհային բանկ, ու աշխատում է միջազգային և ազգային գործընկերների հետ՝ ՁԻԱՀ-ի հակազդումը ուժեղացնելու նպատակով: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.unaids.org, կապ հաստատեք մեզ հետ Facebook-ի և Twitter-ի միջոցով:

2015 թ. ապրիլի վերջի տվյալներով Հայաստանի քաղաքացիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ հիվանդության 2051 դեպք, այդ թվում՝ 2014 թ. ընթացքում նոր վարակման 334 դեպքերը, ինչը գերազանցում է ՄԻԱՎ վարակի դեպքերի նախորդ տարիների տարեկան թիվը: Համաճարակի սկզբից ի վեր ՄԻԱՎ վարակակակիր և ՁԻԱՀ-ով հիվանդ անձանց շրջանում գրանցվել է մահվան 443 դեպք (այդ թվում՝ 74 կին և 8 երեխա): ՀՌՎ բուժում են ստանում 789 հիվանդներ, որոնցից 20-ը՝ երեխա: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը ցույց է տալիս, որ երկրում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց թիվը, 2014 թ. վերջի տվյալներով, մոտ 4000 է: