EN | AM

Վտանգավոր թափոնների ազդեցության կրճատումը

Հայաստանի Հանրապետությունը 2003թ. հոկտեմբերի 22-ին վավերացրել է «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիան՝ ստանձնելով մի շարք պարտավորություններ: Կոնվենցիայի դրույթների համաձայն Հայաստանը պարտավոր է մինչև 2025 թվականը ոչնչացնել երկրում առկա ժամկետանց քլորօրգանական թունաքիմիկատները, մասնավորապես՝ լիկվիդացնել Նուբարաշենի թունաքիմիկատների գերզմանոցում տեղադրված և հանրապետության այլ վայրերում պահպանված կայուն օրգանական նյութեր պարունակող վտանգավոր թափոնները:

Այսօր, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն և ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը ստորագրեցին «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և քիմիկատների կայուն կառավարման շրջանակներում կայուն օրգանական աղտոտիչներով (POPs) աղտոտված տարածքների հարցերի լուծում» ծրագրային փաստաթուղթը:

«Հաշվի առնելով բոլոր գործընկերների՝ կառավարության համապատասխան մարմինների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության միջև ձևավորված փոխգործակցության ոգին, համոզված ենք, որ այս կարևոր, բայց և բարդ ծրագիրը հաջողությամբ ավարտին կհասցնենք: Ճկունությունը և նորարարությունը պետք է դառնան հիմնական ուղենիշներ ծրագրի իրականացման ընթացքում որոշումների կայացման համար», - իր ելույթում նշեց Բրեդլի Բուզետտոն:

Ինչպես նշեց ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, չնայած այն հանգամանքին, որ ՀՀ կառավարությունը պարբերաբար գումարներ է հատկացրել Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի անվտանգությունն  ապահովելու և գերեզմանոցի կոնսերվացման աշխատանքներն  իրականացնելու համար, այնուամենայնիվ այն մնում է որպես վտանգավոր օբյեկտ շրջակա միջավայրի և մարդու առողջության համար, քանի որ գտնվում է մի կողմից՝ ակտիվ սողանքային գոտում, իսկ մյուս կողմից՝ կառուցվել է 80-ական թվականներին առանց տարածքի ինժեներաերկրաբանական ուսումնասիրության և պահանջվող տեխնիկական նորմերի կիրառման:

Արդեն ժամանակն է վերջնական լուծում տալ երկրում առկա ժամկետանց թունաքիմիկատների ոչնչացման հիմնախնդրին, այսինքն՝ լիկվիդացնել Նուբարաշենի գերեզմանոցում տեղադրված թափոնները, վնասազերծել և վերականգնել թունաքիմիկատներով աղտոտված տարածքները: Այս ամենին կոչված է նշված ծրագիրը: Նշված ծրագիրը կնպաստի մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա ժամկետանց թունաքիմիկատների անբարենպաստ ազդեցության կանխարգելմանը:

Ծրագրի գործողությունները պետք է իրականացվեն հաշվի առնելով ազգային օրենսդրության պահանջները, մարդու առողջության և շրջակա միջավայրի անվտանգությունն ապահովող նորմերը, ինչպես նաև մի շարք միջազգային բազմակողմ համաձայնագրերի պահանջները:

Ծրագրի տևողությունն է՝ 4 տարի, և իրականացման համար Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը (ԳԷՀ) հատկացրել է 4.7 միլիոն ԱՄՆ դոլար դրամաշնորհ:

ԳԷՀ-ի ընթացակարգի համաձայն ազգային կողմից նույնպես պահանջվում է համաֆինանսավորում, ինչը կարող է արտահայտվել ոչ միայն ուղղակի դրամական այլև իրեղեն՝ նշված հիմնախնդրի լուծմանն ուղղված իրականացված, իրականացվող կամ նախատեսվող գործողությունները, միջազգային կառույցների կողմից նախատեսվող ծրագրերը:

Խորհրդային ժամանակաշրջանում Հայաստանն իր զարգացած գյուղատնտեսությամբ ուներ թունաքիմիկատների, մասնավորապես քլորօրգանական պեստիցիդների կիրառման բարձր աստիճան: 1970-80թ.-ններին որոշ թունաքիմիկատների կիրառման արգելման արդյունքում ժամկետանց այլ քիմիկատների հետ մեկտեղ դրանք տեղաբաշխվեցին պահեստներում և գերեզմանոցներում, ինչպիսինն էր 1982թ.-ին ստեղծված Նուբարաշենի գերեզմանոցը: Ավելին` Հայաստանի տարածքում առկա էին թունաքիմիկատների մոտ 600 պահեստարաններ/բաշխման կենտրոններ, որից 13-ը ռեգիոնալ պահեստարաններ էին, որտեղ ևս պարունակվում էին ԿՕԱ պարունակող պեստիցիդներ և թափոններ:

Ծրագրի շրջանակներում լիկվիդացվելու են ԿOԱ-ի թափոնները տեղադրված  Նուբարաշենի գերեզմանոցում, ինչպես նաև հանրապետության 24 տարբեր տարածքների պահեստարանների մնացորդային ժամկետանց թունաքիմիկատները: Ընդհանուր առմամբ, էկոլոգիապես անվտանգ եղանակներով կոչնչացվեն 1,050 տոննա ԿՕԱ և այլ ժամկետանց թունաքիմիկատներ և կվնասազերծվի բարձր աղտոտվածությամբ 7,100 տոննա հող: Եվս 12,700 տոննա ավելի ցածր մակարդակի աղտոտվածություն ունեցող հողային զանգված կպարփակվի անվտանգ եղանակով:

Երկամյա նախապատրաստական փուլի արդյունքում ՄԱԶԾ-ն ՀՀ բնապահպանության, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների և գյուղատնտեսության նախարարությունների, ինչպես նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ միասին իրականցրել են մանրակրկիտ ուսումնասիորություն և նպատակահարմարության վերլուծություն, մասնավորապես կենտրոնանալով  Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցում:

***

ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը գործընկերային կապեր է հաստատում հասարակության բոլոր խավերի ներկայացուցիչների հետ` զորակցելով պետություններին դիմակայելու ճգնաժամերին: ՄԱԶԾ-ն խթանում է նաև աճը, որ կոչված է բարելավելու յուրաքանչյուր անձի կյանքի որակը: Մնայուն ներկայություն ունենալով ավելի քան 170 երկրներում և տարածքներում` մենք համաշխարհային փորձ և տեղական լուծումներ ենք մատուցում` նպաստելով կյանքի բարելավմանը և աջակցելով կայուն պետականության ձևավորմանը: ՄԱԶԾ-ն hաստատվել է Հայաստանում 1993թ. մարտին և աջակցում է կառավարությանն իրականացնելու ազգային զարգացման առաջնահերթությունները, ինչպես նաև հասնելու Հազարամյակի զարգացման նպատակներին: