EN | AM

Երևանում տեղադրվեցին մոտ 500 էներգաարդյունավետ լուսադիոդային լուսատուներ


27.03.2015
«Մենք շատ ենք կարևորում էներգաարդյունավետության բարձրացումը և վերականգնվող էներգիայի առավել լայն կիրառումը Հայաստանում՝ երկրի հետագա էներգետիկ անվտանգության տեսանկյունից»,- նշեց Բրեդլի Բուզետտոն:

Երևանի կենտրոնը Զվարթնոց միջազգային օդանավակայանին միացնող ճանապարահատվածում (Իսակովի պողոտա և Թաիրովի փողոց) տեղադրված մոտ 500 էներգաարդյունավետ լուսադիոդային լուսատուներն ապահովում են ճանապարհային մակերեսի գործող պահանջներին համապատասխանող լուսավորվածություն:

Լուսավորության համակարգի էներգաարդյունավետ արդիականացման աշխատանքներն իրականացվել են ՀՀ բնապահպանության նախարարության համակարգման ներքո, ՄԱԶԾ-ԳԷՖ-ի կողմից իրականացվող «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի շրջանակներում՝ համաձայն Երևանի քաղաքապետարանի հետ ստորագրած նամակ-հուշագրի:

Նոր համակարգի տեղադրումն ապահովում է էլեկտրաէներգիայի մոտ 63 տոկոս  խնայողություն, ինչը տարեկան կտրվածքով թույլ կտա խնայել մոտ 45 հազար ԱՄՆ դոլար և կրճատել ածխածնի երկօքսիդի արտանետումները 220 տոննայով:

Այսօր, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյի, ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի և Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի մասնակցությամբ կայացավ պիլոտային ծրագրի պաշտոնական շնորհանդեսը: Միջոցառմանը մասնակցում էին քաղաքաշինության, քաղաքային զարգացման, էներգետիկ անվտանգության ոլորտների համար պատասխանատու գերատեսչությունների, ինչպես նաև դիվանագիտական կորպուսի և զանգվածային լրատվամիջոցների ներակայցուցիչներ:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն իր ողջույնի խոսքում մասնավորապես նշեց. «Մենք շատ ենք կարևորում էներգաարդյունավետության բարձրացումը և վերականգնվող էներգիայի առավել լայն կիրառումը Հայաստանում՝ երկրի հետագա էներգետիկ անվտանգության տեսանկյունից: Ցածր ածխածնային ռազմավարությունը բավական հավակնոտ, սակայն իրատեսական նպատակ է Հայաստանի համար, ինչն առավել հասանելի է դառնում նորարարական տեխնոլոգիաների առաջընթացին զուգահեռ: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի տեսանկյունից այս նախագիծը ռազմավարական նշանակություն ունի երկրի համար, քանի որ Հայաստանն էներգաարդյունավետ տեխնոլոգիաների զարգացման մեծ ներուժ ունի: Թեև փոքրամասշտաբ, բայց հաջողված այս համատեղ նախագիծը սահմանում է էներգաարդյունավետ լուսավորության նոր չափանիշներ և մենք պետք է համագործակցենք Հայաստանի կառավարության և դոնոր համայնքի հետ այս հաջողված ծրագիրն ընդլայնելու համար»:  

ՄԱԶԾ-ն նմանատիպ ծրագիր է իրականացնում Ալավերդի քաղաքում, ինչպես նաև նախատեսում է Երևանի կենդանաբանական այգին ևս ապահովել նոր, էներգաարդյունավետ լուսավորության համակարգով:

Հայաստանի կառավարությունը պարտավորվել է գործադրել բոլոր ջանքերը խթանելու էներգաարդյունավետությունը և էներգախնայողությունը, ինչպես նաև ստեղծելու բարենպաստ պայմաններ Հայաստանում ներդրումներ կատարելու համար: 

Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ մեկնարկած բնապահպանական միջոցառումը տեղական ինքնակառավարման մարմինների հետ հեռանկարային համագործակցության արդյունք է և հնարավորություն է տալիս  նորովի գնահատելու էներգախնայողությունը` որպես բնապահպանական խնդիր: «Երևան քաղաքը, և մասնավորապես, քաղաքային լուսավորության համակարգը, էլեկտրաէներգիայի խոշոր սպառող է, ինչով և պայմանավորված է, որպես հիմնական գործընկեր Երևանի քաղաքապետարանի ընտրությունը՝ ՀՀ բնապահպանության նախարարության համակարգման ներքո իրականացվող «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի համար: Ծրագրի շրջանակներում փողոցային լուսավորության համակարգի արդիականացման բոլոր առավելությունները ցուցադրելու համար, ընտրվել է կարևոր նշանակության ճանապարհահատված, որը կապում է Երևանի կենտրոնը Զվարթնոց օդանավակայանին»,- նշել է Արամայիս Գրիգորյանը: Բնապահպանության նախարարը հայտնել է, որ ցուցադրական նախագծի շնորհանդեսը կազմակերպվել է «Մոլորակի ժամ ամենամյա բնապահպանական միջոցառմանն ընդառաջ, քանի որ առաջնայնությունը տրվում է էներգետիկ արդյունավետության բնագավառում իրականացվող նախագծերի կարևորագույն` բնապահպանական նշանակությանը: ««Մոլորակի ժամի» օրվա խորհուրդը մեր պատասխանատվությունն է գալիք սերունդների առջև, և հավաստիացնում եմ, որ Բնապահպանության նախարարությունը, կարևորելով կլիմայի փոփոխության հիմնախնդիրը, հետևողականորեն ներդնում է իր լուման, ինչպես նաև համակարգում է երկրում իրականացվող բոլոր այն գործընթացները, որոնք գումարվում են կլիմայի փոփոխությունը զսպելու համամոլորակային ջանքերին»,- հավելել է Արամայիս Գրիգորյանը:

Լուսավորությունը (ջեռուցումից հետո) Հայաստանի քաղաքներում ջերմոցային գազերի արտանետումների երկրորդ խոշորագույն աղբյուրն է և կազմում է քաղաքների ջերմոցային գազերի ընդհանուր արտանետումների մոտ մեկ երրորդը և քաղաքների էլեկտրաէներգիայի ծախսերի մինչև 50 տոկոսը: Քաղաքային լուսավորության առումով Երևանն ամենախոշոր սպառողն է և ծախսում է երկրում քաղաքային լուսավորության համար սպառվող ամբողջ էներգիայի մոտ 90 տոկոսը: 

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ պարոն Արեյանը շնորհակալություն հայտնեց Բնապահպանության նախարարությանը և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին արդյունավետ համագործակցության և Երևան քաղաքը նշված ծրագրում ընդգրկելու համար և նշեց, որ «Երևան քաղաքը հանդիսանալով հանրապետության մասշտաբով քաղաքային լուսավորության բնագավառում ամենախոշոր սպառողը՝ ավելի մեծ պատասխանատվություն է կրում թե՛ ռեսուրսների արդյունավետ կառավարման, և թե՛ արտանետումների կրճատման առումով։ Այսպես «կանաչ տնտեսական զարգացման» խրախուսման, ինչպես նաև բնակիչների կյանքի որակի բարելավման նպատակով մայրաքաղաքը միացել է «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանը և կամավոր պարտավորություն է ստանձնել իր լիազորությունների և ազդեցության շրջանակներում մինչև 2020թ. առնվազն 20 տոկոսով կրճատել ածխածնի երկօքսիդի արտանետումների ծավալը: Բոլորս պետք է գիտակցենք մեր դերն ու մասնակցության կարևորությունը շրջակա միջավայրի խնդիրների կարգավորման հարցում»։

Ծրագրի շնորհանդեսը կազմակերպվել է «Մոլորակի ժամ» ամենամյա բնապահպանական միջոցառմանն ընդառաջ, որն ընդունված է նշել յուրաքանչյուր տարվա մարտի վերջին շաբաթ օրը, ժամը 20:30-ից 21:30-ը, խորհրդանշական մեկ ժամով անջատելով լույսերը՝ ի նշան մոլորակի հանդեպ ունեցած պարտավորությունների: Շարժման նպատակն է խրախուսել հանրությանը կատարել իրենց պարտավորություններն՝ ուղղված կայուն զարգացմանը և ջերմոցային գազերի արտանետումների սահմանափակմանը: 

 ***

ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը գործընկերային կապեր է հաստատում հասարակության բոլոր խավերի ներկայացուցիչների հետ` զորակցելով պետություններին դիմակայելու ճգնաժամերին: ՄԱԶԾ-ն խթանում է նաև աճը, որ կոչված է բարելավելու յուրաքանչյուր անձի կյանքի որակը: Մնայուն ներկայություն ունենալով ավելի քան 170 երկրներում և տարածքներում`մենք համաշխարհային փորձ և տեղական լուծումներ ենք մատուցում` նպաստելով կյանքի բարելավմանը և աջակցելով կայուն պետականության ձևավորմանը: ՄԱԶԾ-ն hաստատվել է Հայաստանում 1993թ. մարտին և աջակցում է կառավարությանն իրականացնելու ազգային զարգացման առաջնահերթությունները, ինչպես նաև հասնելու Հազարամյակի զարգացման նպատակներին: