EN | AM

ՄԱՁԻԱՀ-ի բարի կամքի դեսպան Վերա Բրեժնևան Հայաստանում

Վերա Բրեժնևան, որը վերջերս նշանակվել է ՄԱՁԻԱՀ-ի բարի կամքի դեսպան, ՄԱՁԻԱՀ-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Վինեյ Փ. Սալդանայի հետ այցելել է Հայաստան:

Նրանք հանդիպել են ՀՀ առողջապահության նախարարի հետ, այցելել ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն, ինչպես նաև ներկա եղել ՄԱՁԻԱՀ-ի կողմից Երևանում կազմակերպված «Մարդու իրավունքների ինտեգրումը Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ՄԻԱՎ-ին հակազդման ազգային ծրագրերում» թեմայով սեմինարին:

Վերա Բրեժնևան հատուկ ուշադրություն է հատկացրել այն հայ կանանց հետ հանդիպումներին, որոնք բախվել են ՄԻԱՎ-ի խնդրին:

 «Ուրախ եմ Երևան այցի համար, այժմ արդեն՝ նոր դերում, - ասաց Վերա Բրեժնևան: - Ես հնարավորություն ունեցա հանդիպելու կանանց, որոնք բախվել են ՄԻԱՎ-ի խնդրին:Նրանք զարմանալի, ուժեղ և գեղեցիկ կանայք են:  Ցանկությունս մեծ է, որ հանրությունը դադարի նախապաշարմունքներով վերաբերվել նրանց, որ նրանք չվախենան օգնություն հայցել: Եվ որ օգնությունը լինի ժամանակին ու որակյալ: ՄԻԱՎ-ը չպիտի խոչընդոտի նրանց լիարժեք և երջանիկ կյանքին Հայաստանում »,- ընդգծեց Բրեժնևան: Նա կանանց կոչ արեց պարբերաբար ՄԻԱՎ-ի թեստավորում անցնել և իրենց զուգընկերներին ևս խրախուսել անելու նույնը:

ՄԱՁԻԱՀ-ի բարի կամքի դեսպանի դերում Վ. Բրեժնևան մասնակցելու է ՄԻԱՎ-ի վերաբերյալ իրազեկման և կանխարգելման ծրագրերին՝ հատուկ ուշադրություն հատկացնելով ՄԻԱՎ-ին բախված կանանց խնդիրներին: Նա զբաղվելու է նաև մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման խնդրի իսպառ վերացման և ՄԻԱՎ-ից զերծ նոր սերունդ ունենալու, ինչպես նաև ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի մարդկանց հանդեպ հանդուրժողական վերաբերմունքի խթանման հարցերով:

«Հայաստանը ԱՊՀ  երկրների շարքում պետք է լինի առաջին երկիրը, որը կկասեցնի ՄԻԱՎ-ի համաճարակը մինչև 2020 թվականը»,- ընդգծեց ՄԱՁԻԱՀ-ի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Վինեյ Փ. Սալդանան:

Առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանն իր երախտագիտությունը հայտնեց ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի տարածաշրջանային գրասենյակի տնօրենին և բարի կամքի դեսպանին Հայաստան կատարած այցի, ինչպես նաև միջազգային գործընկերների կողմից ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագրին ցուցաբերած օժանդակության համար: «Հայտնում ենք մեր պատրաստակամությունը բազմակողմանիորեն աջակցել այդ հիվանդության դեմ պայքարին ուղղված բոլոր նախաձեռնությունների իրականացմանը»,-ընդգծել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալը։

ՄԱՁԻԱՀ-ի գնահատականներով՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ավելի քան 1,1 միլիոն մարդ ապրում է ՄԻԱՎ-ով: Ամեն տարի այս թիվն աճել է շուրջ11 հազարով:

ՀՀ-ում ՄԻԱՎ-ի դեպքերի գրանցումն սկսվել է 1988 թ.: 1988 թ-ից մինչև 2014 թ. հոկտեմբերի 31-ը ՀՀ քաղաքացիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ-ի 1906 դեպք: 2012 – 2013 թթ. գրանցված դեպքերի շուրջ 75 տոկոսը կապված է միգրացիայի հետ: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը ցույց է տալիս, որ ՀՀ-ում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց մոտավոր քանակը 3700 է:


Կոնտակտային տվյալներ մամուլի համար

Սնեժանա Կոլոմիեց (ՄԱՁԻԱՀ) - +79161079416 kolomiietss@unaids.org

Լենա Նանուշյան (ՄԱՁԻԱՀ Հայաստան) - +374 094 055053NanushyanL@unaids.org