EN | AM

Երեխաները չեն կարող ևս մեկ տարի առանց կրթության մնալ

 

Նյու Յորք, 14-ը հունվարի, 2021 թ. – «Թևակոխելով կորոնավիրուսային համավարակի երկրորդ տարին և ականատես լինելով ամբողջ աշխարհում դեպքերի աճին` այնուամենայնիվ, պետք է առաջնահերթություն տրվի դպրոցների վերաբացմանն ու ամեն ջանք գործադրվի, որպեսզի կրթօջախները շարունակեն գործել:
 
Չնայած որ երեխաների վրա դպրոցների փակման բացասական ազդեցությանը զուգահեռ աճում են ապացույցները, որ երեխաները վարակի տարածման հիմնական աղբյուր չեն, բազմաթիվ երկրներ, միևնույնն է, նախընտրել են փակ պահել դպրոցները, ընդհուպ՝ գրեթե մեկ տարով։
 
Համավարակով պայմանավորված դպրոցների փակումը հասել է ծայրահեղության, ինչի հետևանքով աշխարհում տուժել է սովորողների 90 տոկոսը: Երեխաների ավելի քան 1/3-ն, ընդհանրապես, զրկված է եղել անգամ հեռավար ուսուցման հնարավորությունից, ինչը կարող է ողբերգական հետևանքներ ունենալ հետագայում:  
 
Դպրոց չհաճախող երեխաների թիվը կարող է հատել 24 միլիոնի շեմը։ Սա մի թիվ է, որին չենք հանդիպել տարիներ շարունակ, և որի նվազեցման համար չափազանց մեծ ջանքեր են գործադրվել:
 
Տուժել են երեխաների կարդալու, գրելու ու տարրական հաշվարկներ անելու ունակությունները՝ նվազեցնելով 21-րդ դարի զարգացող տնտեսություններում նրանց ներգրավվելու հնարավորությունները։
 
Երեխաների առողջությունը, զարգացումը, անվտանգությունն ու բարեկեցությունը վտանգի տակ են։ Ամենածանր հարվածը կրելու են խոցելի խմբերը։
 
Տուժելու է այն երեխաների սնուցումը, որոնք մեծապես ընդգրկված են դպրոցական սննդի ծրագրում: Հասակակիցների հետ ամենօրյա շփման բացակայության և շարժունակության պակասի պատճառով երեխաները կորցնում են ֆիզիկական պատրաստվածությունը, տուժում է նրանց հոգեկան առողջությունը։
 
Ահա՛ թե ինչու դպրոցների փակումը պետք է լինի մնացած բոլոր դիտարկվող միջոցներից ամենածայրահեղը։
 
Դպրոցների գործունեությանը առնչվող որոշումների հիմքում պետք է լինեն տվյալ համայնքում վարակի տարածման ցուցանիշները:  Հնարավորության սահմաններում, անհրաժեշտ է խուսափել կրթօջախները համատարած փակելուց:

Վարակի տարածման բարձր ցուցանիշ ունեցող համայնքներում, որտեղ առողջապահական կազմակերպությունները չափազանց ծանրաբեռնված են, և դպրոցների փակումը համարվում է անխուսափելի, պետք է գործի դրվեն նրանց կրթության երաշխիքներ: Սա նշանակում է երաշխավորել ուսման շարունակականությունը նաև այն երեխաների համար, ովքեր ընտանեկան բռնության վտանգի տակ են, նրանց համար, ովքեր հիմնականում սնվում են դպրոցներում և ում ծնողները, չնայած համավարակային սահմանափակումներին, պարտավոր են աշխատել առկա (essential worker)։
 
Համավարակով պայմանավորված սահմանափակումները մեղմացնելիս՝ առաջնահերթությունը պետք է տրվի կրթական հաստատություններին։ Անհրաժեշտ է հավելյալ դասեր ապահովել այն երեխաների համար, որոնք, զրկված լինելով հեռավար ուսուցման հնարավորությունից, հետ են մնացել կրթական ծրագրից։
 
Եթե դպրոցները շարունակեն փակ մնալ, դրա հետևանքները կզգացվեն նաև հետագա սերունդների համար։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորի հայտարարությունը