EN | AM

Տեղի է ունեցել ՄԱԶԾ-ի օգնությամբ ստեղծված ՀՀ ԱԱՏՄ-ի՝ աշխատանքային իրավունքների պաշտպանության հարթակի շնորհանդեսը

2020 թ. դեկտեմբերի 22-ին տեղի ունեցավ  նորարարական տեղեկատվական EmployeeProtect.am հարթակի շնորհանդեսը։ Հարթակի նպատակն է ուժեղացնել Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանության համակարգը:

Հարթակը վարվելու է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից։ Այն թույլ է տալիս առցանց գրանցել, ընդունել և քննել աշխատանքային իրավունքների խախտումների վերաբերյալ  հայտերը, որոնք կարելի է ներկայացնել նաև անանուն։ Այս կերպ դյուրացվում է աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ աշխատողների կողմից ներկայացված անանուն տեղեկությունների հիման վրա փաստարկված բարեփոխումների հատկորոշումն ու իրականացումը, ինչպես նաև` պայմաններ են ստեղծվում աշխատանքային իրավունքների և աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում վերջին նորությունների վերաբերյալ հանրության իրազեկվածության բարձրացման համար:

 

Հարթակը փորձարկվելու է առաջիկա երեք ամիսների ընթացքում և բարելավվելու է՝ հիմնվելով հետադարձ կապի և գործառնական արդյունավետության վրա: Զուգահեռաբար, հարթակը գործարկվելու է նաև IOS և Android բջջային հավելվածներում:

Հարթակը մշակվել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նախաձեռնությամբ, Իրավաբանների հայկական ասոցիացիայի հետ համագործակցությամբ և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ: Նախաձեռնությունն իրականացվել է ՄԱԿ-ի COVID-19 արձագանքման և վերականգնման  հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «COVID-19-ը և կայունությունը Հայաստանում. խոցելի մարդկանց և համայնքների վրա սոցիալ-տնտեսական ազդեցության մեղմացումը» ծրագրի շրջանակում և մշակվել է ի պատասխան համաճարակի ընթացքում աշխատատեղերի կորուստների կամ աշխատանքային իրավունքների խախտումների բազմաթիվ դեպքերի: Այս համատեղ ծրագիրը հնարավոր է դարձել Նիդեռլանդների, Դանիայի, Շվեյցարիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Կորեայի Հանրապետության, Ֆինլանդիայի, Նոր Զելանդիայի, Խորվաթիայի, Իսլանդիայի, Թաիլանդի, Սլովակիայի Հանրապետության և Կամբոջայի կառավարությունների կողմից ՄԱԿ-ի COVID-19 արձագանքման և վերականգնման  հիմնադրամին կատարած ներդրումների շնորհիվ: