EN | AM

ՊՀԾ-ն Հայաստանում տրամադրում է միանվագ պարենային աջակցություն ՔՈՎԻԴ-19 ճգնաժամից տուժածներին

Երևան, Հայաստան – ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ), համագործակցելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ (ԱՍՀՆ), այս շաբաթ սկսել է միանվագ սննդի բաշխումը 44,000 անապահով մարդկանց, ովքեր տուժել են ՔՈՎԻԴ-19 համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների պատճառով:

ՊՀԾ-ն հայտնաբերել է այն մարդկանց, ովքեր կստանան պարենային օգնություն՝ հիմնվելով Պարենային Անվտանգության Գնահատման արդյունքների վրա, որն իրականացվել էր ՊՀԾ-ի կողմից 2020թ․-ի հուլիս և օգոստոս ամիսներին՝ ՔՈՎԻԴ-19 համավարակի ֆոնին։  ՊՀԾ-ն և ԱՍՀՆ-ն առաջնահերթություն են տալիս ամենակարիքավոր ընտանիքներին՝ հատկապես նրանց, ովքեր ընտանիքում ունեն առնվազն 3 երեխա կամ հատուկ կարիքներ ունեցող երեխաներ, հղի կին և մինչև հինգ տարեկան երեխաներ։

Համազգային գնահատման համաձայն՝ հարցվածների ավելի քան 15%-ը նշել է, որ ՔՈՎԻԴ-19-ը նրանց դարձրել է պարենային անապահով՝ ստիպելով դիմել հաղթահարման բացասական ռազմավարության մեթոդների: Հարցված ընտանիքների մոտավորապես կեսը նշել է, որ նրանք սպառել են իրենց խնայողությունները, պարտքեր են կուտակել կամ ստիպված են եղել ապառիկ սնունդ ձեռք բերել:

Սննդի չափաբաժինը ներառում է ընտանիքի հիմնական պարենային կարիքները երկու ամսվա համար և թիրախավորում է Հայաստանի երկու առավել խիտ բնակեցված մարզերի՝ Երևանի և Կոտայքի մարզի բնակիչներին։ Առաքմումն ու բաշխումն իրականացնելու նպատակով՝ ԱԱՍՀ-ն առանձնացրել է 12 տեղամաս Երևանում և 11 տեղամաս Կոտայքում: Վարչական շրջանների ղեկավարությունները և քաղաքապետարանները կստանան ՊՀԾ սննդամթերքը և կիրականացնեն բաշխումները:

Այս բաշխումների հետ կապված հետադարձ կապ ստեղծելու, ինչպես նաև՝ հարցումներ և բողոքներ ընդունելու նպատակով՝ ՊՀԾ-ն ստեղծել է հեռախոսային թեժ գիծ՝ 096 120 400 և էլեկտրոնային հասցե՝ armenia.BFM@wfp.org: