EN | AM

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը հանդիպել է ՀՀ արտաքին գործերի նորանշանակ նախարար Արա Այվազյանի հետ

21 դեկտեմբերի, Երևան, Հայաստան – Այսօր Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը հանդիպել է ՀՀ արտաքին գործերի նորանշանակ նախարար Արա Այվազյանի հետ: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Արտակ Ապիտոնյանը, ինչպես նաև՝ ՄԱԿ-ի Փախստականների գործակալության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Միգրացիայի միջազգային կազմակերպության ղեկավարները:

Հանդիպումը հնարավորություն ընձեռեց նախարար Այվազյանի հետ քննարկելու ՄԱԿ-ի և Կառավարության միջև ընթացիկ և ապագա համագործակցության առաջնահերթությունները՝ սկսած Լեռնային Ղարաբաղի հակամարտության և ՔՈՎԻԴ-19-ի հետևանքով կապակցված հումանիտար և սոցիալ-տնտեսական մարտահրավերների արձագանքից, մինչև՝ հաջորդ ամիս ՄԱԿ-ի Կայուն զարգացման նոր հնգամյա Գործընկերության շրջանակի մեկնարկը:

Մասնավորապես, պարոն Շարփը ներկայացրեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ջանքերն՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց Հայաստան տեղահանված անձնանց աջակցությանը:

«Վերսկսված մարտերի առաջին իսկ օրերից ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, ՄԱԿ-ի Փախստականների գրասենյակի աջակցությամբ, արագորեն ստեղծեց Մշտական համակարգողի գրասենյակի ղեկավարության ներքո գործող աշխատանքային խմբերի համակարգ, որի նպատակն է համակարգել ՄԱԿ-ի գործակալությունների և գործընկերների մարդասիրական ջանքերը` հանուն այն մարդկանց, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները և գալ Հայաստան: Կառավարության և քաղաքապետարանների հետ սերտ համագործակցությամբ՝ ՄԱԿ-ը աջակցություն է տրամադրել տեղահանված և հյուրընկալող համայնքներին՝ առաջնային կարիքները հոգալու համար, այդ թվում՝ ապաստարանի, ոչ պարենային ապրանքների, պաշտպանության, սննդի անվտանգության և սնուցման, առողջության, վաղ վերականգնման, երեխաների պաշտպանության, կրթության շարունակականության ապահովման և կանխիկ աջակցության տեսքով», - ասաց պարոն Շարփը:

Հոկտեմբերի կեսերից՝ ՄԱԿ-ի գործակալություններն ու գործընկերներն արձագանքել են ճգնաժամին՝ հազարավոր տեղահանվածներին և նրանց հյուրընկալած համայնքներին տրամադրելով տասնյակ հազարավոր ոչ պարենային ապրանքներ՝ անկողնային պարագաներ, սրբիչներ, հիգիենայի, բժշկական, դպրոցական և տնային տնտեսության պարագաներ, ինչպես նաև՝ մի քանի հարյուր տոննա սննդային օգնություն, աջակցություն է ցուցաբերվել նաև էլեկտրաէներգիայի կարիքները հոգալու հարցում: Պարոն Շարփն ավելացրեց, որ առաջիկա շաբաթներին կմեկնարկի ՄԱԿ-ի և գործընկերների նոր բազմակողմ արձագանքման պլանը՝ ուղղված մարդասիրական, վաղ վերականգնման և հյուրընկալ համայքների կարիքները հոգալուն:

ՄԱԿ-ի հայաստանյան թիմը նաև ներկայացրեց գրասենյակի ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման և վերականգնման ընթացիկ պլանը, որը մեկնարկել է սեպտեմբերին՝ ընդհանուր 33 միլիոն ԱՄՆ դոլար բյուջեով՝ ներառյալ գործընկերների կողմից տրամադրված աջակցությունը: ՄԱԿ-ի գործակալությունների ղեկավարները տեղեկացրեցին նախարարին գրանցված արդյունքների, ինչպես նաև՝ Հայաստանում խոցելի անձանց ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքարելու համար նախատեսված աջակցության մասին:

Կողմերը նաև քննարկեցին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի 2021-2025 թթ.-ի նոր Գործընկերության շրջանակը, որը սահմանում է առաջիկա հինգ տարիներին Հայաստանում ՄԱԿ-ի աջակցության առաջնահերթ ոլորտները: Գործընկերության շրջանակը, որը հիմնվում է Կառավարության առաջնահերթությունների և հարցումների արդյունքում ստացված բնակչության՝ ապագայի ակնկալիքների վրա, կկենտրոնանա Օրակարգ 2030-ին և հայաստանյան համատեքստում Կայուն զարգացման նպատակներին հասնելու վրա:

ՄԱԿ-ի հայաստանյան թիմի բոլոր գործակալությունների անունից պարոն Շարփը վերահաստատեց գրասենյակի պատրաստակամությունը աջակցելու ՀՀ կառավարությանը և ժողովրդին՝ ավելի լավ վերականգնվել կրկնակի ճգնաժամից՝ միաժամանակ հասնելով Կայուն զարգացման նպատակներին: