EN | AM

ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունն ընդլայնել է իր աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ օգնելու ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքարում

ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (UNIDO) աջակցում է ՀՀ կառավարության՝ COVID-19 համավարակի հաղթահարմանն ուղղված ջանքերին՝ իրականացնելով «Պայքար կորոնավիրուսի դեմ» ծրագիրը, որը ֆինանսավորում է ՄԱԿ-ի կորոնավիրուսի արձագանքման և վերականգնման հիմնադրամը: Ծրագիրը նախատեսում էր օգնություն տրամադրել տեղական հագուստ արտադրող ընկերություններին՝ արտադրելու անկողնային պարագաներ և բժշկական հանդերձանք ՀՀ  Առողջապահության նախարարության կողմից սահմանված տեխնիկական չափանիշներին համապատասխան: Տեղական 5 ընկերությունների կողմից արտադրվել են 2,623 անկողնային պարագաների և 2,000 բժշկական հանդերձանքի հավաքածու:

Ս.թ. դեկտեմբերի 14-ին ՄԱԱԶԿ ծրագրի շրջանակում ստեղծված «SPACE 59» կենտրոնում հյուրընկալվեց ՀՀ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը, և, ՄԱԱԶԿ հայաստանյան ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանի հետ կնքված փաստաթղթի համաձայն, ՀՀ Առողջապահության նախարարությանը հանձնվեցին վերը նշված պարագաները:

Հատկանշական է նաև, որ, ծրագրի կողմից ստացված պատվերների շնորհիվ, ձեռնարկությունները հնարավորություն ստացան պահպանել իրենց աշխատատեղերը՝ ապահովելով նաև ընկերությունների արտադրական գործունեությունը:  

Արտադրության ողջ ընթացքում ընկերությունների հետ  խորհրդատվական և ուղղորդման աշխատանքներ են իրականացրել ՄԱԱԶԿ «Հագուստի և կոշիկի արտադրության ոլորտի աջակցման» ծրագրի փորձագետները, որպեսզի արտադրանքը համապատասխանի ՀՀ Առողջապահության նախարարության կողմից սահմանված տեխնիկական պահանջներին: