EN | AM

Շոմբի Շարփը հանդիպել է Միացյալ Թագավորությունից Հայաստան ժամանած Շտապ բուժօգնության թիմի անդամներին

Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգող Շոմբի Շարփը, Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Եգոր Զայցևի և Հայաստանում ՄԹ գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիի հետ միասին, հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորությունից Հայաստան ժամանած Շտապ բուժօգնության թիմի անդամների, ինչպես նաև՝ ՀՀ ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Քնար Ղոնյանի, Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի փոխտնօրեն Նաիրա Ստեփանյանի և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալ Աննա Մարտիրոսյանի հետ:

Հանդիպման նպատակն էր առաքելության կեսին քննարկել Հայաստանում Շտապ բուժօգնության թիմի գործունեությունը,  հիվանդանոցներին ցուցադրված աջակցությունը, գրանցած հաջողությունները, ինչպես նաև՝ առկա մարտահրավերները: Շտապ բուժօգնության թիմը Միացյալ Թագավորությունից Հայաստան է ժամանել նոյեմբերի 23-ին՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հրավերով: Առաքելությունը, որը ընդհանուր կտևի 5 շաբաթ, նպատակ ունի աջակցելու Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության ծանր և ծայրահեղ ծանր դեպքերը կառավարելու և համավարակի դեմ պայքարի գործում:

Առաքելության առաջին երկու շաբաթվա ընթացքում թիմը աշխատել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում և Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում՝ բժշկական կենտրոնների անձնակազմերի համար իրականացնելով դասընթացներ և փորձի փոխանակում:

Հանդիպման ժամանակ պարոն Շարփը ողջունեց առաքելության թիմին ու իր գործընկերներին և իր խորին երախտագիտությունը հայտնեց բոլորին՝ համավարակի ծանր պայմաններում իրենց ջանքերի, արդյունավետ փոխհամագործակցության համար: Նա նաև հույս հայտնեց, որ նմանատիպ համագործակությունը շարունակական կլինի:

Իրենց հերթին, առաքելության թիմի անդամները շնորհակալություն հայտնեցին Հայաստանի գործընկերներից՝ իրենց ջերմ ընդունելու և արդյունավետ փոխհամագործակցության համար՝ առանձահատուկ ընդգծելով հայ բուժաշխատողների նվիրվածությունը և պրոֆեսիոնալիզմը:

Հանդիպման ժամանակ առաքելության թիմի անդամներին ողջունեցին նաև Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Եգոր Զայցևը և Հայաստանում ՄԹ գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզին: