EN | AM

Ձեռք ձեռքի տված՝ վերափոխելով ագրոպարենային համակարգերը Եվրոպայում, Կենտրոնական Ասիայում և այլուր

Նոյեմբերի 2-ից 4-ը Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունն (ՊԳԿ) անց է կացնում Եվրոպայի տարածաշրջանային համաժողովի 32-րդ նստաշրջանը, որն առցանց կհյուրընկալի Ուզբեկստանի կառավարությունը և որի ժամանակ ՊԳԿ անդամները հնարավորություն կունենան առավել հանգամանալից քննարկելու ագրոպարենային համակարգերի վերափոխման հնարավորությունները՝ դրանք տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում առավել դիմակայուն, կենսակայուն և ներառական դարձնելու նպատակով։

ՊԳԿ Եվրոպայի տարածաշրջանային համաժողովը բաց է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ՊԳԿ բոլոր անդամների առջև։ Լիսաբոնից ձգվելով մինչև Վլադիվոստոկ և Հյուսիսային բևեռային շրջանից՝ մինչև Կենտրոնական Ասիայի Պամիրի լեռներ, տարածաշրջանն լայնարձակ է և բազմազան, իսկ պարենային համակարգերը՝ զգալիորեն տարբեր։

Դեռ նույնիսկ ՔՈՎԻԴ-19 համավարակից առաջ, ագրոպարենային ապրանքների համակարգերի կենսակայունության հարցն արդեն իսկ աճող մտահոգության առարկա էր տարածաշրջանում, մասնավորապես գիրության ավելացող տեմպերի (Եվրոպայի բնակչության շուրջ 23, իսկ Կենտրոնական Ասիայի՝ 18 տոկոսը) և ուղեկցող ոչ վարակիչ հիվանդությունների, ինչպես նաև որոշ երկրներում թերսնուցման և սնուցողական միկրոտարրերի անբավարարության սրընթաց աճի համատեքստում։

ՄԱԿ-ի պարենային համակարգերի 2021 թվականի գագաթնաժողովին ընդառաջ՝ Համաժողովը կկենտրոնանա Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում կայուն պարենային համակարգերի և առողջ սննդակարգի վրա՝ որպես առանցքային թեմաներից մեկը։   Բանավեճն ուղղված կլինի սնուցման և կենսակայուն պարենային համակարգերի կարգավիճակի կարևորմանը՝ նախանշելով փոխադարձ կապերը, ինչպես նաև առնչվող մարտահրավերները և հնարավորությունները տարածաշրջանում։

Համավարակի ազդեցություններն ավելի մեծ ճնշում են գործադրում սնուցման այս ընդհանուր իրավիճակի վրա։ Պարենի պակաս չի զգացվում, սակայն տնտեսական վարիվերումները և աշխատատեղերի կորուստները սննդարար մթերքի և առողջ սննդակարգի հասանելիության ավելի ու ավելի մեծ խոչընդոտներ են ստեղծում:

Պարենի մատակարարման տարածաշրջանային շղթաներն ինչպես հարկն է գործում են, բայց գլխավորապես ֆերմերների նվիրվածության շնորհիվ, ովքեր չնայած համավարակին և առնչվող սահմանափակումներին, վիթխարի ջանքեր են գործադրում գյուղատնտեսական մթերքների արտադրության և բերքահավաքի գործընթացներն անխափան պահելու ուղղությամբ։ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում բազմաթիվ փոքր գյուղացիական տնտեսվարողներ և ընտանեկան ֆերմերներ հայտնել են, որ գործառնական ծախսերի համար արդեն իրենց անձնական խնայողություններն են օգտագործում՝ ի հաշիվ իրենց տնային տնտեսությունների կենսապահովման: Նրանց 85 տոկոսն ընդգծել է, որ իրենց գոյատևումը կախված է կառավարության կողմից իրենց ընթացիկ ծախսերի փոխհատուցման նպատակով տրամադրվող շարունակական աջակցությունից։

Այս համատեքստում անհրաժեշտ են պատշաճ քաղաքականություն և պետական-մասնավոր գործընկերություններ, որոնք կօգնեն հասցեագրել պարենային ապրանքների արտադրողների կարիքները և բարելավել ագրոպարենային ապրանքների համակարգերի կենսակայունությունը։  Այս ամենին առնչվող այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են պարենային անվտանգությունը, կենսաբազմազանության պահպանությունը և թվային նորարարությունը, ներառված են Տարածաշրջանային համաժողովի օրակարգային հարցերի շարքում։ 

Թվային տեխնոլոգիաները, ինչպիսիք են արբանյակային պատկերները, հեռահար զոնդավորումը, ինչպես նաև շարժական և բլոքչեյն հավելվածները, փոքր գյուղացիական տնտեսություններին և սպառողներին հեղափոխական փոփոխություններ են խոստանում։ Դրանք կարող են նպաստել պարենային ապրանքների շղթաների բարելավմանը, շուկաների հասանելիության մեծացմանը, սննդամթերքի կորստի ու թափոնների նվազեցմանը, ջրի կառավարման բարելավմանը և վնասատուների ու հիվանդությունների դեմ պայքարին, և սրանք բազմաթիվ օգուտներից ընդամենը մի քանիսն են։

Սակայն Եվրոպան և Կենտրոնական Ասիան պետք է քննարկումները սահմանափակեն միայն տարածաշրջանային հեռանկարներով։ Տարածաշրջանում առկա է անսահմանափակ գիտելիք և փորձ, որն անգնահատելի է ամբողջ աշխարհում կայուն զարգացման խթանման համար, իսկ եվրոպական երկրների ֆինանսական աջակցությունն Աֆրիկայի, Ասիայի և Լատինական Ամերիկայի զարգացող երկրներին սովի ու աղքատության դեմ պայքարում հիմնարար դեր է ունեցել։ 

ՔՈՎԻԴ-19-ից առաջ, դեռևս 2019 թվականին աշխարհի բնակչության գրեթե 690 միլիոնը թերսնված էին։ ՊԳԿ-ի ամենավերջին գնահատումներով՝ համավարակի հետևանքով աշխարհի թերսնուցված մարդկանց շարքերը կհամալրվեն ևս 132 միլիոնով։ Ավելին, մոտավորապես 4.5 միլիարդ մարդ իրենց կենսապահովման և իրենց ընտանիքներին կերակրելու համար կախված են ագրոպարենային համակարգերից։ 

Համավարակն ավելի է սրել 2030 Օրակարգի ուղենիշային սկզբունքի՝ ոչ մեկին չանտեսելու կարևորությունը։ Այսօր առավել, քան երբևէ, միջազգային կազմակերպությունները, մասնավոր հատվածը, քաղաքացիական հասարակությունը, գիտակրթական շրջանակները և բոլոր այլ առնչվող գործընկերները պետք է ուս-ուսի գործեն՝ իրենց առջև ծառացող խնդիրների դիմագրավման համար։ 

ՊԳԿ-ի նախաձեռնությունները կենտրոնանում են ուժեղ գործընկերությունների վրա՝ խթանելու ագրոպարենային կենսակայուն համակարգերը և, հիմնավորապես, վերջ դնելու սովին և աղքատությանը։  Մասնավոր հատվածի ներգրավմանը միտված նոր ռազմավարությամբ ՊԳԿ-ն նպատակ ունի գործակցել մասնավոր հատվածի հետ՝ նորարարության աջակցման և  ընդլայնման, ներդրումների խրախուսման, գիտական փորձի համախմբման, Կայուն զարգացման նպատակների մոնիտորինգի համար տվյալների ձևավորման նպատակով, հիմնվելով համօգտագործելի ռեսուրսների, ցանցերի, գիտելիքի և տեխնոլոգիաների վրա։

ՊԳԿ-ն սերտորեն համագործակցում է նաև աշխարհի խորհրդարանականների հետ՝ որպես ռազմավարական գործընկերների, բարելավելու իրավական դաշտը, ընդունելու համապատասխան քաղաքականություն, ինչպես նաև հանդես գալու ի շահ ռեսուրսների բաշխման, նպատակ ունենալով այդ քաղաքականությունը կյանքի կոչել պարենային և գյուղատնտեսության բնագավառներում։

Համավարակից առաջ ՊԳԿ-ն գործարկել էր «Ձեռք-ձեռքի» նախաձեռնությունը, որի նպատակն էր տվյալների ու տեղեկությունների վրա հիմնվելով ի մի բերել նվիրատու և ստացող երկրներին՝ նորարարության, ներդրումների, ինստիտուցիոնալ փոփոխության, գյուղատնտեսության վերափոխման և գյուղական շրջաններին կայուն զարգացման խթանման նպատակով։ Նախաձեռնությունը հիմնված է արդի տեխնոլոգիաների վրա, ինչպիսին է «Ձեռք-ձեռքի աշխարհագրատարածական հարթակը, որը որոշումների կայացման համար կարևոր տվյալներ է տրամադրում, ինչպես նաև Վիճակագրական նորարարության Տվյալների լաբորատորիան, որտեղ համախմբված են ոչ ավանդական տվյալների աղբյուրներ, «մեծ» տվյալներ, արհեստական բանականություն, ինչպես նաև որոշումների կայացման և ազդեցության գնահատման նպատակով տվյալների վերլուծություն։ Նախաձեռնությանն արդեն 29 երկրներ են մասնակցում և նույնքան երկրներ էլ առաջիկա ամիսներին միանալու ցանկությունը են հայտնել։

Ի պատասխան համավարակին, ՊԳԿ-ն մշակեց ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման և վերականգնման համապարփակ և ամբողջական ծրագիրը՝ համաշխարհային, տարածաշրջանային և առանձին պետությունների մակարդակում ազդեցության հասնելու նպատակով։ Այն նախատեսված է անմիջական սոցիալ-տնտեսական ազդեցությունների մեղմման համար, միևնույն ժամանակ ուժեղացնելով պարենային համակարգերի և կենսամիջոցների երկարաժամկետ դիմակայունությունը՝ Միավորված ազգերի կազմակերպության «կառուցել՝ հանուն վերափոխման» մոտեցմանը համահունչ և տարբեր գործընկերների սերտ համագործակցությամբ։  Եթե ցանկանում ենք ՔՈՎԻԴ-19-ից հետո վերադառնալ նախկինից ավելի լավ վիճակի և հասնել Կայուն զարգացման նպատակներին, ապա կազմափոխիչ փոփոխություններ պետք է կատարենք նաև այն մեթոդների մեջ, որով կառավարում ենք կենսաբազմազանությունը, արտադրում և սպառում սննդամթերքը, հարաբերակցվում բնության հետ։

Նոյեմբերի 5-ին ՊԳԿ-ն պաշտոնապես կգործարկի Պարենային կոալիցիան, որն իրենից ներկայացնում է բազմաշահառու և բազմոլորտային մեխանիզմ՝ ռեսուրսների, փորձի և նորարարության մեկտեղման նպատակով, որը կօժանդակի ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման և վերականգնման ծրագրին և Ձեռք-ձեռքի» նախաձեռնությանը։ Երկրների միջև երկխոսության, գիտելիքի ու փորձի փոխանակման խրախուսմամբ, ինչպես նաև լուծումներին միտված գործողությունների պլանի ուղղությամբ տարվող աշխատանքների միջոցով Պարենային կոալիցիան կընդլայնի մեր համատեղ գործակցությունը և շահերի պաշտպանությունը։ Ուրախալի է տեսնել, որ ավելի քան 40 երկիր ցանկություն է հայտնել գործուն անդամը դառնալու Պարենային կոալիցիայի, որի ստեղծման գաղափարի սաղմերն առաջին անգամ ձևավորվեցին Իտալիայի և այլ հիմնական գործընկերների կողմից։ 

2020 թվականի ընթացքում ՊԳԿ-ն մշտապես հանդես է եկել ի շահ պարենային արժեշղթաների կենսունակության պահպանման, շեշտադրելով այն փաստը, որ միայն երկրների համագործակցության և ազատ առևտրի պարագայում է հնարավոր հաղթահարել այս ճգնաժամը։ Այս տարածաշրջանի շատ երկրներ որոշակիորեն ջանքեր են ներդնում իրենց ագրոպարենային առևտրային քաղաքականության միջավայրերի հզորացման ուղղությամբ և մենք քաջալերում ենք նրանց՝ շարունակել այդ ուղով ընթանալ։

ՊԳԿ-ի 75-ամյակը, որը մենք ընդամենը մի քանի օր առաջ նշեցինք, պատմական նշագիծ է, որն ամրապնդում է մեր հանձնառությունը՝ ապահովելու սննդարար մթերքի հասանելիությունը յուրաքանչյուրի համար և մեկընդմիշտ վերջ տալու սովին։

ՊԳԿ-ի Եվրոպայի տարածաշրջանային համաժողովի 32-րդ նստաշրջանն այս հանձնառությունը գործողության վերածելու նշանակալի առիթ է։

Նոր գաղափարներ, հզոր գործընկերություններ՝ ավելի լավ արտադրության, ավելի լավ սնուցման, ավելի լավ շրջակա միջավայրի և ավելի բարեկեցիկ կյանքի ապահովման համընդհանուր նպատակներին հասնելու նոր ուղիներ։

 

Քյու Դոնգյու, Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն