EN | AM

ՊՀԾ-ն շարունակում է աջակցել Հայաստանում երեխաների սննդի անվտանգությանը և զարգացմել համայնքները՝ անկախ ներկա մարտահրավերների առկայությանը

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը` ՀՀ կառավարության և Ռուսաստանի Սննդի ճյուղային ինստիտուտի աջակցությամբ շարունակում է զարգացնել ՀՀ համայնքները և ներդրումներ կատարել դպրոցներում, չնայած ստեղծված իրավիճակին և երկրում հայտարարված ռազմական դրությանը:

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը «Դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակներում իր Ռուսաստանի Սննդի ճյուղային ինստիտուտի և այլ գործընկերների հետ միասին Լոռու և Կոտայքի մարզերում սկսել է իրականացնել դպրոցների ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված ուսումնասիրություն, որի նպատակն է գնահատել դպրոցների խոհանոցների, ճաշարանների, սննդի պահեստների վիճակը և տրամադրել անհրաժեշտ առաջարկություններ դրանց բարելավմանը՝ սննդի անվտանգության բոլոր նորմերին համապատասխան:

Ուսումնասիրությունները թույլ կտան բացահայտել դպրոցների՝ տաք սննդի տրամադրման համար անհրաժեշտ կարիքները և նորոգումների ծավալը։ Նորոգումների հետ միասին խոհանոցները կապահովվեն նաև խմելու ջրով՝ տաք ջրի հնարավորությամբ: Նորոգումներին կհաջորդի նաև խոհանոցային անհրաժեշտ սարքավորումների տրամադրումը, որը հնարավորություն կտա երեխաներին ապահովել անվտանգ և որակյալ սնունդով:

Լոռու մարզի շուրջ 120 և Կոտայքի շուրջ 90 դպրոցներ կընդգրկվեն նորոգման ծրագրի մեջ՝ ստանալով նաև բարձրորակ խոհանոցային սարքավորումներ: Ծրագրի արդյունքում էականորեն կբարելավվեն դպրոցներում սննդի տրամադրման պայմանները և դպրոցների կարողությունները՝ լիարժեք և անվտանգ սնունդ կազմակերպելու ուղղությամբ: Ծրագրերի բարեհաջող իրականացմանը կհաջորդի դպրոցական սնունդ ծրագրի հանձնումը պետական ֆինանսավորման: Նախաձեռնությունն իրականացվում է մարզպետարանների և ՀՀ կառավարության «Կայուն Դպրոցական սնունդ հիմնադրամի» մասնակցությամբ:

Ներկայումս Լոռու մարզի տարրական դասարանների շուրջ 12,300, իսկ Կոտայքի` 15,755 երեխաներ ընդգրկված են ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից իրականացվող «Դպրոցական սնունդ» ծրագրի մեջ:

***

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիր. կյանքեր է փրկում արտակարգ իրավիճակներում և կայուն զարգացման միջոցով փոխում միլիոնավոր մարդկանց կյանքեր: ՊՀԾ-ն աշխատում է աշխարհի ավելի քան 80 երկրներում՝ սնունդ տրամադրելով հակամարտությունների և աղետների գոտիներում հայտնված մարդկանց և հիմք է ստեղծում ավելի լավ ապագայի համար: