Այսօր ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն առանձին հեռախոսազրույց է ունեցել ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Երկու զրույցի ընթացքում Գլխավոր քարտուղարն իր խորին անհանգստությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծի երկայնքով փոխհրաձգությունների վերաբերյալ: Նա կոչ է արել երկու առաջնորդներին անհապաղ քայլեր ձեռնարկել՝ հրադադարը վերահաստատելու և բանակցությունները վերսկսկելու ուղղությամբ՝ տարածաշրջանում անկայունությունը կանխարգելելու նպատակով:
Գլխավոր քարտուղարը վերահաստատել է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կարևոր ջանքերին՝ ընդգծելով, որ հարկավոր է աշխատել նրանց հետ՝ անհապաղ և առանց նախապայմանների բանակցություններին վերադառնալու նպատակով:
Ստեֆան Դյուժարիկ, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խոսնակ
Նյու Յորք, 28 սեպտեմբերի 2020 թ.