EN | AM

ՄԱԿ ՓԳՀ-ի զեկույց. Կորոնավիրուսը՝ փախստականների կրթության լուրջ սպառնալիք. աշխարհի փախստական երեխաների կեսից ավելին դպրոցից դուրս է հայտնվել


04.09.2020
«Որակյալ կրթության ապահովումն այսօր՝ նշանակում է պակաս աղքատություն և տառապանք՝ վաղը». ՄԱԿ ՓԳՀ-ի՝ «Դպրոցների արագ ցանցի» ծրագրի դեսպան Մոհամեդ Սալահի

Այսօր հրապարակվեց ՄԱԿ-ի Փախստականների գործակալության կողմից պատրաստված «Համախմբվելով՝ հանուն փախստականների կրթության» խորագրով զեկույցը, որի կանխատեսումներով՝ եթե միջազգային հանրույթը փախստականների կրթության վրա ՔՈՎԻԴ-19-ի աղետալի հետևանքների վերացմանն ուղղված անհապաղ և համարձակ քայլեր չձեռնարկի, աշխարհի առավել խոցելի տարածքներում բնակություն հաստատած միլիոնավոր փախստական երեխաների ներուժը կշարունակի վտանգված մնալ։ Զեկույցում ներկայացված տվյալները հիմնված են 2019 թ. ուսումնական տարվա ընթացքում ներգրավվածության համախառն տվյալների վրա։

Մինչ աշխարհի այլ երկրներում երեխաները պայքարում են կրթության վրա ՔՈՎԻԴ-19-ի ազդեցության դեմ, զեկույցի տվյալներով՝ փախստական երեխաներն է՛լ ավելի անբարենպաստ պայմաններում են հայտնվել։ Համավարակից առաջ փախստական երեխաների դպրոցից դուրս մնալու հավանականությունը կրկնակի մեծ էր ոչ փախստական երեխաների դուրս մնալու հավանականությունից։ Այս իրավիճակն ավելի կվատթարանա, քանի որ շատերը դասերը վերսկսելու հնարավորություն չեն ունենա՝ կապված դպրոցների փակման, վարձավճարների, համազգեստների կամ դասագրքերի ձեռքբերման դժվարությունների, տեխնոլոգիաների հասանելիության բացակայության, կամ էլ այն պատճառով, որ պետք է ընտանիքին օգնելու նպատակով աշխատեն։

«Աշխարհի փախստական երեխաների կեսն արդեն դպրոցից դուրս էր հայտնվել», - ասաց ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար՝ Ֆիլիպո Գրանդին: «Այն ամենից հետո, ինչի միջով նրանք անցել են, մենք չենք կարող զրկել ապագայից՝ այսօր մերժելով նրանց կրթությունը: Չնայած համավարակի բերած անչափելի մարտահրավերներին, ավելի գործուն միջազգային աջակցություն ցուցաբերելով փախստականներին և նրանց հյուրընկալող համայնքներին՝ կարող ենք ընդլայնել նորարարական մոտեցումները՝ պահպանելու վերջին տարիներին փախստականների կրթության ոլորտի կարևորագույն ձեռքբերումները։

Եթե ավելի մեծ աջակցություն չցուցաբերենք, դպրոցներում, բուհերում և տեխնիկական ու միջին մասնագիտական ուսուցման մեջ ներգրավվածության կայուն, դժվարությամբ ձեռք բերված աճի գործընթացը կարող է հետ շրջվել, որոշ դեպքերում՝ անվերադարձ, և վտանգել Կայուն զարգացման 4-րդ նպատակին՝ բոլորի համար ներառական և համապատասխան որակյալ կրթության ապահովմանը հասնելուն միտված ջանքերը»։

Զեկույցի վերջում մեջբերվում են Վոդաֆոն հիմնադրամի և ՄԱԿ ՓԳՀ-ի՝ «Դպրոցների արագ ցանցի» ծրագրի դեսպան՝ Մոհամեդ Սալահի ազդեցիկ խոսքերը. «Որակյալ կրթության ապահովումն այսօր՝ նշանակում է պակաս աղքատություն և տառապանք՝ վաղը։ Քանի դեռ բոլորն իրենց վերապահված դերը չեն կատարում, երեխաների սերունդներին, որոնցից միլիոնավորներն աշխարհի ամենաաղքատ տարածաշրջաններում են ապրում, անորոշ ապագա է սպասվում։ Բայց եթե միասնաբար՝ որպես մեկ թիմ աշխատենք, մենք կարող ենք նրանց արժանապատիվ ապագա ունենալու հնարավորություն ընձեռել։ Եկե՛ք բաց չթողնենք այս հնարավորությունը»։

Զեկույցում արտացոլված 2019 թվականի տվյալները հիմնված են աշխարհի փախստական երեխաների կեսից ավելին ապաստանող տասներկու երկրների տրամադրած տեղեկությունների վրա։ Չնայած տարրական դպրոցում համախառն ներգրավվածությունը կազմում է 77 %, միջնակարգ դպրոցում ներգրավված է պատանիների միայն 31% -ը: Բարձրագույն կրթության համակարգում փախստական երիտասարդների ընդամենը 3%-ն է ներգրավված:

Բավականին զիջելով համաշխարհային միջին մակարդակին, այս վիճակագրական տվյալներն, այնուամենայնիվ, որոշակի առաջընթաց են ներկայացնում։ Միջնակարգ դպրոցներում ներգրավվածության մակարդակը բարձրացել է՝ շնորհիվ տասնյակ հազարավոր փախստական երեխաների, որոնք կրկին դպրոց են գնում. միայն 2019 թվականին այս աճը 2% է կազմել։  Այնուամենայնիվ, ՔՈՎԻԴ-19 համավարակն այժմ սպառնում է ի չիք դարձնել այս և այլ առաջնային կարևորություն ունեցող առաջխաղացումները: Այս վտանգն առանձնապես մեծ է փախստական աղջիկների համար։ Փախստական աղջիկներն առանց այն էլ կրթության ավելի քիչ հնարավորություն ունեն, քան տղաները, և միջնակարգ կրթության տարիքին հասնելուց հետո նրանց դպրոց հաճախելու հավանականությունը կիսով չափ կրճատվում է։

Հիմնվելով ՄԱԿ ՓԳՀ-ի տվյալների վրա, «Մալալա» հիմնադրամի գնահատմամբ՝ ՔՈՎԻԴ-19-ի հետևանքով  միջնակարգ դպրոց հաճախող փախստական աղջիկների կեսն այս ամիս դպրոցների վերաբացումից հետո այլևս դպրոց չի գնա։ Այն երկրներում, որտեղ փախստական աղջիկների համախառն ներգրավվածությունը միջնակարգ դպրոցներում արդեն իսկ 10 տոկոսից էլ քիչ էր, բոլոր աղջիկները դուրս մնալու վտանգի տակ են, ինչն ահազանգող կանխատեսում է և մեծապես կազդի հետագա սերունդների վրա։

«Ինձ հատկապես մտահոգում է փախստական աղջիկների վրա ազդեցությունը։ Կրթությունը ոչ միայն մարդու հիմնարար իրավունքն է, այլև պաշտպանություն և տնտեսական օգուտներ է ապահովում փախստական աղջիկների, նրանց ընտանիքների և համայնքների համար։ Միջազգային հանրությունն իրավունք չունի ձախողել՝ նրանց ընձեռելու այն հնարավորությունները, որոնք կրթությունն է տալիս», ասաց Գրանդին։

ՔՈՎԻԴ-19-ով պայմանավորված սահմանափակումներին հարմարվելն առաձնապես բարդ էր աշխարհի փախստականների 85 տոկոսի համար, որոնք ապրում են զարգացող կամ ամենաքիչ զարգացած երկրներում։ Բջջային հեռախոսները, պլանշետները, դյուրակիր համակարգիչները, կապը և նույնիսկ ռադիոընդունիչները միշտ չէ, որ հասանելի են տեղահանված համայնքների համար։

ՄԱԿ ՓԳՀ-ն, կառավարությունները և գործընկերներն անխոնջ աշխատում են կարևորագույն բացերը շտկելու և համավարակի ընթացքում փախստականների կրթության շարունակականությունն ապահովելու ուղղությամբ՝ առցանց ուսումնառության, հեռուստացույցի և ռադիոյի միջոցով, ինչպես նաև աջակցում են ուսուցիչներին և խնամակալներին՝ շփվելու սովորողների հետ՝ միևնույն ժամանակ հետևելով առողջապահական կանոններին։

Զեկույցում արտացոլված են ընտանիքների, համայնքների ու կառավարությունների գործադրած ջանքերը՝ ուղղված փախստական երեխաների համար կրթության ապահովմանը։ Ներկայացվում են նաև այն կառավարությունների դրական օրինակները, որոնք օրենքով ամրագրել են փախստական երեխաների դպրոց հաճախելու իրավունքը, ինչպես նաև ներկայացվում են դեպքեր Էկվադորից և Իրանից։ Թվային նորարարության ոլորտի օրինակներից առանձնացվում է Եգիպտոսի կրթության նախարարը, ինչպես նաև Հորդանանում բնակվող ընտանիքներից մեկը, որը շահել է առցանց կրթության անցում կատարելուց։ Այն փաստը, որ աշխարհի փախստականների կեսից ավելին ապրում են քաղաքային պայմաններում, ավելի է շեշտում փախստականներին ընդունելու պատրաստ քաղաքների կարևորությունը, և Մեծ Բրիտանիայի Քովենթրի քաղաքի ղեկավարը ներկայացնում է, թե ինչպես է քաղաքը լուծում այդ խնդիրը և թե ինչու է այդ ամենն այնքան կարևոր:

Զեկույցը կառավարություններին, մասնավոր հատվածին, քաղաքացիական հասարակությանը և այլ առանցքային շահագրգիռ կողմերին կոչ է անում միավորելու ուժերը՝ գտնելու այնպիսի լուծումներ, որոնք կարող են հզորացնել ազգային կրթական համակարգերը և շաղկապել հավաստագրված կրթական մոտեցումները, ինչպես նաև ապահովելու և երաշխավորելու կրթության ֆինանսավորումը։ Այս գործողությունները չձեռնարկելու դեպքում կկանգնենք կրթության հնարավորությունից զրկված փախստական երեխաների կորսված սերունդ ունենալու վտանգի առջև, ահազանգում է զեկույցը։

Փախստականների կրթությանը սպառնացող վտանգները միայն ՔՈՎԻԴ-19-ով չեն սահմանափակվում։ Դպրոցների վրա կատարվող հարձակումները և դրանց թվի աճն այլևս դաժան իրականություն են։ Զեկույցում հանգամանալից անդրադարձ է կատարվում Աֆրիկայի Սահել շրջանին, որտեղ բռնությունների պատճառով ավելի քան 2500 դպրոց են փակել, ինչը բացասաբար է անդրադարձել 350,000 աշակերտի կրթության վրա: