EN | AM

Ճգնաժամի դիմագրավման պայմանների ստեղծում


07.08.2020
«Այս օրերին, երբ ոչ մի ուրիշ աշխատանքի հնարավորություն գրեթե չկա, ՊԳԿ-ի շնորհիվ մենք կարող ենք լուծել մեր սննդի խնդիրը և նույնիսկ որոշ գումար հատկացնել ավելի ակտիվ գյուղատնտեսական աշխատանքների համար». Լուսինե Ղուկասյան

Հանրային առողջապահության ոլորտում տիրող աննախադեպ արտակարգ վիճակը շփոթահար է արել ամբողջ աշխարհին՝ ընդգրկելով անգամ ամենահեռավոր և մեկուսի բնակավայրերը։ Ընդամենը մի քանի շաբաթում սահմաններ չճանաչող այս նոր վիրուսն ընդմիջել է աշխարհի ընթացքը՝ փակելով սահմանները, դանդաղեցրել միջազգային առևտուրը և խոչընդոտել սննդամթերքի հասանելիությանը։ Չնայած դեռ վաղ է գնահատել համավարակի թողած բոլոր հետևանքները, այնուհանդերձ COVID-19-ի հաղթարշավը կասեցնող միջոցառումներն իրենց հետքն են թողել համաշխարհային պարենային անվտանգության և գյուղատնտեսական արտադրության վրա։

Իրավիճակն առանձնապես չի տարբերվում նաև Կովկասում և Կենտրոնական Ասիայում, որտեղ բնակչության մեծամասնության համար գյուղատնտեսական արտադրությունը սննդամթերքի և եկամտի միակ աղբյուրն է։ Սակայն դրա հետևանքներն առավել ծանր են գյուղական և խոցելի բնակչության համար, որոնք տևական ճգնաժամի դեպքում սնուցման և պարենային անվտանգության խնդիրների ու աղքատության ավելի մեծ վտանգի առջև կկանգնեն՝ կենսապահովման աղբյուրների կտրուկ կորստի պատճառով։

Այս ամենի արդյունքում պետությունները սկսեցին նորարարական լուծումներ փնտրել՝ պաշտպանելու գյուղական աղքատ և առավել խոցելի բնակչությանը, այդ թվում՝ տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց, որոնք արագ արձագանքման միջոցառումներից հաճախ դուրս են մնում։ Իրականաում պարզվեց, որ այս տուժած խմբերին աջակցելու ուղին արդեն գոյություն ունի և կարող է օգնել հաղթահարելու COVID-19-ի բերած դժվարությունները։

2017–2019 թթ. ՊԳԿ-ի՝ Ռուսաստանի Դաշնության կողմից ֆինանսավորվող միջազգային ծրագիրը սկսեց սոցիալական պաշտպանության և գյուղատնտեսական աջակցության տարբեր միջոցառումների համատեղման ուղիներ որոնել, որը կօգներ ամրապնդելու առավել խոցելի բնակչության պարենային անվտանգությունը և սնուցումն ու դուրս գալ աղքատության ճիրաններից։

Վերջին տարիներին Հայաստանում և Ղրղըզստանում կիրառվող լուծումներից մեկը Նպաստ+ ծրագիրն է, որը համատեղում է սոցիալական աջակցության դրամական օգնությունը և տարբեր գյուղատնտեսական ներդրանքի ու վերապատրաստման արդյունքում տրամադրվող գիտելիքի ձևով առաջարկվող գյուղատնտեսական աջակցությունը։ Այս մոտեցումն իր արդյունավետությունն ապացուցեց հատկապես COVID-19 համավարակի պայմաններում՝ օգնելով տնային տնտեսություններին առավել վստահորեն և դիմակայունությամբ դիմագրավելու ճգնաժամին։

«Եթե ճգնաժամի ընթացքում հույսներս միայն սոցիալական նպաստների վրա դնեինք, ապա հաստատ սնունդ գնելու համար ծայրը ծայրին չէինք կարողանա հասցնել», - ասում է Անարա Ախմատովան՝ Ղրղըզստանի արևմուտքում բնակվող շահառու գյուղացիական տնտեսվարողներից մեկը։ «Փորձնական ծրագրով մեզ ջերմոցներ  հատկացվեցին, որպեսզի բաց դաշտի սեզոնից մի քանի ամիս ավելի շուտ սկսենք բերք ստանալ, ստացանք նաև բարձր սննդարարություն ունեցող մշակաբույսերի սերմեր և սովորեցինք ինչպես մշակել դրանք։ Եվ որ ամենակարևորն է, սովորեցինք նաև սնունդը ձմռան համար անվտանգ պահպանելու մեթոդները։ Մինչև հիմա մեր ձմեռային պաշարներն ենք օգտագործում»։

        

Հայաստանի և Ղրղզստանի փորձն ակնառու կերպով ցույց է տալիս, թե ինչպես կարող են սոցիալական պաշտպանության և գյուղատնտեսական համակարգված միջոցառումները գործնականում աջակցել առավել խոցելի խմբերին՝ COVID-19 համավարակի հետևանքով ստեղծված ճգնաժամի պայմաններում: ©FAO/Նազգուլ Սեիտալիևա ; ©FAO/Վլադ Ուշակով

Անարայի հայաստանյան գործընկեր Լուսինե Ղուկասյանը պատմում է իր փորձառության մասին։ «Իհարկե պետական աջակցության շնորհիվ կարողանում ենք որոշ հրատապ կարիքներ լուծել։ Սակայն դա բավարար չէ։ ՊԳԿ-ի տրամադրած աջակցությունն այնպիսի օգնություն է (մեկ կով և մեկ տարվա անասնակերի պաշար), որը շատ կարևոր է մեր սեփական եկամտի աղբյուրն ստեղծելու համար։ Այս օրերին, երբ ոչ մի ուրիշ աշխատանքի հնարավորություն գրեթե չկա, ՊԳԿ-ի շնորհիվ մենք կարող ենք լուծել մեր սննդի խնդիրը և նույնիսկ որոշ գումար հատկացնել ավելի ակտիվ գյուղատնտեսական աշխատանքների համար», - ամփոփում է Լուսինեն։

Այսօր, Լուսինեն և Անարան, ինչպես նաև շուրջ 1600 հոգուց բաղկացած 280 այլ գյուղական ընտանիքներ, որոնց կեսը երեխաներ են, բնակվելով Հայաստանի ամենաաղքատ մարզերում՝ Լոռիում և Շիրակում, և Ղրղըզստանի՝ ամենաաղքատ Սուզակ բնակավայրում, կարողանում են հաջողությամբ հաղթահարել ճգնաժամի հետևանքները։

«Սկզբում, երբ արտակարգ դրություն հայտարարվեց, շատ էի անհանգստանում», - պատմում է Անարան։ «Բայց շուտով հասկացա, որ ճգնաժամին դիմանալու համար անհրաժեշտ թե՛ հմտություններ, և թե՛ միջոցներ ունենք»։

Հայաստանում և Ղրղըզստանում իրականացված Նպաստ+ փորձնական ծրագիրը ոչ միայն ամրապնդեց աղքատ գյուղացիական տնտեսությունների պարենային անվտանգության և եկամտի հիմքերը՝ մանավանդ այս ցնցումների շրջանում, այլև օգնեց ընդլանել իրենց մտահորիզոնը և բարելավել կյանքի որակը։

Ավելին, սոցիալական պաշտպանության և գյուղատնտեսական աջակցության համակցված մոտեցումը զգալիորեն նպաստել է բնակչության խոցելի խմբերի սնուցման բարելավմանը՝ COVID-19-ի ճգնաժամի պայմաններում։

Այսօր, Լուսինեն և Անարան, ինչպես նաև շուրջ 1600 հոգուց բաղկացած 280 այլ գյուղական ընտանիքներ կարողանում են հաջողությամբ հաղթահարել ճգնաժամի հետևանքները։ ©FAO/Սուսաննա Կարապետյան

Գյուղատնտեսական-սոցիալական ոլորտների համակցման ևս մի օրինակ Նիժնի Սերաֆիմովսկիի սոցիալական խնամքի հաստատությունն է Ղրղզստանում, որտեղ օթևանում են ավելի քան 400 տարեց և հաշմանդամություն ունեցող մարդիկ։ ՊԳԿ-ի աջակցությամբ իրականացված գյուղատնտեսական միջամտության միջոցով տրամադրվեցին խնձորի, տանձի, ծիրանի և բալի ծառերով և այլ միջոցներով հագեցած այգիներ, ինչպես նաև վերանորոգված ձկնաբուծարան` ծածանի արտադրությամբ: Այս ամենի դերն անգնահատելի էր հատկապես համավարակի ժամանակ սոցիալական խնամքի հաստատության բնակիչների պարենային անվտանգությանը սատարելու գործում:

«Այս գյուղատնտեսական միջամտությունն իր արդյունքներով ճիշտ ժամանակին հասավ։ Այս ամառ մեր առաջին բերքը կստանանք և կկարողանանք ավելի շատ թարմ մթերքով ապահովել մեր բնակիչներին», - ասում է Ժումադիլ Սալիևը՝ Նիժնի-Սերաֆիմովսկիի սոցիալական խնամքի հաստատության ղեկավարը։ «Չնայած COVID-19-ով պայմանավորված վիճակին, վստահ ենք, որ կկարողանանք ապահովել մեր հաստատության բնակիչների սնուցման որակն ու բազմազանությունը»։

Սոցիալական խնամքի հաստատության բնակիչների սնուցումն ապահովելուց բացի, գյուղատնտեսական միջամտությունը համավարակի պատճառով մտցված սահմանափակումների ընթացքում ժամանցի անսպասելի հնարավորություններ ընձեռեց։  

«Ես 70 տարեկան եմ և հաշմանդամություն ունեմ։ Այնպես ստացվեց, որ կյանքիս մայրամուտն անց եմ կացնում սոցիալական խնամքի հաստատությունում։ Բայց այնքան ուրախ եմ, որ այստեղ ծաղկող մրգատու այգի և ձկնաբուծարան ունենք», - ասում է Նիժնի-Սերաֆիմովսկիի սոցիալական խնամքի հաստատության բնակիչներից մեկը՝ Տաշբուբու Օսմանովան։ «Արգելափակումների ընթացքում, երբ շուրջն ամեն ինչ փակ է, մենք կարող ենք լճակի մոտ մեր հանգիստն անցկացնել՝ դիտելով ձկներին կամ վայելելով այգու ծառերի ստվերը»։

Համաշխարհային համավարակը մեծ ազդեցություն է ունեցել գյուղատնտեսությունից կախման մեջ գտնվող բազմաթիվ աղքատ և խոցելի ընտանիքների վրա։ Սնուցման և պարենային անվտանգության վերականգնումն ու աջակցությունն ինտեգրված մոտեցում է պահանջվում՝ եկամուտները պաշտպանելու, դիմագրավման բացասական փորձերը կանխելու և արտադրությանն օժանդակելու համար: Հայաստանի և Ղրղզստանի փորձն ակնառու կերպով ցույց է տալիս, թե ինչպես կարող են սոցիալական պաշտպանության և գյուղատնտեսական համակարգված միջոցառումները գործնականում աջակցել առավել խոցելի խմբերին՝ COVID-19 համավարակի հետևանքով ստեղծված ճգնաժամի պայմաններում: 

Կարդալ ավելին՝