EN | AM

ՊՀԾ-ն, «Հուսո տուն բարեգործական կենտրոնի» հետ համատեղ, պարենային աջակցություն կցուցաբերի ՀՀ մարզերում բնակվող խոցելի բնակչությանը

ՊՀԾ-ն շարունակում է արդյունավետ համագործակցությունների շնորհիվ արագ և ճկուն արձագանքել ՔՈՎԻԴ-19 համավարակի մարտահրավերներին և ջանքեր գործադրել՝ դրանց ստեղծած սոցիալ-տնտեսական ազդեցությունները մեղմացնելու ուղղությամբ` հատկապես խոցելի մարդկանց և համայնքների վրա։ Ելնելով կորոնավիրուսի թելադրած անկանխատեսելի պայմաններից՝ ՊՀԾ-ն՝ «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ, ճկուն նախաձեռնեց անհրաժեշտ պարենային օգնություն ցուցաբերել տարբեր համայնքների` մեծամասամբ սահմանամերձ համայնքների խոցելի ընտանիքներին։

Այժմ, երբ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում Հիմնադրամի շահառու երեխաները «փակվել են իրենց տներում», նրանց ընտանիքներին սնունդով ապահովելը դարձել է առաջնային խնդիրներից մեկը: ՊՀԾ-ն պատրաստակամորեն արձագանքեց հիմնադրամի նախաձեռնու­թյանը՝ օժանդակելու խոցելի ընտանիքներին և անհրաժեշտ աջակցություն ցուցաբերեց՝ տրամադրելով 867լ ձեթ՝ այսպիսով համալրելով շահառուներին բաշխվելիք սննդի փաթեթները (յուրաքանչյուրի համար 3լ ձեթ): Հիմնադրամի նպատակն է օժանդակել ՀՀ քաղաքացիների սոցիալական և կրթական վիճակի բարելավմանը, նրանց մասնագիտական կարողությունների զարգացմանը, արտակարգ իրավիճակներում գործելու հմտությունների և երկրում դիմացկունության զարգացմանը:

Հիմնադրամն ու ՄԱԿ-ի ՊՀԾ-ն համատեղ սննդի փաթեթներ են հանձնելու ՀՀ Տավուշի մարզի Բերդ, Իջևան, Կոթի, Ոսկեվան, Բերքաբեր, Ներքին Կարմիրաղբյուր, Արծվաբերդ, Նավուր և Պառավաքար համայնքների, ինչպես նաև՝ Շիրակի մարզի Գյումրի, Արագածոտնի մարզի Թալին և Արմավիրի մարզի Արմավիր քաղաքների ընդհանուր առմամբ 289 ընտանիքներին։ Նմանատիպ օգնությունները, որոնք իրականացվում են ՊՀԾ-ի և բարեգործական հիմնադրամների հետ համատեղ, միտված են հնարավորինս մեղմելու ներկայիս ճգնաժամային իրավիճակը և նպաստելու առավել խոցելի ընտանիքների բարեկեցությանը։

Ճգնաժամի ողջ ընթացքում Հայաստանում և ամբողջ աշխարհում ՊՀԾ-ն, լրացուցիչ ռեսուրսների մոբիլիզացմամբ, շարունակում է աջակցել անհատների պարենային անվտանգությանը` ապավինելով փոխադրումների և մատակարարման ցանցում իր փորձառության վրա, ինչպես նաև՝ նոր գործընկերների հայտնաբերմամբ և խրախուսելով նրանց «միասնական դառնալ»՝ միահամուռ ուժերով պայքարելու համավարակի դեմ: