EN | AM

ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության


ՄԱԱԶԿ
Անահիտ Սիմոնյան, ծրագրերի ղեկավար

ՄԱԿ-ի Արդյունաբերական
զարգացման կազմակերպության
հայաստանյան գրասենյակ
ՄԱԿ-ի գրասենյակ
Պետրոս Ադամյան փ. 14,
Երևան 0010, Հայաստան
Հեռ.` (374 10) 54 46 67
Էլ. փոստ` a.simonyan@unido.org
URL:  http://www.unido.org
  http://www.un.am

  

Մանդատը

ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (ՄԱԱԶԿ) ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն է, որի մանդատը ներառում է կայուն և համապարփակ արդյունաբերական զարգացման խթանումը զարգացող երկրներում ու անցումային տնտեսություններում: 1966 թ. հիմնադրված և 1985 թ. որպես ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն ճանաչված ՄԱԱԶԿ-ն իր ջանքերն ուղղում է արդյունաբերական զարգացման խթանմանը՝ հանուն աղքատության կրճատման, ներառական գլոբալացման և շրջակա միջավայրի կայուն զարգացման: ՄԱԱԶԿ-ի կենտրոնական գրասենյակը տեղակայված է Վիեննայում:

Կազմակերպությունը ճանաչված է որպես մասնագիտացված և արդյունավետ կառույց, որը տրամադրում է որոշիչ ծառայություններ՝ ուղղված այնպիսի փոխկապակցած խնդիրների հաղթահարմանը նպաստելուն, ինչպիսիք են արտադրական գործունեության միջոցով աղքատության կրճատումը, առևտրի ոլորտում ազգային կարողությունների հզորացման միջոցով զարգացող երկրներին համաշխարհային շուկա ինտեգրումը, արդյունաբերության ոլորտում շրջակա միջավայրի կայունության խթանումը և մաքուր էներգիայի աղբյուրների հասանելիության բարելավումը:


ՄԱԱԶԿ-ի hայաստանյան գրասենյակը

ՄԱԱԶԿ-ի հայաստանյան գրասենյակը հիմնադրվել է 2005 թ., սակայն իր համագործակցությունը ՀՀ Կառավարության, մասնավորապես` ՀՀ էկոնոմիկայի և բնապահպանության նախարարությունների հետ սկսել է գրասենյակի հիմնումից շատ ավելի վաղ` տրամադրելով տեխնիկական աջակցություն տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ներդրումների խթանման, ՓՄՁ զարգացման, վտանգավոր թափոնների կայուն կառավարման և առավել մաքուր արտադրությունների խթանման: 2008 թ. կատարվել է երկրի արդյունաբերական զարգացման կարիքների գնահատում ու վերլուծություն՝ նպատակ ունենալով պարզել ՄԱԱԶԿ-ի տեխնիկական աջակցության կարիքն ունեցող առաջնահերթ ոլորտները:
 

ՄԱԱԶԿ-ի ընթացիկ գործունեությունը Հայաստանում

Ներկայումս ՄԱԱԶԿ-ն տեխնիկական օժանդակության ծրագրեր է իրականացնում հետևյալ ոլորտներում.

  • ՓՄՁ-ների, մասնավորապես՝ սկսնակ բիզնեսների զարգացում.
  • բարենպաստ ներդրումային միջավայրի ստեղծում.
  • որակի ենթակառուցվածքների բարելավում.
  • արտահանմանն ուղղված արդյունաբերական ոլորտների զարգացում, մասնավորապես՝ տեքստիլի և հագուստի արտադրության  արդիականացում.
  • մարզերում գյուղմթերքի վերամշակման արտադրական հզորությունների ստեղծում և գործարար խմբերի զարգացում.
  • մաքուր տեխնոլոգիաների և նորարարությունների վրա հիմնված սկսնակ բիզնեսներին աջակցություն.
  • արդյունաբերական գործընթացներում վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության խթանում.
  • ռեսուրսների արդյունավետ օգտագործում և առավել մաքուր արտադրությունների խթանում.
  • վտանգավոր թափոնների կայուն կառավարում.
  • օզոնային շերտի պահպանում:

ՄԱԱԶԿ-ն հատուկ ուշադրություն է դարձնում վերոնշյալ ոլորտներում պետական և մասնավոր հատվածի համագործակցության զարգացմանը:


Ներդրումների և արտահանման խթանում

Հայաստանում արտահանմանն ուղղված արդյունաբերական ճյուղերի մրցունակության բարձրացման և դրանց արդիականացման նպատակով ՄԱԱԶԿ-ն տեխնիկական օգնություն է ցուցաբերում թեթև արդյունաբերության հատվածի տեքստիլի և հագուստի արտադրության ճյուղերի զարգացմանը՝ նպատակ ունենալով ամրապնդել հայաստանյան ընկերությունների արտադրական և արտահանման ներուժը և բարձրացնել դրանց արտադրանքի մրցունակությունը միջազգային շուկայում:


ՓՄՁ զարգացում և աշխատատեղերի ստեղծում

ՄԱԱԶԿ-ն Ավստրիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ ու Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) հետ համատեղ Շիրակի, Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում իրականացնում է երիտասարդների կողմից ղեկավարվող սկսնակ բիզնեսների օժանդակության ծրագիր` ապահովելով ձեռնարկատիրական ուսուցում և տեղական բանկերի միջոցով ֆինանսական օժանդակություն ցուցաբերելով երիտասարդ ձեռնարկատերերին՝ սկսելու սեփական գործ:

ՄԱԱԶԿ-ն սկսնակ ձեռներեցների օժանդակությանն ուղղված մեկ այլ ծրագիր է իրականացնում Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի համայնքների խոցելի խմբերի համար՝ ճապոնական կառավարության ֆինանսական օժանդակությամբ և ՄԱԿ¬ի մարդկային անվտանգության հիմնադրամի միջոցով:


Աջակցություն գյուղմթերք վերամշակող արտադրական խմբերին

Եվրոպական միության (ԵՄ) և Ավստրիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ գյուղմթերք վերամշակողների համար իրականացվելու է տեխնիկական օգնության ծրագիր, որի նպատակն է հեռավոր և մեկուսացած շրջաններում ստեղծել և զարգացնել գյուղմթերքի վերամշակման և արտադրության կարողություններ` օժանդակելով արտադրական կոոպերատիվների ստեղծմանը և խթանելով արտադրանքի արտահանումը:


Վերականգնվող Էներգետիկա

Այլընտրանքային և վերականգնվող էներգետիկայի զարգացումը գտնվում է ՄԱԱԶԿ-ի և ՀՀ Կառավարության համագործակցության օրակարգի առաջին պլանում: ՄԱԱԶԿ-ն աջակցում է գյուղական համայնքներում այլընտրանքային էներգիայի եղանակների զարգացմանը, մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Գեղամասար և Փամբակ համայնքներում կենսագազի օգտագործման տարածմանը` կենսագազի ստացման սարքավորումների տեղադրման և դրանց շահագործման համար անհրաժեշտ աջակցության տրամադրման միջոցով:


Մաքուր տեխնոլոգիաներ և նորարարություններ

Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) ֆինանսավորմամբ ՄԱԱԶԿ-ն Հայաստանում նախաձեռնել է Մաքուր տեխնոլոգիաների գլոբալ ինովացիոն ծրագիրը ՓՄՁ-ների համար, որի նպատակն է զարգացնել Հայաստանում մաքուր տեխնոլոգիաների ձեռնարկատիրության էկոհամակարգը՝ աջակցելու մաքուր տեխնոլոգիաների ինովացիոն բիզնես գաղափարների առաջմղմանը և նպաստելու դրանք կայուն ու հաջողակ բիզնեսներ դարձնելու գործընթացին: Ծրագիրը կնպաստի ՓՄՁ-ների մրցունակության բարձրացմանը և մաքուր տեխնոլոգիաների ոլորտում նորարարությունների խթանմանն ուղղված համակարգող մեխանիզմների մշակմանը: Բացի այդ, Հայաստանում մաքուր տեխնոլոգիաների ոլորտում նորարարությունների կիրառման և դրանց զարգացմանն ուղղված ծրագրերի ու նախաձեռնությունների ընդլայման նպատակով այն կձգտի զարգացնել իրականացվող քաղաքականություններն ու ամրապնդել ինստիտուցիոնալ դաշտը:  


Առավել մաքուր արտադրություն և ռեսուրսների արդյունավետ օգտագործում

ՄԱԱԶԿ-ն տեխնիկական օժանդակություն է ցուցաբերել երկրում առավել մաքուր արտադրությունների մեթոդների ներդրմանը հանքարդյունաբերության, քիմիական և սննդի արդյունաբերության ոլորտներում: Ներկայումս Արևելյան գործընկերության երկրների համար ԵՄ օժանդակությամբ ընթացող EAP GREEN նախաձեռնության շրջանակներում ՄԱԱԶԿ-ի կողմից իրականացվող «Առավել մաքուր արտադրություն և ռեսուրսների արդյունավետ օգտագործում» ծրագրով Հայաստանի համար առաջնային ոլորտներ են ընտրվել գյուղատնտեսական մթերքների վերամշակումը, քիմիական և շինարարական նյութերի արտադրությունները: Վերոնշյալ մեթոդաբանության ներդրումը հայաստանյան ձեռնարկությունների զարգացման և միջազգային շուկայում դրանց մրցունակության բարձրացման կարևորագույն նախապայմաններից մեկն է:


Աջակցություն §Կայուն օրգանական աղտոտիչների (ԿՕԱ) մասին¦ Ստոկհոլմյան կոնվենցիայի կիրառմանը

ՄԱԱԶԿ-ն՝ որպես ԿՕԱ-ի մասին Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացման համար ԳԷՀ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերն իրականացնող գործակալություն, շարունակում է իր տեխնիկական գիտելիքներն  ու օժանդակությունը տրամադրել ՀՀ Կառավարությանը՝ կոնվենցիայի քարտուղարությանը ներկայացվող Ազգային զեկույցների և դրանց լրամշակումների պատրաստման, վտանգավոր թափոնների կայուն կառավարման ոլորտում, մասնավորապես՝ աղբավայրերում բաց այրման հետևանքով ակամա առաջացող ԿՕԱ-ների կրճատման  նպատակով  լավագույն հասանելի տեխնոլոգիաների  և բնապահպանական  լավագույն փորձի (BAT/BET) ներդրման հարցում:


Աջակցություն  «Սնդիկի մասին» Մինամատայի կոնվենցիայի կիրառմանը

ՄԱԱԶԿ-ն նախաձեռնել է Մինամատայի կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետությունում նախնական գնահատման գործընթացը, որի նպատակն է հզորացնել ազգային կարողությունները Մինամատայի կոնվենցիայի վավերացման և դրա շրջանակներում ստանձնած պարտականությունների իրականացման, ինչպես նաև հետագա միջամտությունների համար ռազմավարական որոշումների ընդունման և առաջնային ոլորտների ընտրության հարցում:


Աջակցություն «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության կիրառմանը

Մոնրեալի արձանագրության ֆինանսական մեխանիզմ հանդիսացող Բազմակողմանի հիմնադրամի գործադիր կոմիտեն 2009 թ. հրավիրված  57-րդ նստաշրջանում հաստատեց Հայաստանի ինստիտուցիոնալ հզորացման ծրագիրը: Այն օժանդակում է Օզոնի ազգային կենտրոնի զարգացմանը և արդյունավետ գործունեությանը, այդ թվում` օզոնային շերտը պահպանող այլընտրանքային տեխնոլոգիաների ներդրման, օզոնային շերտը քայքայող նյութերի, դրանց ներմուծման, արտահանման և արտադրության մասին տվյալների հավաքման և մոնիթորինգի հուսալի համակարգի ստեղծման, ոլորտի հարցերի վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցով:


Հարակից լուրեր

Կարդացեք ավելին Մեդիա կենտրոնում

Հարակից հրատարակություններ

Կարդացեք ավելին Վիրտուալ գրադարանում